ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի, 2025թ. – Ավելի ուժեղ մրցակցությունն առանցքային է Հայաստանի աճի համար, քանի որ կենտրոնացված շուկաները նվազեցնում են արդյունավետությունն ու արդարությունը, նշվում է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի նոր զեկույցում։
««Հայաստանի տնտեսական զարկերակ․արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» » զեկույցը կոչ է անում բարելավել մրցակցային կանոնների կիրարկումը և մատակարար-վաճառող ավելի արդար հարաբերություններ հաստատել՝ գները իջեցնելու, սպառողների ընտրության հնարավորությունները ընդլայնելու և փոքր արտադրողներին մրցունակ դարձնելու համար: Այս գործողությունների ձեռնարկումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և ավելի արդյունավետ տնտեսությանը, նշվում է զեկույցում:
«Մրցակցությունը միայն գների մասին չէ, այն հնարավորությունների մասին է», — ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը Ֆաբրիցիո Ձարկոնեն։ «Երբ շուկաները բաց են և թափանցիկ, փոքր ընկերություններն աճում են, սպառողները օգտվում են ավելի լավ ընտրության հնարավորություններից և գներից, իսկ արտադրողականության աճը վերածվում է ավելի լավ աշխատատեղերի և համատեղ բարգավաճման»։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսության մակրոտնտեսական հիմքերը կայուն են։ Աճը 2025 թվականին մինչ օրս սպասվածից ավելի արագ էր, ինչը պայմանավորված էր սպառողական ծախսերի, ներդրումների և ծառայությունների ու շինարարության ոլորտներում աճով։ Հոկտեմբերին գնաճը բարձրացել էր մինչև 3.3%, հիմնականում սննդամթերքի գների աճի պատճառով, մինչդեռ գործազրկությունը նվազել էր մինչև 12.3%։ Զեկույցը կանխատեսում է, որ առաջիկայում Հայաստանում աճը կկազմի 5.2% 2025 թվականին և 4.7% 2027 թվականին, ընդ որում՝ գնաճը, կանխատեսումների համաձայն, կկայունանա մոտ 3%-ի սահմաններում։
Կարդացեք նաև
Զեկույցի հատուկ գլխում ներկայացված վերլուծությունը հաստատում է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանը մրցակցության պաշտպանության և սպառողների պաշտպանության ոլորտներում առավել մոտեցել է միջազգային լավագույն փորձին՝ դրական ազդեցություն ունենալով մրցակցային միջավայրի վրա։ Միևնույն ժամանակ, զեկույցը մատնանշում է, որ Հայաստանի մրցակցային միջավայրը բնորոշվում է մանրածախ շուկայի բարձր կենտրոնացվածությամբ։ Թեև դա մասամբ կարելի է վերագրել երկրի փոքր շուկայի չափերին, նման կենտրոնացումը նվազեցնում է բիզնեսների մոտիվացիան նորարարությունների հանդեպ և հանգեցնում է նրանց ցածր արտադրողականությանը։
Վերլուծությունը հատուկ ուշադրություն է դարձնում մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտին, նշելով, որ վերջին բարեփոխումների ռազմավարական կիրառման և Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի կողմից իրազեկվածության բարձրացման միջոցով երկիրը կարող է բարձրացնել շուկայի թափանցիկությունը, բարելավել մատակարար-վաճառող հարաբերությունները, հնարավորություն տալ փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ մրցակցել: Սա կհանգեցնի սպառողների ընտրության ընդլայնմանն ու շուկայի ընդհանուր արդյունավետության աճին։ Շուկայական ուժեղ մրցակցության ապահովումը մարտահրավեր է և պահանջում է շարունակական մշտադիտարկում։ Այս նպատակի իրականացման համար առաջարկվում է ներդնել ինտեգրված և շուկայի «խելացի» մշտադիտարկման համակարգեր։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ


















































