Սույն հոդվածով ես ներազգային բաց խոսակցության եւ գործունեության կոչ եմ անում մասնագետներին, քաղաքագետներին, ինքնասիրության նշույլներ պահպանած իշխանավորներին ու բոլորին, որոնք ասելիք ունեն եւ ազգապահպանության պատասխանատվություն են կրում իրենց մեջ։
Արդյոք հասկացե՞լ ենք Գենոցիդն ինքներս, գիտակցել, թե ինչու, ինչպես, ինչու հենց մենք: Դատողություններ անելուց առաջ նախապես պետք է պատասխան տրվի հիմնարար հարցին՝ թե ինչու հենց մենք: Տարածված կարծիքը, թե ռուսամետ ու քրիստոնյա հայությանը վերացնելով, Թուրքիան ռազմաստրատեգիական նկատառումներով իր թիկունքն էր ապահովում՝ գուցե ճշմարտացի է: Բայց այն ամբողջությամբ չի պատասխանում «ինչու հենց մենք» հարցին: Օսմանյան կայսրության ներսում բազմաթիվ այլ փոքր ազգեր էլ կային, բայց աննախադեպ գենոցիդի ենթարկվեցինք հենց մենք՝ հայերս: Հետեւաբար, մենք ինչ-որ թուլություններ ունեինք, որոնք տեսանելի էին թուրքերին եւ քաջալերեցին նրանց՝ մեր հանդեպ բնաջնջման քաղաքականության գնալու: Իմ կարծիքով, մեր հիմնարար թուլությունը պետության մասին գիտելիքի իսպառ բացակայութունն էր մեզանում, եւ դրա հետ կապված, նաեւ ազգամիջյան եւ ներհանրային համակեցության մասին մեր թյուր ու խոցելի պատկերացումները: Ըստ բազմաթիվ վկայությունների, Արեւմտահայաստանում հայերը ենթակա վիճակում են եղել եւ թուրքերի, եւ քրդերի համեմատ: Որոշ դեպքերում ենթակայությունը ծայրահեղ ստորացուցիչ է եղել, որի մասին մենք խուսափում ենք բարձրաձայնել: Այդ մասին բազմաթիվ անհերքելի վկայություններ կան, որոնք առկա են նույնիսկ հայ դասականների, օրինակ՝ Շիրվանզադեի մոտ: Չխորանալով այդ մանրամասների մեջ, կարելի է պնդել, որ թուրքերը նախապես համոզված են եղել, որ գենոցիդը մեծ դիմադրության չի հանդիպելու, որ այն իրագործելի է, եւ նվազագույն միջոցներով ու ջանքերով իրագործել են այն: Գենոցիդի օրինակը հետագայում գայթակղիչ է եղել նաեւ ադրբեջանական թուրքերի համար, որոնք հենց նույն ձեռագրով իրացրել են հայերի «մինի» գենոցիդ 1918-20-ին՝ արդեն ողջ Ադրբեջանի տարածքում: Գենոցիդի նույն ձեռագիրը հասել է մինչեւ մեր օրերը՝ 1988-1991 թվերի սումգայիթյան ու բաքվի ջարդերի ձեւով, 340 հազար ադրբեջանահայության տեղահանման ու ռամիլ սաֆարովի կացնի տեսքով, Հրանտ Դինքի սպանության փաստով: Այսինքն, գենոցիդը զետեղված է թուրք-հայ հարաբերությունների ներկա առանցքում էլ: Թուրքը համոզված է, որ կարող է ու պարտավոր է կացնահարել հային, իսկ հային էլ թվում է, որ ինքը հենց կացնահարվողն է: Փաստացի, գենոցիդը երբեք էլ չի ավարտվել: Այն այսօր էլ կա ու ընթանում է: Մեծ առումով, գենոցիդի դրվագ էր նաեւ ֆուտբոլային դիվանագիտությունը՝ սկսած թշեր քաշքշելուց, վերջացրած թուրք նախագահի ներկայությամբ թուրքերից «կերած» գոլերի վրա հրճվող հայ նախագահով: Այսինքն, «ինչու հենց մենք» հարցը արդեն նոր ձեւակերպման ու պատասխանի է սպասում՝ իսկ հիմա ինչու էլի հենց մենք: Միգուցե կարելի էր այս ամենը որպես սադոմազոխիստական դժբախտ զուգադիպության ու հայության ճակատագրի հարցի հանգեցնել: Վերջին հազարամյակի ընթացքում մենք ոչ սուբյեկտիվ, ռեակտիվ՝ այսինքն արդեն կատարվածին արձագանքող վարքի մեջ ենք եղել: Այն հանգեցրել է պասիվ, ենթարկվող, կամազուրկ հանրային արժեքայինի ձեւավորմանը, որն էլ իր հերթին կերտել է ենթակա, վախկոտ, զիջող անհատների: Հիմա մենք գտնվում ենք ինքնակործան մի շրջանի մեջ, որի ամեն մի պտույտով ավելի ու ավելի ենք մոտենում վախճանի: Առաջին հերթին մենք ինքներս, մեզ համար պետք է պարզենք գենոցիդը եւ դիրքավորվենք ըստ եզրակացությունների՝ թե ներսում, որպես հանրություն, եւ թե դեպի արտաքին աշխարհը՝ որպես ազգ ու պետություն: Գենոցիդի հետ կապված ես հետեւյալ հարցերն եմ տեսնում, որոնք մենք, հայերս պետք է հասկանանք, մշակենք ու ձեւակերպենք մեր օգտին:
- Ներկա Հայաստանը որպես Գենոցիդի արդյուն։ Այս հարցով հիմնական ասելիքն իհարկե պատմաբաններինն է: Բայց ես էլ իմ տեսակետն ունեմ: Մշեցի եւ սասունցի ավագներից լսած իմ տեղեկություններն ինձ այն համոզման են բերել, որ 1915-1918 թվականներին, գենոցիդից մազապուրծ հայ փախստականների հոսքը դեպի ներկա Հայաստանի տարածքը թվական առավելություն է ստեղծել հայերի եւ տեղի թուրքերի միջեւ: Այդ գործին ազգային մեծագույն ներդրում է ունեցել Անդրանիկը, որն իր փոքրաքանակ զորքով պաշտպանության տակ է վերցրել փախստականների ահռելի թափորները: Իր զորքի եւ փախստական կամավորների օգնությամբ կռիվներ է տվել Հայաստանի տարածքում վայրագություններ անող տեղական թուրքերի դեմ եւ ազատագրել տարածքներ՝ հայերի բնակեցման համար: Առաջին Հանրապետության կազմավորումը չի եղել ներքին, կամային, քաղաքական պրոցես: Պետականությունը շնորհվել է դրսից՝ ի հետեւանք Գենոցիդի եւ ի հետեւանք Անդրանիկի հերոսամարտերի, որոնց արդյունքում գերակշիռ հայ էթնոս էր կուտակվել Հայաստանի տարածքում: Մենք հաճախ նշում ենք Նժդեհի դերը Սյունիքի ազատագրման հարցում, բայց մոռանում ենք նշել Անդրանիկի շատ ավելի մեծ դերը՝ Հայաստանի մեծ մասը տեղաբնակ ագրեսիվ թուրքերից ազատագրելու հարցում: Անփառունակ է, որ ներկա Հայաստանի կազմավորումն արդյունք էր արտաքին պրոցեսի՝ սովետի տրոհման, երկրորդ հանրապետությունը՝ ԽՍՀՄ կազմավորման, իսկ առաջին հանրապետության ստեղծումն էլ արդյունք էր ոչ թե քաղաքական կամքի ու հասուն քայլերի, այլ գենոցիդվելու, եւ Անդրանիկի ու Նժդեհի ազգանվեր հերոսության: 2. Գենոցիդի հարցը տեսականորեն ձեւակերպելու անկարողությունը հայկական երեք պետականությունների կողմից։ Այս հարցով վիճակն այնքան անմխիթար է, որ ասելիք էլ չկա: Համեմատենք քանակապես նույն կարգի երկու մեծագույն դժբախտությունները՝ հրեական Հոլոքոստը եւ հայկական Գենոցիդը:
- Գենոցիդի հարցի ստվերումը սովետական շրջանում։ Չնայած պետական մակարդակով Գենոցիդը ստվերելու Սովետների քաղաքականությանը, 1965-ին նշվել է նրա 50-ամյակը, իսկ 1967-ին էլ կառուցվել է Մեծ եղեռնի հուշահամալիրը: Իմ կարծիքով, ամբողջատիրական ռեժիմի պայմաններում հուշահամալիրի կառուցումը հայ քաղաքական կամքի, մտքի եւ ջանքերի եզակի, մնայուն եւ հիմնարար նվաճում պետք է համարվի: 4. Հետսովետական շրջանում Գենոցիդի վարկաբեկումը։ Սա մեծ ներազգային խոսակցության նյութ է: Սուբյեկտայնությունը հարեւաններին զիջած ու իր ժողովրդին արտագաղթի պարտադրող քրեապետությունից ոչ հաշիվ ու ոչ էլ պատիվ կարող ես պահանջել: Իշխանությունները Գենոցիդը սարքել են ծախու ապրանք, որը կարող է զիջվել ֆուտբոլային մի գոլով, սահման-բացել-փակվելով, կամ միջազգային շոուներով: Նրանց ձեռքին Գենոցիդն արդեն միջպետական առեւտրի առարկա էլ չէ, այլ վայրկենական, որեւէ մեկի խելքին փչած, թուրքերին հաճոյանալու էժանագին միջոց: 5. Գենոցիդի փաստերի հանդեպ անլուրջ վերաբերմունքը պետության ու հայության կողմից։ Այս հարցով պետք է խոսեն մասնագետները: Միգուցե փաստերը համակարգված, հավաքագրված են ու ինչ-որ տեղ կուտակված են: Բայց ընդհանուր կոնցեպտուալ մոտեցումներ եւ քաղաքական ձեւակերպումներ հրապարակի վրա չկան: Իրականում շարքային հայն անտեղյակ է խնդրին:
- Գենոցիդի հարցի մոնոպոլիզացիան հայկական լոբբիստական խմբերի կողմից։ Վերջին 30-40 տարիներին արեւմտյան հայկական լոբբիզմը բավական մեծ գործ է արել գենոցիդը մատուցելու հարցում: Հայկական մեծ սփյուռք ունեցող որոշ երկրներում եւ ամերիկյան նահանգներում հաջողվել է պաշտոնապես ճանաչել տալ Գենոցիդը որպես պետական դիրքորոշում: Բայց եւ, լոբբիստների մատուցած հաղթական թղթերն օգտագործվել են արեւմտյան կառավարությունների կողմից՝ Թուրքիային շանտաժելով սեփական հարցերը լուծելու լծակ: Իմ կարծիքով, արդյունավետ լոբբիզմի ուժը նրանում պետք է լիներ, որպեսզի չդառնար խաղալիք մեծ ուժերի ինտրիգների մեջ: Օրինակ, վերջին տարիների ամերիկյան բոլոր ընտրված նախագահները խոստացած են եղել ճանաչել գենոցիդը, բայց եւ պաշտոնավարման ընթացքում դրժել են իրենց խոստումը: Տրամաբանական կլիներ, եթե խաբված լոբբիստները հաշիվ պահանջեին ուխտադրուժ նախագահներից: Բայց ես չեմ հիշում նման որեւէ դեպք: Նրանք աննկուն շարունակում են փողահավաքը հայությունից, հերթական նախագահին «համոզելու» համար: Իսկ իրականում այդ ապաշնորհ լոբբիզմն արդեն հաղթաթուղթ է դարձել հենց թուրքերի ձեռքում, որոնք այս ոչ էֆեկտիվ լոբբիզմը մատնացույց անելով՝ իրենց լուրջն են անում: Գենոցիդի լոբբիզմի մյուս բացասական հետեւանքը դա հայկական քրեածին իշխանությունների լեգիտիմացումն է: Մշտապես համագործակցելով հայկական ոչ լեգիտիմ իշխանությունների հետ, հենց լոբբսիտներն են նրանց ճանապարհ հարթել դեպի միջազգային քաղաքական ասպարեզներ:
- Գենոցիդը որպես ներկա հայ պետականության միակ պաշտպան եւ տարածքում հայության գոյության երաշխավոր։ Ներկա Հայաստանը գեոքաղաքական առումով մի մեծ փուշ է թուրանական կոկորդում: Մինչեւ եվրասիական միությանը միանալը, քանի դեռ կար գոնե նվազագույն սուբյեկտայնությունը, Հայաստանը կայունության որոշակի դիրքեր ու երաշխիքներ ուներ հյուսիս–հարավ, արեւելք- արեւմուտք, Թուրքիա-Թուրան, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-ադրբեջանական Ատրպատական-Թուրքիա, Թուրքիա-քրդական ստեղծվելիք պետություն, ու մի քանի այլ՝ խիստ թեժ առանցքներում: Իսկ ներկայում, ապասուբյեկտացած Հայաստանը կարող է ամեն վայրկյան զիջվել թուրքերին եւ նոր ոչնչացման ենթարկվել, եթե չլինի Գենոցիդի խիստ սաստող միջազգային գործոնը թուրքերի հանդեպ:
- Գենոցիդի միջոցով ձեւակերպելիք պահանջատիրությունը։ Ներկա պահին Գենոցիդի մատուցումը, մեկնաբանումն ու ձեւակերպումը մրցակցության մեծ խնդիր է մի կողմից հայության ու Հայաստանի, եւ մյուս կողմից էլ Թուրքիայի ու թուրանական ազգերի միջեւ: Այո, եւ էրդողանը, եւ Ալիեւը, եւ նույնիսկ Նազարբաեւն են շահագրգիռ, որ գենոցիդը նսեմացվի կամ չեղյալ հայտարարվի: Եվ չեղյալ հայտարարելը մեծապես հենց մեզանից է կախված՝ Գենոցիդին գիտականորեն, ներկա դարին հարիր մոտեցումներով ու մեթոդաբանությամբ տեր կանգնելու մեր ունակությունից, մեր կարողություններից ու մեր կամքից: Գենոցիդը դեռ որ մեր քաղաքական զենքն է ու մեր ձեռքին է: Բայց կախված գալիք տարելիցին նրա մատուցման որակից, Գենոցիդը կարող է դառնալ մեր պատուհասը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայաստանյան իշխանականի ներսում, եւ ըստ նախանշանների, տանում է հենց դրան: Ակնհայտ է, որ իշխանական- պետական մակարդակով Գենոցիդի պատշաճ մատուցման խնդիրն արդեն իսկ տանուլ է տրված: Առաջին նախագահի կոչով՝ ժամանակին Գենոցիդն անտեսած իր կոհորտայից կազմված խմբով ու ներկա նախագահով հարցն առաջ տանելը ճանապարհ է դեպի նույն միջազգային աննախադեպ վարկաբեկումը: Այդ մարդիկ ժամանակին իշխանություն են եղել եւ Գենոցիդի վարկաբեկումը հենց իրենցից է սկսվել։
Ներկա վիճակում միակ ելքը դա կարող, գիտակ մասնագետ անհատների մեջտեղ գալն է, ինքնուրույն կազմակերպվելը, հիմնավորված ու քաղաքականապես հասուն հոդվածներով հանդես գալը, փոքր խմբերով հեռուստատեսային լուրջ քննարկումներ կազմակերպելը, եւ թարգմանված նյութերն ինտերնետ տեղադրելը: Պետք է շեշտվի, որ տարելից ասելով մենք հասկանում ենք ոչ թե ապրիլի 24-ի օրը, այլ այդ օրվանից սկսվող մեկ տարվա ժամանակահատվածը, որի ընթացքում մենք շարունակելու ենք մեր ներքին հարցերի քննարկումը: Այս տարին առաջին հերթին հենց մեզ համար պետք է լինի ազգային վերակերտման տարի: Պետք է սփյուռքի ու ողջ հայության ջանքերով անհապաղ Գենոցիդի ֆոնդ ձեւավորվի, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Գենոցիդի տվյալների բանկի ստեղծումը, անգլերեն ֆիլմերի ու նյութերի անհապաղ ստեղծումը եւ տարածումը: Մենք ինքներս ենք պարտավոր տալու Գենոցիդի կոնցեպտուալ ձեւակերպումը՝ որպես հայկական պետականության ու գոյության հիմքերից մեկի, որպես անժամկետ պահանջատիրության, որպես ներհայկական կոնսոլիդացման մշտական գործոնի: Նույն սկզբունքների վրա հրեությունը հասավ համաշխարհային գերիշխող դիրքերի: Մեզ նման բան իհարկե անհասանելի է: Բայց եւ պարտավոր ենք գոնե հետապնդել Գենոցիդի ենթարկվածների վրեժը: Եվ դիտարկելով Գենոցիդը որպես մեր խարանը, միաժամանակ օգտագործել այն որպես մեր վերակերտման ներկա միջոցն ու գործիքը:
Արա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.11.2025


















































