Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նախագահում է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը՝ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ

Նոյեմբեր 21,2025 17:53

Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ նախագահությամբ. նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Խորհրդի հերթական նիստում ներկայացվել են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական համագործակցության 2021–2030 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, ինչպես նաև 2025–2026 թթ. միջոցառումների արդյունքները:

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը կարևորում է կարիքները և ներուժը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով  ՀՀ երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները․ «Առաջին անգամ ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որով պետությունը ստանձնել է պարտավորություն՝ ստեղծելու պայմաններ երիտասարդության ներուժի բազմակողմանի զարգացման, որոշումների ընդունման գործընթացներում նրանց մասնակցության ապահովման նպատակով, ինչպես նաև ձևավորելու միջավայր, որն ուղղված է երիտասարդների կարիքների և հետաքրքրությունների բավարարմանը՝ կարևորելով հատկապես մարզաբնակ երիտասարդների ներգրավումը։ Պետական քաղաքականությունը նպատակ ունի ձևավորել ստեղծարար, նախաձեռնող, հմուտ և մրցունակ երիտասարդություն, ինչպես նաև ընդլայնել երիտասարդների հնարավորությունները՝ իրենց իսկ երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Պետք է շեշտել, որ օրենքի մշակման գործընթացն իրականացվել է լայն հասարակական քննարկումների ձևաչափով՝ ապահովելով ժողովրդավարական ընթացակարգերը։ Սա օրենք է, որը ստեղծվել է ոչ միայն երիտասարդների համար և նրանց հետ, այլև հենց երիտասարդների կողմից»։

Երիտասարդական աշխատողներ ՏԻՄերում և երիտասարդական կենտրոններ համայնքներում

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության ուղղությունները և մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է երիտասարդական աշխատողներ ունենան: «Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված են երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը, մասնակցության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ինտելեկտուալ և բովանդակային ազատ ժամանցի ապահովմանը։ Այդ երիտասարդական միջավայրերը ստեղծվում են պետության, համայնքների և քաղհասարակության ջանքերով»,- ասել է նախարարի տեղակալը՝ անդրադառնալով ընձեռված նոր հնարավորություններին:

Երիտասարդական աշխատանքի մասնագիտական կարևորության մասին

Նա առանձնակի ընդգծել է նաև երիտասարդական աշխատանքի՝ որպես առանձին մասնագիտական ոլորտի ճանաչման կարևորությունը, հետևապես այս ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը։ Արթուր Մարտիրոսյանը հավելել է՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը կարգավորում է նաև պետության և քաղաքացիական հասարակության՝ միավորված խորհրդատվական ձայնի ներկայացվածության հարցը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական երիտասարդական ֆորումում։

Կապանը ճանաչվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը քննարկել և հաստատել է 2026 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ճանաչելու հարցը: Գալիք տարի ԵՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Կապանում նախատեսվող միջոցառումների նախնական ծրագիրը։

Խորհուրդը ընդունել է որոշումներ կամավորության խթանման, մեդիագրագիտության և կիբերանվտանգության զարգացման և տարածման, ԱՊՀ երկրներում կազմակերպվող երիտասարդական միջոցառումներին անդամ երկրների երիտասարդների մասնակցության և այլնի վերաբերյալ։

ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստան, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

Խորհրդի նիստի շրջանակում ամփոփվել է նաև «100 գաղափար ԱՊՀի համար» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում հաղթած երեք լավագույն գաղափարների հեղինակները։ Հայաստանը ներկայացնող  երկու մասնակիցների ներկայացրած գաղափարներն արժանացել են մրցանակի։  «Wonder Kid STEAM» ակադեմիայի ռոբոտաշինության և անգլերենի մարզիչ Ռոզա Ծերունյանի  նախագիծը հաղթող է ճանաչվել կրթության, իսկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անի Հարությունյանի նախագիծը՝ առողջապահության անվանակարգում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը նախագահել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջել և ծանոթացել է «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի տաղավարներում ներկայացված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչների գաղափարներին։

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ մասնավորապես նշելով, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային ծրագրի նպատակն է բացահայտել և խթանել ԱՊՀ մասնակից երկրների սոցիալ–տնտեսական զարգացման համար գործնական արժեք և կարևորություն ունեցող նորարար գաղափարները և նախագծերը. «Ծրագիրը միտված է նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապերի ստեղծմանը և զարգացմանը, հասարակական կառույցների համագործակցությանը՝ հասարակական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այն նաև հարթակ է ԱՊՀ երկրների երիտասարդության փորձի և գիտելիքների փոխանակման համար։ Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց գաղափարները ներկայացնել ոչ միայն փորձագիտական հանձնաժողովին, այլև իրական հնարավորություն ստանալ՝ դրանք կիրառելու տնտեսության կամ բիզնեսի մեջ»։

Նա հիշեցրել է, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի իրականացումը որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից՝ 2018 թվականի հունիսի 1-ին՝ Հայաստանի առաջարկությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովին, գնահատող փորձագետներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք նպաստել են նախաձեռնության կայացմանը.  «Իմ պատգամը երիտասարդ մասնակիցներին հետևյալն է՝ այս օրերին դուք ձեր երկրների դեսպաններն եք։ Օգտվե՛ք այս հարթակից՝ տարբեր ժողովուրդների երիտասարդների միջև կապեր ստեղծելու և երիտասարդական միջավայրում գործարար ու նորարարական մշակույթ ձևավորելու համար։ Վստահե՛ք ձեր ուժերին, մի՛ վախեցեք երազել»:

Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար»  մրցույթի հաղթողներին և մասնակիցներին հանձնել է մրցանակներ և պատվոգրեր։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930