Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը: Նա պատմեց, որ դեպքի օրը լուսաբացին եղել է դեպքի վայրում, մասնակցել զննությանը: Երբ հասել է դեպքի վայր՝ դիակներն արդեն տեղափոխված են եղել, հրդեհը մարված է եղել:
Փորձագետի խոսքով՝ իր աշխատանքը սահմանափակվել է կոնկրետ հատվածներում նմուշառումներ անելու գործընթացում հուշումներ անելով:
Նրա խոսքով՝ իրենից բացի, այլ փորձագետներ չեն եղել դեպքի վայրում: Փորձագետը բացառեց հրթիռների կամ այլ զենքերից առաջացած պայթյունի հավանականությունը, ասաց՝ եթե ինչպես գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն է ասում, բենզինի տարան եղել է ձեռքին ու կրակի բռնկվելու դեպքում ինքը ձեռքից նետել է բենզինի տարան, ապա հավանական էր, որ նման հրդեհ զարգանար:
Կարդացեք նաև
Նա նաև ուշագրավ հայտարարություն արեց՝ասելով, որ փայտի վառարանից շմոլ գազ չի առաջանում. «Փայտի վառարանի շահագործման դեպքում շմոլ գազի առաջացման դեպք չենք ունեցել փորձագիտական մեր պրակտիկայում»:

Այս հայտարարությունից հետո տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հարցրեց՝ ինչով կբացատրի հակասությունը, որ հիմնավորված է՝ կացարանում վառարանը վառվել է փայտով, միաժամանակ 15 զինծառայողի մահն էլ, ըստ փորձաքննության եզրակացությամբ, վրա է հասել շմոլ գազի ներգործության հետեւանքով զինվորների կենդանության օրոք. «Սենսացիա եք անում հիմա»:
-Սենսացիա չեմ ասում, եթե վառարանից շմոլ գազի առաջացում հնարավոր չէ, եթե եղել է շմոլ գազ, ապա առաջացել է կացարանի այրման ժամանակ:
Ծնողներն իրենց վրդովմունքը հայտնեցին փորձագետի փորձագիտական գնահատականներից, նրան վիրավորեցին, բարկացան ու դժգոհ դուրս եկան նիստերի դահլիճից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































