ՀՀ ԶՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ՝ ՀՔԱՎ-Ի ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆԵՐՔՈ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հինգ տարի է ուսումնասիրում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված ՀՀ պաշտպանական գերատեսչության գործողությունների կատարման վիճակը։
2021 թվականից մինչ օրս ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների արդյունքների վերաբերյալ Կազմակերպության կողմից հրապարակվել է 5 տեղեկանք։
Թե՛ նախորդ, թե՛ ներկայացվող տեղեկանքներում Կազմակերպության կողմից ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ զինված ուժերում բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական աղբյուրներով և զանգվածային լրատվամիջոցներով տարածված և հանրությանը հասանելի դարձած տեղեկությունների վերլուծությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրած տեղեկությունների հիման վրա։
Կարդացեք նաև
Սույն տեղեկանքում դիտարկվում են 2024 թվականի հուլիսից 2025 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ իրականացված գործողությունները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված ուսումնասիրությունը բացահայտել է մի շարք խնդիրներ, ինչին արձագանքելով՝ մշակվել և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։
Խնդիրներ
- Չնայած պայմանագրային զինծառայողների թվի աճին՝ հստակ չէ, թե արդյոք պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացն իրականացվում է համաչափ և ուղեկցվում զինծառայողների մասնագիտական վերապատրաստումներով։
- Հայաստանում դեռևս չկա գործող ազգային անվտանգության ռազմավարություն և նոր ռազմական դոկտրին, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ գործնական արդյունքներ չկան։
- Շարունակվող կադրային փոփոխությունների հիմքերը և չափանիշները անորոշ են։ Կադրային փոփոխությունների մեծ ծավալը վկայում է ոչ ինստիտուցիոնալ և անկայուն կադրային քաղաքականության մասին։
- Չնայած պաշտպանական ոլորտի գնումների դիվերսիֆիկացիային՝ ռազմաարդյունաբերական քաղաքականության համակարգային մոտեցումները հստակ չեն։
- Զորահավաքային համակարգում պահպանվում են համակարգային բացեր՝ կապված պահեստազորայինների ներգրավման, ենթակառուցվածքների ապահովվածության և կազմակերպման հարցերի հետ։
- Ռազմական կրթության և գիտության զարգացման հայեցակարգերի մշակումները դեռևս ձևավորված չեն։
- Զինծառայողների հոգեբանական աջակցությունը համակարգային չէ։
- Զորամասերում առկա են հաղորդակցման ու արժեհամակարգային խնդիրներ։
- Քաղաքացիական վերահսկողությունն ու հաշվետվողականությունը սահմանափակ են, տեղեկատվության մատչելիությունը՝ ցածր։
- Ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանությունը թերի է՝ տեխնիկական և ինժեներական միջոցների ոչլիարժեքության պատճառով։
Առաջարկություններ
- Մշակել պրոֆեսիոնալ բանակի անցման հստակ ճանապարհային քարտեզ։
- Ներդնել շարունակական վերապատրաստման մեխանիզմներ և ուժեղացնել զինվորական կրթության համակարգը։
- Արագացնել ազգային անվտանգության և ռազմական դոկտրինների մշակումը և ընդունումը. հրապարակայնորեն ներկայացնել դոկտրինի և կառավարման համակարգի բարեփոխումների ժամանակացույցը ու ակնկալվող արդյունքները՝ ապահովելով հաշվետվողականություն և քաղաքացիական վերահսկողություն։
- Սահմանել պաշտոնների համար հստակ որակական չափանիշներ և թափանցիկ նշանակման ընթացակարգեր։
- Ստեղծել անկախ կադրային գնահատման համակարգ՝ նվազեցնելու կոռուպցիոն և հովանավորչական ռիսկերը։
- Մշակել ռազմաարդյունաբերության զարգացման ազգային ռազմավարություն։
- Նոր սպառազինությունների ներդրումը զուգորդել անձնակազմի պատշաճ վերապատրաստմամբ և սպառազինության սպասարկման հմտությունների ուսուցմամբ։
- Զարգացնել բազմավեկտոր համագործակցությունները՝ նվազեցնելով մեկ երկրից կախվածությունը։
- Ներդնել զինվորական վարժանքների ծրագրեր՝ ուղղակիորեն միտված պահեստազորի մարտունակության բարձրացմանը։
- Ռազմական կրթությունը ավելի սերտ կապել քաղաքացիական կրթության հետ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների ուսուցմանը։
- Ռազմական կրթության համակարգում մարդու իրավունքների ուղղությամբ կրթական ծրագրերի մշակմանը պարտադիր ներգրավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
- Ստեղծել պաշտպանական կիբերանվտանգության միասնական կենտրոն։
- Ներդնել հոգեբանական աջակցության համապարփակ ծրագրեր։ Երաշխավորել հոգեբանական ծառայությունների պարտադիր առկայությունը բոլոր զորամասերում։
- Ներգրավել առողջապահական և կրթական ծրագրեր զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգում։
- Ամրապնդել զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ ներգրավելով քաղհասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակելու է հետևել ԶՈՒ բարեփոխումների իրականացման ընթացքին և հետևողական քայլեր ձեռնարկել ներկայացված առաջարկությունների ընդունման և իրականացման համար։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


















































