Փորձառու մանկական հոգեբանը իր նորարարական մեթոդներով ճանաչված է թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում
«Ինձ հաջողակ մարդ եմ համարում, դա մոտիվացնում է լինել լավատես, նպատակներ դնել, աշխատել եւ հասնել դրանց: Եթե դրական ես տրամադրված որեւէ գործի հանդեպ, մեծ է հավանականությունը, որ այն հաջողությամբ է պսակվելու»,-ասում է մանկական հոգեբան Մերի Տաշչյանը: Ապա հավելում է. «Իմ մասնագիտության հիմքում ընկած է մեծ սերը երեխաների հանդեպ, միշտ դրական նպատակի վրա կենտրոնացնելու կարողությունը: Նույնը ծնողի հետ աշխատանքում եմ կարեւորում: Իմ առաջ միշտ նպատակ եմ դնում հանդիպող բարդ խնդիրն ավարտել դրական լուծման ճանապարհով եւ անընդհատ ինքնակրթվելով, արդեն իսկ ամերիկյան մասնագետների հետ փորձի փոխանակում ունենալով՝ փորձում եմ իմ մասնագիտության մեջ կատարելագործվել»: Մերին այն բացառիկ մասնագետներից է, որը համադրում է գիտական մտածողությունը, հոգեբանական խորաթափանցությունը եւ մարդկային ջերմությունը։ Նա իր մասնագիտական ուղին սկսել է դեռեւս 2007 թվականից՝ որպես մանկական հոգեբան, եւ այսօր արդեն ճանաչված է թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում իր նորարարական մեթոդներով ու հասարակական նախաձեռնություններով։ Նա իր գիտելիքները շարունակաբար կատարելագործել է մի շարք միջազգային ծրագրերում՝ այդ թվում մասնակցելով Hamdan Bin Mohammed Smart University-ի «How to Become an Online Teacher in 24 Hours» դասընթացին (ԱՄԷ, 2020)։
Օրերս փորձառու հոգեբանը հրավիրված էր ԱՄՆ-ում կայացած համահայկական կարեւորագույն միջոցառման, որտեղ ներկայացրել էր իր հեղինակային աշխատությունը՝ «Աուտիստիկ սպեկտորի երեխաների զարգացման նորարար ուղիներ» վերնագրով: Մերի Տաշչյանի մեթոդաբանությունը հիմնված է հեքիաթաթերապիայի եւ արտ-թերապիայի վրա, նպատակաուղղված է աջակցել երեխաների խոսքի զարգացմանը, վարքային փոփոխություններին եւ ինտեգրման գործընթացին։ Նրա այս նորարարական մոտեցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել փորձի փոխանակում, ներկա հոգեբանները ծանոթացել են Մերիի նորարար մոտեցումներին:
Միջոցառումը կազմակերպվել էր The First Pan-Armenian Intellectuals Platform-ի շրջանակում: Հարթակը, որ ստեղծվել է մասնագիտությամբ մանկավարժ, պատմաբան, իրավաբան եւ Life Coach Գեւորգ Մանուկյանի նախաձեռնությամբ, միավորում է հոգեբանների, մանկավարժների, բժիշկների, իրավաբանների եւ այլ ոլորտների մասնագետների: Հրավիրյալ մասնագետի կարգավիճակով Մերի Տաշչյանը ոչ միայն ներկայացրել է իր հեղինակային աշխատանքը, այլեւ համագործակցություն հաստատել միջազգային փորձագետների հետ: «Աուտիզմի ոլորտում յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ աշխարհը բացահայտելու համար անհրաժեշտ է սիրո, համբերության եւ իրազեկության ուժը։ Վստահ եմ, որ մեր ջանքերը կբերեն նոր հաջողությունների՝ ի շահ հայրենիքի եւ Սփյուռքի»,- համոզված է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Մերիի մասնագիտական ուղին ընդգրկում է թե՛ կրթական, թե՛ մեդիա եւ թե հասարակական ոլորտները: Նա եղել է հոգեբան Երեւանի թիվ 195 եւ 181 դպրոցներում՝ ներառական կրթության եւ աուտիստիկ սպեկտորի երեխաների աջակցության ոլորտում նորարար մեթոդների կիրառմամբ, նա համագործակցել է մի շարք հեռուսաընկերությունների հետ, որպես մասնագետ հյուրընկալվել, այդ թվում` Yerkir Media-ում եւ Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունում, իր մասնագիտական վերլուծություններով եւ հոգեբանական խորհուրդներով նպաստել է բազմաթիվ ծնողների հոգեբանական կրթվածության բարձրացմանը։ Մերին համագործակցել է World Vision Armenia-ի հետ՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակում։ Ասում է, որ իր մշակած մոդելը՝ «Հոգեբանական վերաիմաստավորման ինտեգրված մոդել», ժամանակին արժանացել է միջազգային կազմակերպությունների՝ Save the Children եւ Child Rights International Network-ի բարձր գնահատականին։
Մերի Տաշչյանը բազմիցս հրավիրվել է տարբեր միջազգային եւ կրթական կառույցների կողմից որպես բանախոս եւ զեկուցող, ներկայացնելով իր հեղինակային մեթոդաբանությունը՝ հատկապես «Աուտիստիկ սպեկտորի երեխաների զարգացման նորարար ուղիներ» թեմայով: Նաեւ հանդես է եկել որպես ժյուրիի անդամ մի շարք կրթական եւ մասնագիտական միջոցառումներում՝ գնահատելով այլ մասնագետների աշխատանքները հոգեբանության եւ զարգացման ոլորտում։
2021 թվականից Մերին բնակվում է ԱՄՆ-ում եւ իր մասնագիտական գործունեությունը շարունակում է Սփյուռքում: Նա Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու դպրոցում ներդրել է իր հեղինակային մեթոդաբանությունը՝ «Ինտեգրված արտահայտչական մոդել» (Integrated Expressive Model), որը համադրում է հեքիաթաթերապիայի, արտթերապիայի եւ վարքային մեթոդների տարրերը։ Նա համագործակցում է Atlas ABA կենտրոնի հետ՝ աուտիզմով երեխաների զարգացման եւ ինտեգրման ոլորտում։ Մերի Տաշչյանից տեղեկացանք, որ իր աշխատանքը բարձր է գնահատվել կենտրոնի կողմից՝ որպես պրոֆեսիոնալիզմի եւ նորարարության նմուշ, որի շնորհիվ երեխաների հաղորդակցական հմտությունների առաջընթացն ընդգծված բարձրացել է։ Նա նաեւ American Psychological Association (APA)-ի անդամ է եւ շարունակաբար ներգրավված է համայնքային նախաձեռնություններում՝ աջակցելով երեխաներին կամավոր հիմունքներով։ Մերին պարգեւատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով. Մասնավորապես՝ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցուց ստացել է պատվոգիր համայնքային կրթական ներդրման համար, իսկ Atlas ABA կենտրոնի մասնագետները բարձր են գնահատել նրա հետ համագործակցությունը:
«Մեր նպատակը ոչ միայն բուժելն է, այլեւ երեխայի ներքին լույսը բացահայտելը»,-ասում է կայացած հոգեբանը: Նա այսօր նպատակ ունի շարունակել գործունեությունը ԱՄՆ-ում՝ իր գիտելիքներն ու մեթոդները ներդնելով մանկական հոգեբանության զարգացման, աուտիզմի ուսումնասիրության եւ ծնողական կրթության ոլորտներում։ Մերի Տաշչյանը ոչ միայն փորձառու մասնագետ է, այլեւ անհատ, որը կարողացել է միավորել հայրենիքի եւ Սփյուռքի մասնագիտական ներուժը։ Նրա աշխատանքի շնորհիվ հարյուրավոր ընտանիքներ ստացել են հույս, աջակցություն եւ գիտելիք՝ երեխայի զարգացման ու սոցիալական ինտեգրման ճանապարհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2025


















































