Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող նաև իրավապահները հասկանան՝ Վեհափառի, առանձին վերցված հոգևորականի, Սամվել Կարապետյանի հարց չէ»․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին հաղորդման առիթով

Նոյեմբեր 20,2025 13:26

«Առաջարկում եմ՝ հաղորդումը գլխավոր դատախազությանն ուղղված, դարձնել կոնսոլիդացված մի պահանջ, ստորագրենք բոլորս, և թող նաև իրավապահները հասկանան՝ Վեհափառի, առանձին վերցված հոգևորականի, Սամվել Կարապետյանի հարց չէ, այլ հուզում է մեր ողջ հանրությանը»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի բացման խոսքում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նշենք, որ ներկայացված հաղորդման մեջ ամրագրված է․ «Ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ, նրանց մերձավորները, ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ։ Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար։ Նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հսկայական ազդեցությունը գործադիր իշխանության եւ արդարադատության համակարգի վրա, ինչպես նաեւ օրենքը անձնական կամայականությամբ փոխարինելու նրա անթաքույց եւ ապացուցված պատրաստակամությունը, նրա գործողությունները անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունեության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների համար։

Պահանջում ենք Գլխավոր դատախազից Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված գործողություններ կատարել, քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին»։

Այս պահին տասնյակ հասարակական, քաղաքական գործիչներ քննարկում են հաղորդումն ու երկրում գոյություն ունեցող հիմնախնդիրները։ Հաղորդումը քննարկման ավարտին կստորագրվի ու կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։

Իր ելույթում Լևոն Զուրաբյան վստահեցրեց՝ իրենց նախաձեռնության նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների՝ սահմանադրական և քաղաքական, ժողովրդավարական ազատությունների պաշտպանությունը, երկրում օրինականության պաշտպանությունը․ «Սա հանրության խնդիրն է։ Սա չենք նախաձեռնել Վեհափառին, հոգևորականներին պաշտպանության նպատակով։ Այսօր թիրախում եկեղեցին է, Սամվել Կարապետյանը, բայց իրականում թիրախում հայտնվելու ենք բոլորս»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930