«Իշխանություններն այսօր անում են այն սխալները, ինչ անում էր ընդդիմությունը 20-25 տարի առաջ։ Հիշում եք՝ Քոչարյանն ասում էր, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ենք։ Լուծե՞լ էր։ Հիմա էլ իշխանություններն են ասում, թե խաղաղությունը հաստատված է։ Ոչ, խաղաղությունը հաստատված չէ։ Դրա հնարավորությունը կա, բայց կան նաև շատ մեծ ռիսկեր։ Նրանք խաբում են մեր հասարակությանը, ինչպես Քոչարյանն էր խաբում։ Եվ արդյունքը կարող է նույնքան ողբերգական լինել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ վերլուծաբանը գտնում է, որ այդ երկիրը տարբեր պահանջներ է դնում ոչ թե նրա համար, որ դրանք կատարենք, այլ՝ չկատարենք։ Այդպիսով իրենք ագրեսիա կիրառելու լեգիտիմ իրավունք կստանան։ «Այնպես, ինչպես կիրառեցին Արցախի նկատմամբ։ Նրանք ոչ թե խաղաղության համաձայնագիր են նախապատրաստում, այլ՝ մի փաստաթուղթ, որը կլեգիտիմացնի իրենց հետագա ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,- հավելեց նա։
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ արդեն Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ ընտրություններին ընդառաջ այդ երկիրը կարող է այստեղ սոցիալ-տնտեսական լարվածություն առաջացնելու միջոցով գեներացնել որոշակի տրամադրություններ։ Նաև հավելում է, որ Ռուսաստանին չի հետաքրքրում գործարար Սամվել Կարապետյանի ճակատագիրը, Ռուսաստանին այստեղ ունեցած ռեսուրսները, ենթակառուցվածքներն են հետաքրքրում։ Եվ իրենք դա ընկալում են ռուսական ազդեցության կարևոր գործիքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































