Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» քաղաքացիական դատական նիստը:
Վարչապետը սույն լրատվամիջոցում Նորայր Մարտիրոսյան անուն-ազգանունով հրապարակված հոդվածի մեջ տեղ գտած հարցը, թե արդյո՞ք ինքը, ինչպես պտտվում են լուրեր, դավաճանում է իր կնոջը, ընկալել է որպես տեղեկատվություն եւ պահանջում է հերքում ու մեկ մլն. դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Այս վարույթը հանրային հնչեղություն է ստացել, քանի որ մի կողմում վարչապետն է, մյուս կողմում՝ լրատվամիջոցներից մեկը: Հետեւաբար, ԶԼՄ-ները եկել էին նիստը լուսաբանելու: Սակայն հայցվորի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը առարկեց, որպեսզի իրականացվի ուղիղ հեռարձակում, տեսանկարահանում, անգամ լուսանկարահանում՝ չներկայացնելով որեւէ հիմնավոր պատճառ: Ու չնայած պատասխանող կողմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու հորդորներին, դատարանը բավարարեց հայցվորի ցանկությունը: Պատասխանող կողմի փաստաբան Վրեժ Խաչիկյանն էլ արձանագրեց, որ դատարանն իր հերթին ուղիղ հեռարձակումը, տեսա եւ լուսանկարահանումները մերժելու որոշումը որեւէ ձեւով չպատճառաբանեց:
Կարդացեք նաև
Հայցվորը այս նիստում երկու միջնորդություն ուներ. խնդրո առարկա հոդվածի տակ Նորայր Մարտիրոսյան անուն-ազգանունը իրո՞ք կեղծանուն է եւ երկրորդ, որ հոդվածում վարչապետին ուղղված հարցադրումը տեղեկատվություն հաղորդե՞լ է:
Վրեժ Խաչիկյանն արտահայտելով պատասխանող կողմի դիրքորոշումն ասաց, որ հրապարակված հոդվածի վերնագրում «արդյոք» բառը արդեն իսկ ենթադրում է հարցադրում, այլ ոչ թե տեղեկատվություն: Այսինքն, հոդվածն իր վերնագրից սկսած, հարցադրում է: Եվ հոդվածի հեղինակը գրում է, որ շատ կարեւոր է դա պարզել: Այսինքն, ոչ թե ներկայացնում է որպես փաստական ստույգ տեղեկություն, այլ հարցադրում, որ ցանկանում է պարզել:
Վրեժ Խաչիկյանը նաեւ դատարանին տեղեկացրեց, որ իրենք իրենց դիրքորոշմանը կից ներկայացրել են հայցվորի կողմից ՖԲ էջում կատարված գրառումների սքրինշոթերը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նման հարցադրում ունի հանրությանը, երբ նշում է, թե արդյո՞ք կաթողիկոսն ունի զավակ, թե ոչ, որովհետեւ հանրության մեջ լուրեր են շրջանառվում:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Արմինե Օհանյանը լրացրեց իրենց դիրքորոշումը: «Հրապարակ» օրաթերթը յոթ տարվա կենսագրություն ունի ու երեւի պատկերացնում եք, թե այս ընթացքում ինչքան դատական հայցեր ենք ունեցել: Արդեն 50-ի կարգի: Այս ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ ես ինքս եմ ներկայացել դատարան եւ ուզում եմ անձամբ ներկայացնել մեր դիրքորոշումը: Բայց ոչ թե նրա համար, որ կարեւոր անձ է հայցվորը, այլ նրա համար, որ ես խիստ կարեւորում եմ դատարանի կայացումը, դատարանի վճռականությունը, համարձակությունը: Նաեւ հասկանում եմ, որ դուք կարող եք ինչ-որ կաշկանդվածություն ունենալ, քանի որ հայցվորը երկրի վարչապետն է:
Անկեղծ ասած, ես մեծ հույսեր եմ կապում, որ դատարանը կարող է զերծ մնալ այդ կաշկանդող, ճնշող հանգամանքներից եւ արդարացի, օբյեկտիվ որոշում կկայացնի, որովհետեւ ի վերջո նաեւ դատական համակարգի միջոցով է մեր երկիրը կայանալու եւ զարգանալու: Առավել եւս ուրախ եմ, որ դատավորը կին է, որովհետեւ կանայք ավելի համարձակ ու խիզախ են:
Ուզում եմ մի փոքր ներկայացնել այս հրապարակման նախապատմությունը: Հիշում եք, որ եկեղեցին կազմակերպել էր համաժողով Շվեյցարիայում, որտեղ խոսվում էր Արցախի անկախության, Արցախ վերադարձի իրավունքի մասին: Այդ համաժողովից անմիջապես հետո Ադրբեջանում մուսուլմանների առաջնորդ Փաշազադեն սկսեց ելույթներ ունենալ մեր եկեղեցու դեմ: Դրան անմիջապես հաջորդեց Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, պայծառատեսությունը, որովհետեւ այնպես չի, որ մեր եկեղեցու, կաթողիկոսի մասին տեղեկությունները, որ սկսեց հրապարակել, արտառոց բացահայտում, նորություն էին: Տարիներ շարունակ խոսում էին, որ հոգեւորականները նաեւ երբեմն կուսակրոնության կարգն են խախտում: Հանրությունը դրանք բամբասանքի մակարդակով էր շրջանառել, երբեք պետության առաջին դեմքերի շուրթերից նման մեղադրանք չէր հնչել:
Հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պիտի ստատուսներ գրի եւ օրական փաստորեն մի քանի ստատուս էր գրում տարբեր ոճի մեջ՝ երբեմն կոպիտ, վիրավորական արտահայտություններ օգտագործելով, որ դուք ձեր կուսակրոնությունը խախտել եք եւ արդյո՞ք պահում եք ձեր եկեղեցու կանոնակարգը, թե ոչ: Եվ այդ մասին կառավարության նիստերում, ԱԺ-ում էր խոսում: Ինքը բարձրացնում էր այդ թեման այն պարագայում, որ մեզ մոտ պետությունը տարանջատված է եկեղեցուց, եւ պետության ղեկավարը որեւէ իրավունք, իրավասություն չունի՝ մտնել այդ դաշտ:
Ի վերջո, կա ՀՀ Սահմանադրություն եւ այդ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք ունի անել այն գործողությունները, որոնք իրեն վերապահված է: Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը վերազանցել է իր իրավասությունները եւ անցել այդպիսի հռետորական հարցադրումների:
Եվ մի մարդ՝ պայմանական Նորայր Մարտիրոսյան, որոշել է նրա ոճով, նրա ձեւով պատասխանել, նույն հարցադրումները հղել իրեն, ինչպես նա հղում է կաթողիկոսին եւ սրբազաններին: Հոդվածը կարդացել եմ, մտածել եմ, որ ոչ մի արգելված բան չի պարունակում, որովհետեւ նման հարցադրումներ կարող է անել Հայաստանի ցանկացած քաղաքացի:
Ընդ որում, Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ իրավունքներ ունեն նման հարցադրումներ անել՝ ուղղված երկրի վարչապետին, որը վարձատրվում է իրենց հարկերից վճարվող միջոցների հաշվին, քան ինքն իրավունք ունի եկեղեցու ներկայացուցիչներին նման հարցեր ուղղելու: Այնպես որ, քաղաքացի Նորայր Մարտիրոսյանը շատ կոռեկտ, չափի մեջ, առանց որեւէ վիրավորական արտահայտության, առանց փաստական տվյալներ օգտագործելու, առանց զրպարտության, մարդկային հարաբերությունների կոմունիկացիայի կանոնները խախտելու այդպիսի հրապարակում է արել՝ կիսահումոր, կիսառեպլիկ, կիսապամֆլետ ոճի մեջ: Այդ հարցադրումներից մի մասը կարող ենք համարել հռետորական հարցադրումներ, որոնք պատասխան չեն պահանջում, մի մասը՝ պարզապես հարցադրումներ, որոնց կարող էր պատասխանել, ասել «ոչ, ես չեմ դավաճանում իմ կնոջը, ես հավատարիմ եմ իմ կնոջը»:
Կամ կարող էր հումոր անել, հեգնել, ծաղրել, կարող էր դատապարտել: Ի դեպ, նախկինում եղել են այդպիսի դեպքեր: Ցանկացած ձեւ ընդունելի էր մեզ համար, նույնիսկ եթե կոռեկտությունը ինքը խախտեր:
Բայց այս դեպքում ինքը նախընտրեց դիմել դատարան, որովհետեւ վստահ է, որ չկա Հայաստանում որեւէ դատավոր, որ իր ասածը չի անելու: Եվ վստահ է, որ այս դեպքում էլ է ինքը հաղթող դուրս գալու»:
Տիկին Օհանյանը կարծիք հայտնեց, որ այս դեպքում վարչապետը թերագնահատել է այս դատավորին, դատարանին եւ դատական համակարգում աշխատողներին, որոնք ունեն արժանապատվություն եւ օրենքին ծառայելու կամք: Նաեւ վստահություն հայտնեց, որ այսպիսի հայցը, այսպիսի վեճը չի կարող ավարտվել հայցվորի հաղթանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































