Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին դատարանն այսօր երկամսյա կալանքի ենթարկեց, չնայած, որ նա ազատության մեջ չէր․ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ենթարկվել էր երեքամսյա տնային կալանքի։
Եվ մինչ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակեր Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի մասին որոշումը, մամուլում դեռ երկու ժամ առաջ ՀՀ քննչական կոմիտեին հղում տալով՝ տեղեկություն հրապարակվեց, որ նրան երկամսյա կալանքի են ենթարկել։
Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը սա պատահականություն չի համարում, նշում է՝ ունի ողջամիտ կասկած, որ կա հստակ ուղղորդում։
Կարդացեք նաև
«Ովքեր իրենց դրել են միամիտի տեղ և սա համարել պատահականություն՝ Աստված իրենց հետ։ Քննչական կոմիտեն ու նրա ներկայացուցիչ քննիչը երեկ գիշեր ծանուցվել են, որ որոշումը պիտի հրապարակվի այսօր ժամը 14․00-ին: Այդ ինչքա՞ն պիտի անփույթ լիներ, որ միամիտ այդպես հաղորդագրություն տարածեր։
Ողջամիտ կասկածն այն է, որ քննչական կոմիտեն երկու նպատակ է հետապնդել․ առաջինը՝ այդ իր միամտությամբ կամ իր անփութությամբ դատավորին այս քայլով ասել, որ բացի այս որոշումից՝ այլ որոշում չեն ակնկալում ձեզնից շահագրգիռ անձինք, որոնք կարող են իրավապահ մարմինների հետ կապեր չունենալ։
Երկրորդ՝ սրանով ինքն ասում է, որ կալանավորել են, հանրությունն իմանալու է, որ կալանավորել են, ու պատկերացրեք, եթե հանկարծ ժամը 14․00-ին դատարանն ասեր՝ չեմ կալանավորել։ Այս դեպքում ինչ հարցեր կառաջանային, այդ ընթացքում դատավորն ինչ փոխեց, որ իր որոշումը դարձավ չկալանավորել։
Երկու ճանապարհներն էլ խոսում են այն մասին, որ այս գործն ուղղի ուղղորդում, կոնկրետ նպատակ ու կոնկրետ ակնկալիք, և դա պահանջել են դատավորից։ Նման ողջամիտ կասկածներ իմ մոտ կան»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նրան հարցրեցինք՝ եթե Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի տակ է ու նոր որոշմամբ նրան երկամսյա կալանքի են ենթարկում, ինչպե՞ս է լինելու, նրա տնային կալանքը չեղյա՞լ է համարվելու։
«Էնքան ուրախ կլինեի, որ որևէ մեկն ինձ այդ հարցի պատասխանը տար։ Քրեական դատավարության օրենսգիրքն այդ հարցի պատասխանը չի տալիս, առհասարակ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է մեղադրյալին ձերբակալելու երկու ընթացակարգ․ առաջինը՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու, երկրորդը՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանը խախտած մեղադրյալի ձերբակալում։
Այս դեպքում Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել են առաջին ռեժիմով, այսինքն՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալում։ Հայաստանով մեկ փնտրում ենք ազատության մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյան, չենք գտնում, ում կարելի էր ձերբակալել։
Մարդը գտնվել է տնային կալանքի տակ։ Այդ մարդուն այդ ռեժիմով ինչպես են ձերբակալել, օրենքն այդ հարցի պատասխանը չունի։ Այդ հարցի պատասխանն ունի միայն ձերբակալումն իրականացրած անձը։
Բայց ո՞րն է այստեղ խնդիրը, կոնկրետ Ղուկասյանների հետ կապված փաստորեն Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները չեն կիրառվում կամ կիրառվում են տարբերվող մեկնաբանությամբ՝ պայմանավորված Ղուկասյանների անձով, ուրիշ բացատրություն չեմ տեսնում ես այս ամենին»,- ասաց փաստաբանը։
Ըստ Արամայիս Հայրապետյանի, եթե Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի տակ է, որը Սահմանադրական դատարանը ևս նշում է, որ նույն կալանքն է, ապա չպետք է այլ խափանման միջոց ընտրվեր։
«Քննիչն ասում է, ազատության մեջ մնալով՝ կարող է խոչընդոտել քննությանը, մենք ասում ենք՝ եթե կլինի ազատության մեջ, եկեք, ասեք, որ դուք ռիսկ եք տեսնում, բայց մարդն ազատության մեջ չէ, այդ որոշումն էլ քննիչն է ներկայացրել, որով երեք ամիս երկարացրել է տնային կալանքի ժամկետը։
Հիմա ասում ենք՝ ի վերջո ասեք՝ մարդը ազատությա՞ն մեջ է, թե՞ մեջ չէ, եթե ազատության մեջ չէ, էլ ձեր մտավախությունը ո՞րն է, որ ազատության մեջ մնալով՝ կարող է ինչ-որ խոչընդոտ հանդիսանալ քննությանը։
Այս հարցերի պատասխանը չտրվեց, ավելին ասեմ՝ դատավորը քննիչին հարց ուղղեց, ենթադրենք ձեր միջնորդությունը բավարարեցի տնային կալանքի հետ ինչ եմ անելու, քննիչն ասում է՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Նա այդ հարցը պատասխանը չուներ, դատավորն էլ չստացավ այդ հարցի պատասխանը, բայց բավարարեց քննիչի միջնորդությունը»։
Մեր հարցին, թե Հակակոռուպցիոն դատարանում ի՞նչ է արել Սպարտակ Ղուկասյանը, որը որակվել է որպես խուլիգանություն ու նրան մեղադրանք է առաջադրվել, Արամայիս Հայրապետյանը պատասխանեց․ «Սպարտակին առհասարակ որեւէ մեկը հարց չի տվել, նա որևէ հարցի չի էլ պատասխանել։ Աբսուրդը որն է, այնտեղ լսվում է արտահայտություն․ «Ով մեզ ուժի լեզվով խոսա», և կողքից լսվում է «վոզդուխ» բառը։ Հիմա քննիչները գտել են, որ լսվող «վոխզդուխ» բառը ոչ թե «վոզդուխ» է, այլ մի բառ են դրել, հայհոյանք՝ «էս ինչի վաստակ ա»։ Նախ գյումրեցին երբեք չէր ասի «վաստակ ա», կասեր՝ «վաստակ է», երկրորդն էլ, եթե լսվում է «վոզդուխ» բառը, ձեր ականջին մինչև հասնելը ինչո՞ւ ձևափոխվեց այդ բառը։
Տեսագրությունների մեջ ուղղակի հայհոյանք չի լսվում, որ կողմից ուզում եք՝ նայեք, սեռական բնույթի հայհոյանք չի լսվում, իսկ իրենք ասում են՝ Սպարտակ Ղուկասյանը կատարել է սեռական բնույթի հայհոյանք։
Զուգահեռ այլ ձայներ են լսվում, կարող է առաջին պահին չլսեք «վոզդուխ» բառը, բայց հայհոյանք էլի միանշանակ չէիք լսի, բայց եթե «զ» տառ են լսել իրենք ու «զ» տառով հայհոյանք են կազմել, առավել ուշադիր լսելու դեպքում «վոզդուխը» բառը շատ մաքուր լսվում է։
Ավելին, մենք ունենք ձայնագրությունը, որտեղ հնարավոր աղմուկից մաքրել ենք, և «վոզդուխ» բառն ավելի պարզ է լսվում։ Դատարանում էլ «վոզդուխ» բառը լսվեց, տեսագրությունները միացրեցինք, այդ հատվածին ուշադրություն հրավիրեցինք և «վոզդուխ» բառը վերջին «խ» տառի շեշտադրմամբ լսվում է, բայց մեկ բան է՝ լսվում է այն, ինչ օբյեկտիվ կա, մեկ այլ բան է, թե ով ինչ է ուզում լսել»։
Արամայիս Հայրապետյանն ասում է, որ որոշման բովանդակությանը դեռ ծանոթ չեն, բայց անկախ բովանդակությունից՝ իրավական ընթացակարգի հետ կապված նման որոշում չպիտի կայացվեր, այդ հիմքով հաստատ կբողոքարկեն։
Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանի մյուս փաստաբանը՝ Զարուհի Փոստանջյանը, դատարանից ուղիղ եթեր մտնելով, հարցնում էր՝ ինչպես են լրատվամիջոցները հրապարակել երկամսյա կալանքի մասին, երբ դեռ դատարանի որոշում չկար։ Ըստ նրա, այդ անոնսը նախապես տրված էր, ու իրենք հարցեր ունեն հղելու երկամսյա կալանքի մասին նախապես հրապարակում արած լրատվամիջոցներին։ Նա ևս նշեց, որ որոշումը բողոքարկելու են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































