«Ինձ համար բավականին մեծ անակնկալ էր, որ ինքը դիմեց դատարան, ի վերջո գործ ունենք նախկին խմբագրի, նախկին լրագրողի հետ, որը հազարավոր նման հրապարակումներ է արել, շատ ավելի կոնկրետ տեղեկատվություն է հրապարակել, որոնց հիմքերը եւ ապացույցները չի ունեցել: Եթե դուք հիշում եք, ինքը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից հնչեցնում էր՝ «օդից կախված լուրերի համաձայն»…եւ լիքը տեղեկություններ էր հրապարակում, որի համար իրեն դատի չէին տալիս: Իսկ ինքը պատրաստ է պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին եւ նույնիսկ դիմել դատարան»,-դատական նիստը սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ պետության ղեկավարը լրատվամիջոցի դեմ անձամբ դիմում է դատարան: Մենք նման պրակտիկա չենք ունեցել մինչ այժմ, որովհետեւ մեր պետության ղեկավարները համարել են, որ անհավասար պայմաններ են, չի կարող պետության ղեկավարը դիմել դատարան եւ պարտվել զուտ այն առումով, քանի որ մենք գիտենք՝ մեր երկրում դատարաններն ինչքան կախյալ եւ անազատ վիճակում են»,-հավելեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ բազմաթիվ հոդվածներ հրապարակվում են կեղծանուններով, ինչը տեղավորվում է օրենքի սահմաններում, մարդու իրավունքն է չհրապարակել իր անունը, եւ մենք էլ պարտավոր ենք հարգել այդ իրավունքը՝ չհրապարակելու, չբացահայտելու, թե ով է իրական հեղինակը, ինչն այդքան էլ էական չէ: Հազարավոր նման հոդվածներ հրապարակվում են մեր մամուլում, շատ ավելի սուր հարցադրումներով են հրապարակվում, եւ այդտեղ մի արտառոց բան էլ չկար, որի համար պետք էր վրդովել ու զայրանալ: Բայց քանի որ մենք ունենք պետության՝ անկանխատեսելի եւ անհավասարակշիռ ղեկավար, չես կարող իմանալ, թե ինչից կարող է վրդովել, դատարան դիմել կամ դիմակավորված անձանց ուղարկել նույն անձանց բնակարան»,-ասաց Արմինե Օհանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին ապաստան է տվել, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել թե Փաշինյանի, թե Աննա Հակոբյանի հանդեպ, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսպես արձագանքեց. «Ճիշտն ասած, ես չեմ սիրում այդ թեմային անդրադառնալ, որովհետեւ դա այսպես ասած՝ նախկին կյանքում է եղել, իսկ ինքը, գիտեք, որ մինչեւ 2018թ-ը իր կյանքը, հիշողությունը կարծես ջնջել է, չի հիշում ոչ իր նախկին ընկերներին, ոչ իր նախկին շփումները, այնպես որ նորմալ է, ես դրա մեջ ոչ մի բան չեմ տեսնում… Ուղղակի հիմա ինքը ինչ է անում՝ հերքում է պահանջում եւ 1 միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում, բայց այնքան բարոյական աջակցություն, ինչքան «Հրապարակը» ցույց է տվել իրեն մինչեւ իր իշխանության գալը, ոչ ոք ցույց չի տվել: Մինչեւ 2018թ մենք հիմնավորապես իր ամեն մի քայլը լուսաբանել ենք, ես համարում եմ, որ դա բարոյական աջակցություն է եղել, նաեւ շնորհիվ որի է ինքը եկել իշխանության: Եթե այդ բարոյական աջակցությունը հիմա վերածեինք միլիոնների, հավատացեք, որ մեկ միլիոն դրամ չէր լինի, այլ բազմաթիվ միլիոնների մասին կարող էինք խոսել…Այնպես որ, մի տեսակ չարժի նույնիսկ զարմանալ: Այնքան միլիոնների, միլիարդների վնաս ինչքան իր գործունեությունը, իր իշխանությունը տվել մեր պետությանը, այդ ամենի կողքին այս մեկ միլիոն դրամը մի մեծ բան չէ»:
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Նա պահանջում է հերքել «Հրապարակի» հրապարակումը եւ պատասխանողից բռնագանձել 1․000․000 դրամ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































