Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանն արդեն պաշտոնի է անցել Ամուլսարում՝ բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2025 10:19

Ըստ ՀՀ Կառավարության եւ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախորդ ամիսներին հրապարակված տվյալների՝ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը նախատեսվում էր սկսել այս տարի: Համաձայն փաստաթղթի՝ շինարարական աշխատանքները 2025 թվականի առաջին եռամսյակում պետք է մեկնարկեին, իսկ հանքաքարի արդյունահանումը՝ չորրորդ եռամսյակում։

«Ժողովուրդ» օրաթերթը ծավալուն հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար արդյոք շինարարական փուլը ավարտվել է, եւ եթե այո՝ ո՞ր փուլում է հանքաքարի արդյունահանման գործընթացը։

Հարցմանն ի պատասխան ստացել ենք հետեւյալը. «Ամուլսարի հանքավայրում ներկայում դեռեւս իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նոր միայն կմեկնարկի հանքի շահագործումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 27-ին կառավարության կողմից հաստատվել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» 220-Ա որոշումը, համաձայն որի որոշվել է՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգից մինչեւ հինգ տարի մարման ժամկետով, մինչեւ 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել ընդհանուր մինչեւ 150,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որի վերաբերյալ վարկային պայմանագիրը արդեն իսկ կնքվել է: «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հուլիս ամսին արդեն իսկ ստացել է առաջին տրանշը՝ 44,000,000 ԱՄՆ դոլարը։

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ համաձայն ՀՀ Կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 81-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12503 ընդհանուր թվով բաժնետոմսերը, եւ դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ էկոնոմիկայի նախարարությունը վերոնշյալ բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ օրենսդրության համաձայն»:

Արձանագրենք, որ ժամկետների հարցում Էկոնոմիկայի նախարարությունը արդեն ձախողում ունի, իսկ, ահա, հանքի շահագործումը դեռ սարերի հետեւում է։

Ի դեպ, Գնել Սանոսյանն արդեն նշանակվել է Ամուլսարում պաշտոնի՝ բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930