Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024 թ. նոյեմբերի 19-ին, պաշտոնից ազատվեց ՀՀ պետական եկամուտների նախարար Ռուստամ Բադասյանը։ AntiCor–ի աղբյուրները դեռ այն ժամանակ արձանագրել էին՝ պաշտոնազրկման իրական պատճառը պետական բյուջեի հարկային և այլ պարտադիր վճարների մասշտաբային թերհավաքագրումն էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հրապարակայնորեն հաստատեց այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ խնդիրը որ թե «անձնական է», այլ՝ «համակարգային»։ Իրականում, 2024 թ. միայն հարկային թերհավաքագրումը կազմել էր 224 միլիարդ դրամ, որը ուղիղ արձանագրում էր ՊԵԿ համակարգի փլուզումը։
Համակարգային ճգնաժամի «լուծումը»՝ անիրատեսական պայման, սպառնալիք և քաղաքական հաշվարկ
AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը Բադասյանի առաջ դրել էր անհնարին պայման․ ոչ միայն 2025-ի համար նախատեսված հարկային մուտքերը ապահովել, այլ նաև փակել 2024-ի 224 միլիարդ դրամ պակասորդը։
Չկատարելու դեպքում՝ սպառնացել էր քրեական պատասխանատվությամբ։
Բադասյանը, հասկանալով պայմանների ոչ իրատեսական լինելու հանգամանքը, մերժեց և հեռացավ։
Կարդացեք նաև
Իշխանությունը կանգնեց նոր խնդրի առաջ՝ գտնել մեկին, որը պատրաստ կլինի ստորագրել այս անհնարին «պլանի» տակ և դրանով էլ դառնալ հարկային ճնշման գործիքը։
Էդուարդ Հակոբյան․ համարձակված պաշտոնյան, որը ներդրեց կեղեքման համակարգ
Այդ մարդը 33–ամյա Էդուարդ Հակոբյանն էր, այդ պահին՝ ֆինանսների փոխնախարար։
Նա Փաշինյանին խոստացել էր՝ 2025 թ. կհավաքագրի 330 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված է 2024 թ. բյուջեում։
Այսինքն՝ գրեթե անհնարին ցուցանիշ՝ մի երկրում, որտեղ հենց նոր էր արձանագրվել 9% հարկային թերհավաքագրում։
Այնուհետև Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ և սկսեց իր խոստման կատարումը։
Բայց այդ խոստումը կարող էր իրականացվել միայն մեկ մեթոդով՝
գործարարների համակարգային կեղեքում, հարկային տեռոր, խուզարկություններ և ահաբեկման քաղաքականություն։
AntiCor-ին դիմող բազմաթիվ գործարարներ, որոնք մինչ այս իրենց գոհունակությունն էին հայտնում բիզնեսի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը՝ սկսում են գաղտնիության պայմաններով առաջին անգամ պատմել իրենց պատմությունները, որոնք գրեթե համընկնում են․
Գործարարներից մեկն AntiCor-ին պատմում է, որ ինքը բիզնեսով է զբաղվում ներկրման ոլորտում։ ՊԵԿ ներկայացուցիչները ստուգումների ընթացքում բանավոր պահանջել են վճարել 259 միլիոն դրամ «ավել» հարկ, նախազգուշացնելով՝ եթե չվճարի, ստուգումն ավարտելուց հետո կհայտնվի դրա կրկնակի պահանջը։
Գործարարը մերժել է։
Արդյունքում՝
- «հայտնաբերվել» է մոտ 400 միլիոնի հարկերի խուսափում,
- 2 օր անց Քննչականը և ՊԵԿ–ի օպերատիվ ծառայողները խուզարկություններ կատարելու համար ներխուժել են գրասենյակներ և տնօրենի ու սեփականատիրոջ բնակարաններ,
- գրասենյակներից առգրավվել են բոլոր համակարգիչները, հեռախոսները, փաստաթղթերը,
- որի հետևանքով բիզնեսը 4 ամիս է՝ կանգ է առել և կանգնած է սնանկացման եզրին։
Մեկ այլ գործարար՝ շինանյութի խանութի սեփականատերը, պատմում է, որ նույն եղանակով խուզարկությանը մասնակցել են դիմակավորված հատուկջոկատայիններ, որոնք խանութում աշխատողներին ու գնորդներին հատակին են պառկեցրել։
Նպատակը պարզ է․
բացի սեփականատիրոջն էական ավել հարկ վճարելը, նաև վախեցնել հաճախորդներին և ոչնչացնել բիզնեսի համբավը։
Գործարարներին ստիպում են վաճառել բիզնեսները
AntiCor-ը ստացել է նաև այնպիսի դեպքերի վերաբերյալ տվյալներ, երբ բիզնեսներին ՊԵԿ–Քննչական զույգը փորձում է «սպանել» հարկային տեռորի միջոցով, որից հետո միջնորդավորված անձինք առաջարկում են՝ վաճառել բիզնեսը «մտերմիկ գնով»։
Այս գործարքների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։ Մեկ օրինակ արդեն ուսումնասիրվում է՝ Սյունիքում սուպերմարկետի սպասվող վաճառքի գործարքը, որի շուրջ հավաքագրվում են փաստեր։
Վերոնշյալ գործընթացը այլ անուն չունի․
✔️ սա համակարգային կոռուպցիա է,
✔️ պետական լծակների օգտագործում անձնական կամ խմբային շահի համար,
✔️ իշխանական սպառնալիքի ներքո լրացնել թերհավաքագրումները՝ բիզնեսները սնանկացնելու հաշվին,
✔️ և պետության կողմից գործարարության թալան։
AntiCor շարունակելու է բացահայտումները
AntiCor-ի հետաքննողները արդեն ուսումնասիրում են տասնյակ այլ դեպքեր։
Դրանք բոլորն ունեն նույն ձեռագիրը՝
- անհիմն ստուգումներ,
- անօրինական պահանջներ «ավել հարկ» վճարելու,
- սպառնալիքներ,
- խուզարկություններ՝ ցուցադրական ուժի կիրառմամբ,
- բիզնեսների համակարգային կաթվածահարում։
AntiCor-ն այս պահին այլ գործարարներից ակնկալում է ստանալ փաստեր, ձայնագրություններ, փաստաթղթեր և երաշխավորում ենք այդ գործարարների գաղտնիությունը։
Միաժամանակ հայտնում ենք պատրաստակամություն իրավական աջակցություն ցուցաբերել այն գործարարներին, որոնք դարձել են ՊԵԿ–Քննչական զույգի այս եղանակով իրականացվող հարձակումների զոհ։
Մենք պարտավորվում ենք ամբողջությամբ ներկայացնել այս մեխանիզմի ճարտարապետությունը և պատասխանատվության հարց բարձրացնել այն անձանց նկատմամբ, ովքեր պետական համակարգը փոխել են շորթման և բռնության գործիքի։


















































