«Հրապարակը» զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:
– Գաղտնիք չէ, որ Մարտի 1-ի արյունոտ դեպքերից ամենաշատը տուժել են ՀԱԿ-ականները, եւ, ի վերջո, այդ պայքարի ակունքներում ՀԱԿ-ն էր կանգնած, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը: Ինչո՞ւ ՀԱԿ-ից որեւէ ներկայացուցիչ ներկա չէր Ազգային ժողովի լսումներին:
– Առնվազն տարօրինակ է եւ անտրամաբանական այս ամենը, քանի որ Մարտի 1-ի գործի բացման առումով ամենահետեւողական քաղաքական ուժը եղել է Հայ ազգային կոնգրեսը, ամենաշատ տուժածը եղել է Հայ ազգային կոնգրեսը, եւ մեր ակտիվիստներն են հարյուրներով հայտնվել բանտերում եւ հազարներով ստացել տարբեր մարմնական վնասվածքներ ու տուժել տարբեր առումներով: Բացի այն, որ Մարտի 1-ի գործի բացահայտման ամենաշահառու կողմը եւ հետեւողական ուժը եղել է ՀԱԿ-ը, նաեւ հրավիրված չէր: Բացատրությունը հետեւյալն է` այս մարդիկ խնդիր չեն դրել Մարտի 1-ի գործը բացահայտելու եւ հետեւողականորեն մեղավորներին պատժելու, այլ ակնհայտ երեւում է, որ այս ամենը քաղաքական կոնտեքստ ունի, 8 տարի լինելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմը բացարձակապես ոչինչ չեն արել Մարտի 1-ը բացահայտելու գործում, դեռ մի բան էլ ավելին` այդ իրենք են գործը կոծկել, Սահմանադրական դատարանի որոշումով արդարացվել են այդ ամենի իրական կազմակերպիչները: Այժմ այն, ինչ տեղի է ունենում, նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ է՝ ընդդիմադիրների դեմ պայքարելու նպատակով: Նրանք այս լսումներով ամբողջապես այլ խնդիրներ են լուծում եւ չունեն նպատակ՝ Մարտի 1-ի հանցագործներին պատժելու: Մի քանի փաստով կարող եմ ներկայացնել: Այս իշխանության օրոք դադարեցվեց քաղբանտարկյալների արդարացման գործընթացը, այսօր մենք ունենք մոտ 50 նախկին քաղաքական բանտարկյալ, ովքեր մինչ այս պահը համարվում են հանցագործներ: Դատախազությունն անգամ չի էլ կաշկանդվել՝ անել հայտարարություն եւ նշել է, որ նպատակահարմար չեն գտնում արդարացման գործընթացները շարունակելու: Կարող եմ ասել, որ վերջին արդարացումները եղել են դատախազ Արթուր Դավթյանի օրոք, որի ժամանակ մոտավորապես 40 անձ արդարացվել է, 10 անձ էլ՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ: Նախաձեռնողները ՀԱԿ-ն ու իրավապաշտպան կազմակերպություններն էին: Դեմոկրատական այդ փուլում դատախազի կամքով արդարացումներ եղան, ինչից հետո Աննա Վարդապետյանի ժամանակ այդ գործընթացները կանգնեցին: Այս իշխանությունը, փոխանակ բացահայտումների գործընթացը շարունակի, գործընթացը դադարեցնելու ճանապարհով է գնում: Ունենալով քաղաքական լծակներ, այսօր ոչինչ չի արվում՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու համար: Մուրճն իրենց ձեռքին, փոխանակ գործ անեն, հանրային քննարկում են կազմակերպում չեղած բաների վերաբերյալ: Ակնհայտ է, որ այստեղ չի աշխատում իրավագիտությունը, այստեղ աշխատում է քաղաքականությունը` ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եթե աշխատող լինեին, Ազգային ժողովում կխոսեին, թե ինչ աշխատանքներ են տարվել, ոչ մի խոսք գործողությունների մասին չասվեց, ինչը եւս մեկ անգամ հաստատեց մի բան, որ ՀԱԿ-ն այնտեղ անելիք չուներ: ՀԱԿ-ը նրանց երեսին կարող էր շպրտել այն փաստը, որ իրենք գործ փակող են, ոչ թե գործ բացահայտող:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































