Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային օպերային աստղը՝ իր երևանյան հայտագրի, իմիջի, երկու մշակույթներ կրելու, երգացանկում սակավ հայ հեղինակներ ունենալու և բարեգործության մասին

Նոյեմբեր 20,2025 16:15

«Համաշխարհային օպերային աստղ» կամ «համաշխարհային սոպրանո». այսպես են ներկայացվում այն երգիչները, որոնք ճանաչված են միջազգային մակարդակով, հանդես են գալիս ամենահեղինակավոր բեմերում՝ օրինակ՝ Վիեննայի օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Լա Սկալա, Քովենթ Գարդեն և այլն, աշխատում են համաշխարհային մակարդակի դիրիժորների ու ռեժիսորների հետ, և մասնագիտական շրջանակները նրանց գնահատում են որպես օպերային արվեստի բարձրակարգ, բացառիկ կատարողներ։ Երեկ լիտվացի նման երգչուհի Նեապոլում կայացած համերգից անմիջապես հետո ուղիղ չվերթով ժամանեց Երևան, եւ մենահամերգով նոյեմբերի 22-ին հանդես կգա Երևանի օպերային թատրոնում՝ վերջինիս նվագախմբի հետ, իսկ դիրիժորական վահանակի մոտ կկանգնի, ողջ համերգը կղեկավարի մեր օպերային թատրոնի դիրիժորներից երգչուհու եղբայրը։ Խոսքը Հասմիկ և Վարդան Գրիգորյանների մասին է։

Aravot.am-ը ներկա գտնվեց կայանալիք համերգի փորձին, որի ընդմիջմանը կարճատև զրույց ունեցանք օպերային աստղի հետ, որի կարիերայի դեբյուտը կայացել է 2004 թ. Նորվեգիայի Christiansand օպերային թատրոնում։ Միջազգային մամուլը Հասմիկ Գրիգորյանի ձայնածավալը, դերերի բազմազանությունն ու բեմական հմտությունները գնահատում է որպես «այսօրվա ամենաարժևոր սոպրանոներից մեկը», իսկ ձայնի որակը բնորոշում՝ հզոր, մետաղանման երանգներով, յուրահատուկ՝ ոչ միայն տեխնիկապես, այլև դրամատիկ ներկայացմամբ։

Շուրջ 2 ամիս առաջ Հասմիկ Գրիգորյանի համերգային հայտագիրն աժիոտաժ է առաջացրել Երևանում, այն մինչ օրս բուռն քննարկվում է ոչ միայն մասնագիտական շրջանակում։ Պատճառը մեկն է՝ հայտագիրը տարբերվում է դասական արվեստին բնորոշ «խստապահանջ ակադեմիզմից», նաև անսովոր է ազատության կամ ազատամտության ազդագրային լուծումների մոտեցմամբ։

Ի դեպ, երգչուհին մշտապես առանձնացել է նաև իր բեմական հանդերձանքով։ Այս դիտարկումով սկսեցինք զրույցը։ Երգչուհին ասաց հետևյալը. «Ինձ անվանում են օպերային դիվա, որը շատ ոճային է, ինչի մասին երբեք չեմ մտածել։ Այո, ես հաճախ փոփոխվում եմ, ոչ թե հատուկ առանձնանալու համար, այլ բնույթս է այդպիսին։ Նախընտրում եմ այնպիսի բեմական հագուստներ կամ ինչու չէ՝ հայտագիր, որոնք ավելին չեն, քան իմ ձայնը կամ այն, ինչը ներկայացնում եմ բեմից։ Յուրաքանչյուր զգեստ կամ հայտագիր ունի իր խարակտերը։ Նախընտրում եմ կրել տեղացի դիզայներների զգեստներ, որ աշխարհին ցուցադրեմ դրանք, չէ՞ որ դա էլ մշակույթի մի մաս է։ Ի վերջո, ոճ կոչվածը տրամադրություն է կամ տրամադրություն է ստեղծում, ինչին, գուցե անհավատալի թվա, հատուկ տեղ չեմ տալիս։ Ինձ համար կարևոր է արվեստս ներկայացնելը»։

Հարցին՝ երկու տարբեր մշակույթների կրող եք՝ լիտվական և հայկական, դրանք ձեր մեջ ինչպե՞ս են «բնակվում», հա՞շտ են իրար հետ, կամ պայքարի մեջ են՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Լավ հարց է։ Այս երկու մշակույթներով եմ ապրել ի սկզբանե։ Երևի դրանք երկու տարբեր կրակներ են կամ մեկ ամբողջական կրակ՝ իմ ներսում։ Հայկականը շատ բաց է, շփվող, լիտվականը՝ շատ փակ։ Այս երկուսը իմ կյանքում մշտապես պայքարի մեջ են եղել։ Հիմա հասկանում եմ, որ դրանք միևնույն ժամանակ շատ կարևոր են եղել ինձ համար, թեև եղել են ժամանակներ, որ մեծ պայքար են մղել իրար հետ։ Բայց հիմա մեկը մյուսին լրացնում են, ոչ թե պայքարում իրար դեմ, կամ գուցե տասնամյակներ անց սովորել են մեկը լրացնել մյուսին (ժպտում է Ս. Դ.)։ Ինձ հաճախ ասում են, թե իմ ներսում միաժամանակ կա և արև, և լուսին, նկատի ունեմ Հայաստանն ու Լիտվան։ Իմ լավագույն ընկերն ու բարեկամը՝ ռեժիսոր Դմիտրի Չեռնիկովը, օրինակ, սիրում է կրկնել, թե աշխարհում չի հանդիպել ինձ նման միաժամանակ «բաց» ու «փակ» մարդ կամ արվեստագետ։ Ցանկություն ունեմ առաջիկայում Երևանում ներկայանալ մի համերգային ծրագրով, որն ակնհայտ կներկայացնի ներսիս թե՛ հայկական, թե՛ լիտվական կողմերը»։

Հետաքրքրվեցինք՝ բացի այս երկու մշակույթներից, ձեր ներսում մի կարևոր խնդիր էլ պետք է լինի. խոսքը արմատների մասին է. Ձեր հայրը՝ աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը, մայրը՝ օպերային անվանի երգչուհի Իռենա Միլկյավիչույտեն։ Արվեստագետը պատասխանեց. «Արմատներիս մասով էլ անկեղծ կլինեմ։ Նրանք կոնֆլիկտի մեջ եղել են, բայց չեն խանգարել ինձ, հակառակը՝ մեծ ուժ են ինձ պարգևել։ Այսօր արդեն նրանք իմ ներսում համերաշխ են»։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ երգչուհու երգացանկում հայկական ստեղծագործությունների սակավ չափաբաժնին։ Ահա թե ինչպես «արդարացավ» նա. «Իմ և աշխատանքային մեծ թիմիս ցանկությունն է գոնե մեկ անգամ հանդես գալ Երևանում։ Շատ վաղուց «Անուշ» եմ երգել, ցավոք, այն ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել երգացանկումս պահպանել։ Հիմա շատ եմ ուզում ձայնագրել այն։ Ինձանից առաջ ընկաք, այո, մենք էլ ենք նախատեսել առաջիկայում համերգ Երևանում, որի ընթացքում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ սկսած Կոմիտասից…»։

Ըստ մեր տեղեկությունների՝ կայանալիք այս համերգը բարեգործական է։ Հաստատելով ասվածը՝ Հասմիկ Գրիգորյանը հայտնեց, որ մարդիկ, արվեստագետները պետք է գիտակցեն, հասկանան, որ բարեգործություն անելը ոչ թե պետք է կամ անհրաժեշտ, այլ պարտադիր. «Ծրագրում եմ Երևանում շատ անել բարեգործական համերգներ, որովհետև դրանք կարևոր են ինձ համար նույնպես»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930