Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով անցնող Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական վերահսկողությամբ։ Անփոփոխ մնացին բացակայելու արգելքն ու հինգ միլիոն դրամ գրավը։
Փաստաբանը նշեց, որ Դավիթ Գալստյանը որևէ հանցավոր արարքի, մեղադրական եզրակացությամբ թվարկված գործողություններին մասնակցություն չի ունեցել։
«Մենք ի սկզբանե ասել ենք, խնդրել ենք պարզաբանել առաջադրված մեղադրանքը, թե ինչի մեջ է մեղադրվում»,- ասաց փաստաբանը։
Նա հավելեց՝ չեն ժխտել, որ Դավիթ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Բագրատ Սրբազանի հետ, որոշ ցույցերի, հավաքների հետ կապված հարցեր քննարկվել են, բայց դրանք եղել են արցախցիների սոցիալական հարցերի շուրջ, քննարկվել է որոշակի հավաքների անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, Դավիթ Գալստյանը մեղադրական եզրակացությունում թվարկված գործողություններում անգամ խոսակցությունների մակարդակով մասնակցություն չի ունեցել։
34 վկաներից միայն մեկն է Դավիթ Գալստյանի անունը տվել, մյուս 33-ը անգամ չեն էլ հիշատակել նրան։ Այդ վկան նշել է, որ ճանաչել է Դավիթ Գալստյանին, արցախցիների սոցիալական կարգավիճակի մասին որոշակի հարցեր քննարկել են, խոսել, այս առումով հանրահավաքների անհրաժեշտության մասին։ Վկան, սակայն, նշել է, որ «Սրբազան շարժման» հետ կապված որևէ խոսակցություն իր ու Դավիթ Գալստյանի միջև չի եղել:
Ըստ փաստաբանի, այս գործով որևէ մեկը ցուցմունք չի տվել Դավիթ Գալստյանի դեմ։
Փաստաբանը նշեց, որ իրոք կարիք կա Դավիթ Գալստյանը հայտնվի ազատության մեջ, նախ նա Արցախից բռնի տեղահանված անձ է, որի սոցիալական վիճակի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։ Բացի այդ, նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը, որը պատճառ է դարձել նրան աշխատանքից ազատման։
Նրան պատրաստ են կրկին վերականգնել աշխատանքի, եթե նա ազատության մեջ լինի։
Նրա խնամքին կան երկու ուսանողներ, առողջական վատ վիճակում գտնվող ծնողները, հայրը երրորդ կարգի հաշմանդամություն ունի։
Նա ևս որոշակի առողջական խնդիրներ ունի, այս իրավիճակը որոշակի հոգեբանական խնդիրներ են առաջացրել, նա պետք է հոգեբանական սեանսների մասնակցի։
Դատարանը, հաշվի առնելով նրա մոտ այս ընթացքում առաջ եկած առողջական խնդիրները, նրա ցուցաբերած պատշաճ վարքագիծը ու ընտանիքի ֆինանսական վիճակը․ Դավիթ Գալստյանն է միակ աշխատողը, բավարարեց փաստաբանի միջնորդությունը․ տնային կալանքը փոխարինեց վարչական հսկողությամբ՝ 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը թողնելով անփոփոխ։
Դատական նիստն ամբողջությամբ՝ այստեղ
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































