Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր քննում էր մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Մեղադրյալներից շատերի խափանման միջոցը փոխվեց․ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ։
Փաստաբանները կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելիս՝ մշտապես հարց էին ուղղում դատավորին, թե ի վերջ ի՞նչ արարքի մեջ են մեղադրվում իրենց պաշտպանյալները, ընթերցում են մեղադրանքներն ու չեն հասկանում։ Մեղադրող կողմը հիմնականում պահանջում էր պահել ու երեք ամիս ժամկետով երկարացնել կալանքը։
Մեղադրյալ Արսեն Ղազարյանի նկատմամբ, որը Վաղարշապատ համայնքից է, ևս նման պահանջ հնչեցվեց։ Փաստաբանը սակայն նշեց, որ իր պաշտպանյալի կողմից գործի քննությունը խոչընդոտելու վտանգն անիրատեսական է համարում, կան նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումները, հաստատված է, որ նա կապի մեջ չի գտնվել վկաների հետ, հետևաբար և չի կարող ազդեցություն ունենալ նրանց վրա։
Միջնորդեց վարչական հսկողություն սահմանել նրա նկատմամբ ու ներկայացրեց նրա անձը; Ասաց՝ նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական ձևով ու ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տրամադրած տեղեկանքն առ այն, որ նա հանդիսանում է արյան դոնոր։
Կարդացեք նաև
«Սա ևս չեզոքացնում է ռիսկերը, կալանքի տակ գտնվելու ընթացքում էլ նրա մոտ առաջացել են առողջական խնդիրներ։ Նրա խնամքին են գտնվում կինը ու երկու անչափահաս երեխաները»,- ասաց փաստաբանը։
Դատարանը որոշեց նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանել՝ համակցված բացակայելու արգելքով,արգելեց նրան մարդաշատ վայրեր այցելել։ Ճշտող հարցին՝ կարո՞ղ է այցելել զորամաս՝ տեսակցելու ծառայող որդին, դատավորն ասաց՝ խնդիր չկա, թող այցելի։
Մեղադրողը կողմը պահանջում էր մյուս մեղադրյալի՝ Արման Իսրայելյանի նկատմամբ էլ կալանքը պահել ու երկարացնել երեք ամսով։
Արման Իսրայելյանը նախկին զինվորական է, զբաղեցրել է սպայական պաշտոններ՝ ներգրավված լինելով մարտական հերթապահության մեջ։ Հետագայում իր ծառայությունը շարունակել է ոստիկանության զորքերում, այդ թվում Արցախի Հանրապետությունում, մասնակցել 2016 թվականի ապրիլյան պատերազմին։
Փաստաբանն առարկեց՝ ասելով՝ քրեական գործում չկա որևէ տվյալ, որ Արման Իսրայելյանը որևէ առնչություն ունի իրեն մեղսագրվող քրեական արարքի հետ, իշխանությունը զավթելու․ ահաբեկչական որևէ գործողություն կատարելու հետ։ Ըստ պաշտպանի, նա որպես ոստիկանական զորքերի հրամանատար՝ իր պաշտոնավարման ընթացքում պահպանել է հասարակական կարգը, որի ընթացքում արժանացել է տարբեր խրախուսանքների, այդ թվում պարգևատրվել անվական զենքով, որն առգրավվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ու մատուցվում է որպես հանցագործության գործիք։
«Չկա որևէ տվյալ, որ նա կատարել է որևէ ապօրինի գործողություն։ Նա ամուսնացած է, խնամքին երեք երեխաներն են, տղաները դպրոցահասակ են, դուստրը ուսանողուհի է»,- ներկայացրեց պաշտպանը։
34 վկաներից միայն մեկն է վկայակոչել Արման Իսրայելյանի անունը, այն էլ նշել է, որ ճանաչում է նրան՝ որպես պարկեշտ զինվորականի։
Նրա առողջական վիճակի մասին ևս փաստաթղթեր ներկայացվեցին, նա որոշակի խնդիրներ ունի, ենթարկվել է մի քանի միջամտությունների։ Բանտային կալանքի ժամանակ առողջական վիճակն ավելի է վատացել։
Փաստաբանը նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը անիրավաչափ է, չկա հիմնավորում, նա պատշաճ վարքագիծ է դրսևորել ու միջնորդեց վարչական հսկողություն սահմանել՝ հինգ միլիոն դրամ գրավ կիրառելով, որը բավական մեծ գումար է նրանց ընտանիքի համար․ նա զինվորական թոշակառու է։ Ըստ փաստաբանի, նրա դեմ որևէ ցուցմունք առկա չէ ո՛չ մեղադրյալների, ո՛չ վկաների շրջանում։
Դատարանը որոշեց Արման Իսրայելյանի համար որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը երկու ամսով ժամկետով՝ համակցված բացակայելու արգելքով և 2 միլիոն դրամի չափով գրավ։ Նրան արգելվեց հեռախոսային, նամակագրական կապեր ունենալ։
Մեղադրյալներից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց՝ փոխարինվելով վարչական հսկողությամբ ու բացակայելու արգելքով։
Դատարանը փոխեց նաև արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի տնային կալանքը՝ վարչական հսկողությամբ ու հեռանալու արգելքով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































