Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ակցիզային մակնշման 6530 տուփ ծխախոտը թաքցրել էին ցեմենտի բունկերների տակ. ՀՀ ներմուծման փորձը կանխվել է

Նոյեմբեր 20,2025 13:43

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, առկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք: Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ` զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ:

Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: ԻԻՀ երեք քաղաքացու նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են մաքսային արձանագրություններ: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Ագարակ» մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31 830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930