Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն երեւանցիների գլխին պատուհաս է, միայն բան են ման գալիս՝ ինչ հիմնարկ ստեղծեն, որ կարողանան երեւանցիների գումարն իրենցով անել». Երեւանի ավագանու անդամ

Նոյեմբեր 20,2025 23:45

«Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստում պարզ դարձավ, որ այս փոքրամասնության քաղաքապետը՝ ՔՊ-ական Տիգրան Ավինյանը, մի նոր հետաքրքիր բան է մոգոնել, թե ոնց հերթական անգամ երեւանցիներից, երեւանցիների վճարած տուրքերից կրկին կարողանա փող հավաքել»,-ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը «Հայելի» ակումբում:

«Սրանք հիմա մի նոր հիմնարկ են բացում: Ես այդ հիմնարկի անունը դրել եմ ԱՆԻՖ 2: Այդ հիմնարկին Երեւանի բյուջեից ամսեկան վճարելու ենք 41 միլիոն դրամ: Այդ հիմնարկում աշխատելու են մարդիկ: Ես այդ մարդկանց դեմ բան չունեմ, բայց հասկանում ենք, որ հերթական մսխումն է լինելու բյուջեից: 41 միլիոն դրամ ամսեկան տալու են, որ այդ մարդիկ նստեն ինչ-որ մի կենտրոնում տեսախցիկների առաջ, որ մտածեն, թե ոնց կարողանան Երեւանի խցանումները թեթեւացնեն, բացեն՝ մի բան անեն Երեւանում այս խայտառակ վիճակի հետ: Բայց դրանից առաջ այս նույն Տիգրան Ավինյանը ավտոկայանատեղիների, կարմիր գծերի գումարը դարձնում էր 160 հազար դրամ, իրենք իրենց ճղում էին, որ ժողովուրդ ջան մենք չենք թալանելու ձեզ: ուղղակի դա միջոց է, որը միանշանակ պետք է թեթեւացնի խցանումները:

Հիմա այդ միլիարդավոր գումարները հավաքում են, խցանումներն էլ նույն կարգի մնացել են: Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել այս թանկացումները «Մայր Հայաստանի» ներկայացրածով, բայց ոչ մի բան այս մարդիկ հաշվի չեն առնում: Համ կարմիր գծերից են շարունակում թալանել, համ էլ մի նոր ՊՈԱԿ, թե ինչ հիմնարկ են ստեղծում ու տարեկան $1 մլն. 200 հազար են վերցնելու աշխատավարձերի համար: Մյուս տարի այս ժամանակ կասեն այդ հիմնարկը լուծարվեց, աշխատողները չկարողացան, կբարդեն մեկի վրա՝ գործ կհարուցեն ու կասեն ժողովուրդ ջան, էդ փողերը որ մսխվեց, իրենց մեղքն էր, մենք ի՞նչ կապ ունենք:

Երեւանցիներին նորից ուզում եմ տեղեկացնել, որ ՔՊ-ական Տիգրան Ավինյանն ու ընդհանրապես այդ ՔՊ-ն երեւանցիների գլխին պատուհաս է: Սրանք միայն բան են ման գալիս՝ ինչ հիմնարկ ստեղծեն, որ կարողանան երեւանցիների գումարն իրենցով անել:

Այս հիմնարկը չէր ստեղծվի: Բայց վարչապետը մի քանի ժամանակ առաջ Հանրապետության հրապարակից ԱԺ էր գնում թե կառավարական ամառանոց, մնացել էր խցանումների մեջ, չէր կարողանում դուրս գալ: Անգամ ոստիկանական շարասյունը, որի ոչ սկիզբն է երեւում, որ վերջը, չէր կարողանում բացել: Դրա համար երեւի ջղայնացել էր Տիգրան Ավինյանի վրա, բայց ասել՝ ի՞նչ թոզփչոցի անենք ու իրար հետ որոշել են հիմնարկ ստեղծել: Բայց ոչ մի բան չի լավացնելու երեւանցիների կյանքը, քանի որ հունվարի 1-ից գույքահարկը դարձնելու են 100 տոկոս ու այսպես տարբեր բաներ թանկացնելու են:

Իսկ ինչ վերաբերում է բուն երևանյան խցանումներին, դրանց հեղինակները ոչ թե ավելացած մեքենաներն են, որ Երեւան են եկել, այլ Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ն ու իրենց կցված այն կուսակցությունը: Փոքր կենտրոնում, փոքր Երեւանում Աջ ու ձախ հազարավոր շինթույլտվություններ են տվել: Մեքենաների կայանելու տեղ կա: Մի հատ ավտոկայանատեղի չեն սարքել, ոչ մի էստակադա չեն սարքել, որ շրջանցի Երեւան քաղաքը: Միայն ասֆալտ են արել՝ քերել են, քանդել են, նորից ասֆալտ են արել՝ փող են հավաքել, կարմիր գծերն են թանկացրել՝ փող են հավաքել, տրանսպորտն են թանկացրել՝ շատ փող են հավաքել, իսկ մարդիկ մնում են կանգառներում:

Պարզ եւ հստակ: Երեւանի կառավարումը ոտներին գցած ՔՊ-ականները Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ընկել են երեւանցիների հետեւից: Ուրիշ ոչ մի բան չկա: Հեսա մի քանի միլիոն էլ դուրս կգրեն, տոնածառը կզարդարեն ու կասեն երեւանցիների համար տոն է, Նոր տարի ենք անում:

Փաստորեն այս մարդիկ շղթայական ամեն ինչ թանկացրել են՝ թանկացումների քավորն են, շատ գումար հավաքելու քավորն են: Սրանք, սիրելի երեւանցիներ, մինչեւ վեր կռիվ են տալու, որ ոչ մի պարագայում իշխանություն չկորցնեն, որովհետեւ թալանը իրենց համար ամենանախընտրելի միջոցն է»,-ասաց Երեւանի ավագանու անդամը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930