Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով այսօր հարցաքննված փորձագետ Դավիթ Մելքումյանի պնդումը, թե կացարանի փայտե վառարանից շմոլ գազ հնարավոր չէր, որ առաջանար, վիճահարույց է դարձնում դատաբժշկական փորձաքննությունը, թե 15 զինվորի մահը վրա է հասել շմոլ գազից: Այս մասին Aravot.am-ին ասաց տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:
«Եթե հրդեհի բռնկման պահին կացարանում շմոլ գազ չի եղել, դա նշանակում է՝ զոհված զինվորները նորմալ պայմաններում քնած են եղել, հետեւաբար Եղիշեի ռեակցիայի, ողջ մնացած զինվորների օգնության կանչերի պարագայում նրանք վայրկենական պետք է արթնանային ու դուրս գային այդ տարածքից»,- ասաց Նորիկյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, այսօրվա փորձագետի հայտնած այս սենսացիոն հանգամանքները ինքը առաջիկայում հարցաքննվող դատաբժիշկներին հարցի տեսքով կուղղի:
«Այս փորձագետը նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք հայտնեց, այո՛, պնդեց, որ հրդեհի օջախը վառարանն էր, բայց չհաստատեց, որ հրդեհը կարող էր առաջացած լինել բենզինից»,- հավելեց Նորիկյանը:
Նրա խոսքով, ինչպես փորձագետն ասաց՝ գործնականորեն ու տեսականորեն հնարավոր է վերականգնել առավելագույնս նման դեպքի վայր ու կազմակերպել քննչական փորձարարություն՝ հասկանալու իրականում կարո՞ղ էր վառարանը վառելու արդյունքում նման ծավալի հրդեհ ստանալ, հետեւաբար, ինքը նման փորձարարություն կազմակերպելու միջնորդություն առաջիկայում կներկայացնի դատարանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































