Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես չպետք է լինի. աշխարհում ավելի քան 400 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ. ՅՈւՆԻՍԵՖ

Նոյեմբեր 20,2025 15:18

Նյու Յորք, նոյեմբերի 20, 2025 թվական. Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր հինգ երեխայից ավելի քան մեկը, այն է՝ 417 միլիոն երեխա, զրկանքներ ունի առնվազն երկու կենսական ոլորտում, ինչը վճռորոշ է նրանց առողջության, զարգացման և բարեկեցության համար: Սրա մասին է ասվում ՅՈւՆԻՍԵՖ-ի ամենամյա հեղինակային զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը:

«Երեխաների վիճակն աշխարհում 2025 թ.՝ մանկական աղքատությունը վերացնելը մեր համընդհանուր պարտավորությունն է» զեկույցը հիմնված է 130-ից ավելի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տվյալների վրա, որ գնահատում է երեխաների բազմաչափ աղքատությունը՝ վեց զրկանքների հիման վրա՝ կրթություն, առողջապահություն, կացարանային պայմաններ, սնունդ, սանիտարահիգիենիկ պայմաններ և ջուր։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ 118 միլիոն երեխա երեք կամ ավելի զրկանք ունի, իսկ 17 միլիոն երեխա՝ չորս կամ ավելի։

«Աղքատության մեջ մեծացող և սնունդ, պատշաճ սանիտարահիգիենիկ կամ կացարանային պայմաններ չունեցող երեխաները կանգնում են առողջության և զարգացման համար կործանարար հետևանքների առջև», – ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Այսպես չպետք է լինի։ Երբ կառավարությունները հանձնառություն են ստանձնում վերացնելու մանկական աղքատությունը և իրականացնում են արդյունավետ քաղաքականություններ, նրանք երեխաների համար կարող են ստեղծել հնարավորություններով լեցուն մի ամբողջ աշխարհ»։

Մեկ կամ մի քանի ծանր զրկանք ունեցող երեխաների մասնաբաժինը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում նվազել է 51 տոկոսից (2013 թ.) մինչև 41 տոկոս (2023 թ.), հիմնականում ազգային քաղաքականություններում ու տնտեսական ծրագրերում երեխայի իրավունքներին առաջնահերթություն տալու շնորհիվ։ Սակայն առաջընթացը սկսել է հապաղել։ Հակամարտությունները, կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը, ժողովրդագրական փոփոխությունները, պետական պարտքի աճը և տեխնոլոգիական անհավասարությունները խորացնում են իրավիճակը։

Բազմաչափ աղքատության ամենաբարձր մակարդակն առկա է Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Ամենատարածված ծանր զրկանքը սանիտարահիգիենիկ պայմաններն են. ցածր եկամուտ ունեցող երկրներում երեխաների 65 տոկոսին հասանելի չէ զուգարանը, ցածր-միջին եկամուտ ունեցող երկրներում՝ 26 տոկոսին, իսկ միջին-բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 11 տոկոսին։

Զեկույցը դիտարկում է նաև դրամական աղքատությունը, որն է՛լ ավելի է սահմանափակում սննդի, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը երեխաների համար։ Վերջին տվյալներով՝ աշխարհում երեխաների ավելի քան 19 տոկոսը ապրում է ծայրահեղ դրամական աղքատության մեջ՝ գոյատևելով օրական 3 ԱՄՆ դոլարից պակաս գումարով։ Այս երեխաների մոտ 90 տոկոսն ապրում է Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում։

Զեկույցում առկա է նաև բարձր եկամուտ ունեցող 37 երկրի վերլուծություն, որը ցույց է տալիս, որ մոտ 50 միլիոն երեխա՝ այդ երկրների երեխաների 23 տոկոսը, ապրում է հարաբերական դրամական աղքատության մեջ։ Դա նշանակում է, որ նրանց ընտանիքների եկամուտը երկրի մեծ մասի ընտանիքների եկամուտից զգալիորեն ցածր է, ինչը կարող է սահմանափակել նրանց լիարժեք առօրյան։

«Երեխաների վիճակն» աշխարհում զեկույցն ընդգծում է, որ մանկական աղքատության վերացումը հնարավոր է, և կարևորում է երեխայի իրավունքերին առանցքային դեր տալու անհրաժեշտությունը, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում, բոլոր այն ռազմավարությունների, քաղաքականությունների և գործողությունների մեջ, որոնք ուղղված են աղքատության նվազեցմանը։

Դրանք ներառում են՝

  • Երեխաների աղքատության վերացումը դարձնել ազգային առաջնահերթություն։
  • Տնտեսական քաղաքականություններում և բյուջեներում ներառել երեխաների կարիքները։
  • Տրամադրել սոցիալական պաշտպանության ծրագրեր, այդ թվում՝ ընտանիքներին դրամական աջակցություն։
  • Ընդլայնել անհատական և հանրային հիմնաքարային ծառայությունների՝ կրթության, առողջապահության, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, սնուցման և կացարանների ապահովման հասանելիությունը։
  • Խթանել արժանապատիվ աշխատանք ծնողների և խնամակալների համար՝ ամրապնդելով նրանց տնտեսական կայունությունը, որը սերտորեն կապված է երեխաների զարգացման հետ։

Զեկույցը հրապարակվում է մի ժամանակահատվածում, երբ բազմաթիվ կառավարություններ աշխարհում կրճատում են հասարակական սեկտորի արտաքին աջակցությունը։ Համաձայն «The Lancet»-ի տվյալների, զարգացման ծրագրերին ուղղված աջակցության կրճատումները կարող են հանգեցնել 5 տարեկանից ցածր 4.5 միլիոն երեխայի մահվան մինչև 2030 թվականը: Միևնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին գնահատականները ցույց են տալիս, որ այդ կրճատումները կարող են հանգեցնել նրան, որ արդեն հաջորդ տարի լրացուցիչ վեց միլիոն երեխա կզրկվի դպրոց հաճախելու հնարավորությունից։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930