Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցների ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լավ, էս ի՞նչ ենք անում. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 21,2025 12:20

Մարդ բռնելը՝ քաղաքական միակ ծրագիր

Այսօր հայերենի ամենատարածված, գործածական բառերն են. կալանք, դատ, դատավոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։

Միայն սա հերիք է հասկանալու համար, որ մենք ապրում ենք աննորմալ իրականության մեջ։ Հերիք է հասկանալու համար, որ որևէ ստեղծագործ, որևէ պոզիտիվ զարգացում և պրոցես հնարավոր չեն։  Այս բառերը լավագույնս են նկարագրում երկրի մթնոլորտը։ Մի երկիր, որտեղ իշխանության հպարտության առարկան մարդ բռնելն է, չի կարող իր քաղաքացիների համար լինել գրավիչ, չի կարող ունենալ զարգացման պոտենցիալ։ Մեզ մոտ ցանկացած քննարկում, ցանկացած ելույթ վերջանում է իշխանության կողմից մարդ բռնելու սպառնալիքով և ռեալիզացիայով։ Ցանկացած ընտրություն վերջանում է ոչ թե իրար շնորհավորելով ու աշխատելու պատրաստակամությամբ, այլ՝ բռնելու, խուզարկելու, կալանավորելու պատմություններով։

Երբ կալանքներից մարդկանց են ազատում, ես էլ բոլոր նորմալ մարդկանց պես ուրախանում եմ, բայց օրվա տրամաբանությունը մեջս կասկած է մտցնում. դա անում են տեղեր ազատելու, նոր խմբաքանակ կեղծ գործերով նորերին կալանավորելու համար։

Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցների ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լավ, էս ի՞նչ ենք անում։

Չի կարող իշխանությունն ընտրազանգված հավաքել՝ մարդ բռնելու խոստումով։ Չի կարող իշխանությունը երկրի զարգացման ծրագիրը կառուցել կոտրելու, բռնելու, պատժելու, քանդելու, դեստրուկցիայի խոստումներով։ Սա հակասում է առողջ տրամաբանությանը, սա հակասում է կյանքի օրենքներին։

2026-ի ընտրությունները սրա մասին են. փոխել երկրի բովանդակությունը։ Պետությունները զարգանում են մտքով, գաղափարներով, ներքին համերաշխությամբ, արդար դատարաններով։ Եթե մենք ունենանք ճիշտ մտածող լիդերություն, որոնք մարդկանց հետ կխոսեն մարդկային լեզվով, այս պարզ բաները կկարողանան ձևակերպել և տեղ հասցնեն, մենք կունենանք արդյունք։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930