«Հոգևորականների նկատմամբ ճնշումներն անմարդկային են, կարիքը կա, որ մեր՝ հատկապես քաղաքացիական հասարակության և նաև քաղաքական դաշտի ազդեցիկ դերակատարներն իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն, այստեղ նաև սահմանադրականության և Սահմանադրության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան. մեր երկրում արդարադատության, իրավունքի հետ կապված խնդիրներ ենք տեսնում՝ ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, hատկապես կառուցակարգային իմաստով եկեղեցի- պետություն այդ միջամտությունների առումով»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հարցին՝ եկեղեցին ներսից որքանո՞վ է միասնական, քանի որ այլ տեղերում էլ է Նիկոլ Փաշինյանը մասնակցել պատարագի, Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանեց․ «Եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը 2018-ից չէ, որ սկսվել է․ նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ։ 2018-ից մտավ ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխությամբ և սահմանափակումներով։ Վերջին տարիներին՝ հատկապես արցախյան պատերազմից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց։ Ունենք 700-ի հասնող հոգևորականություն, մեծ մասը ծառայում է ՀՀ-ից դուրս, մեկ-երկու քահանաների՝ ոչ խստապահանջ ելույթները, որ տեսնում ենք իշխանության նկատմամբ, դուք գնահատեք՝ միասնականություն կա՞, թե՞ ոչ»։
Ըստ նրա՝ եթե պետությունը փորձում է եկեղեցու ներքին գործերի մեջ խառնվել, դա մանդատի չարաշահում է։
Կարդացեք նաև
«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































