Նոյեմբերի 20-ին, Հայ արվեստի և մշակույթի համաժողովի առաջին օրը՝ «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո, անցկացվել են մի շարք համաժամանակյա սեմինար-քննարկումներ և հայ արվեստագետների վիզուալ արվեստի տարբեր ուղղությունների ցուցահանդեսներ։
Առաջին սեմինար-քննարկումը նվիրված էր գրականությանը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են ժամանակակից հայ գրականության զարգացումները և անդրադարձել արձակի, պոեզիայի ու թարգմանական գրականության արդի ուղղություններին։
Քննարկման մասնակից հեղինակներն ու գրականության սիրահարներն ակտիվ երկխոսություն են ունեցել ստեղծագործությունների բովանդակության, ոճի և գրական փորձերի շուրջ։
Սեմինարի նպատակն էր խթանել ընթերցող-հեղինակ շփումը, ստեղծել ինտերակտիվ հարթակ գաղափարների փոխանակման համար և նպաստել հայ գրականության հանրայնացմանն ու զարգացմանը լայն լսարանի համար։
Կարդացեք նաև
Քննարկումը վարել են Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանն ու Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Բանախոսներն էին՝
Ռումինիահայոց միության նախագահ, գրող, Ռումինիայի գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանը,
գրող, բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Սոնա Վանը (գլխավոր լուսանկարում),
գրող, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը,
գրող, դերասանուհի Կորին Զարզավատջեանը,

գրող, փաստաբան Ռուբեն Մարկարյանը,
գրող, թարգմանիչ, Հայաստանի Գրողների միության անդամ, Մադրիդի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր երգչախմբի խմբավար, «Մշակութային Փազլ» գրական-մշակութային հարթակի գեղարվեստական խմբագիր և համակարգող Աղավնի Գրիգորյանը
գրող, Հայաստանի գրողների միության անդամ Սաշ Հայկազունը։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ





















































