Գյումրու՝ կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ՀՀ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել։
Նրան առաջադրված թվով 3-րդ մեղադրանքը կապված է երեքշաբթի օրը Հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո արված հայտարարությունների հետ։ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած այդ նույն դատական նիստից հետո ինչպես Վարդան Ղուկասյանի, այնպես էլ նրա որդու Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով։
Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանում տարբեր մտքեր էր արտահայտում, հիշեցնում, որ Բրեժնևն էլ եկավ, գնաց, Սադամ Հուսեյն էլ, կյանքն անցողիկ է։ Նա նաև ասում էր, որ իրենք կոտրվող չեն, այլ կոտրող են, ամեն ինչ լավ է լինելու։ Նա նաև պնդում էր, որ իրենք անմեղ են՝ ի նկատի ունենալով տվյալ պահին դատվողներին։
«Կաշառքից էնքան հեռու ենք, եթե որևիցե մեկը ինձ մեղադրում է, ուրեմն ինքն իրա մորն ու աղջկան բան է արել, էլ ինչ ասեմ։
Կարդացեք նաև
Ազատությո՜ւն, հաղթելու ենք, չարը գնալում է, ներքին թուրքին էլ բռնաբարելու ենք», հայտարարել էր Ղուկասյանը:
Aravot.am-ը նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից հետաքրքրվեց, թե Վարդան Ղուկասյանի՝ կոնկրետ որ արտահայտությունն է որակվել որպես խուլիգանություն ու դրվել մեղադրանքի հիմքում։
«Նշվում է «բան է ասել, բան է արել» արտահայտությունները, հիմա թե «բանը» երբվանից դարձավ հայհոյանք, չգիտեմ։ Հիմա ես հարցազրույց եմ տալիս, իմ խոսքում ասում եմ՝ ինչ-որ բան եմ մոռացել կամ էն օրը բան եմ արել, ի՞նչ, դա եղավ խուլիգանությո՞ւն։
Ով ինչ հասկանում է, կամ ով ինչ ձևով ուզում է հասկանալ, դա դարձնում է իրականություն և բերում է դատավորին, ասում է՝ էս մարդը խուլիգանություն է արել։ Տարածական մեկնաբանության դասական դեպք, իսկ Քրեական օրենսգիրքը տարածական մեկնաբանությամբ կիրառելն ուղղակի արգելվում է օրենքով»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանը նաև նշում է, որ Վարդան Ղուկասյանի հայտարարությունների հետ կապված երեք առաջարկ է հրապարակվել։
«Առաջինը՝ հարուցել քրեական գործ, 2-րդը՝ բանտախցում խոշտանգել,3 -րդը խոսքի ազատություն է, ինչ ուզում է, թող ասի։
Հիմա այդ երեք առաջարկներից առաջինը կատարվեց, հարուցվեց քրեական գործ, մեղադրանք առաջադրվեց։ Իմ կասկածներով, չի բացառվում նաև երկրորդ սցենարը, այն է՝ բանտախցում խոշտանգել՝ հաշվի առնելով պարոն Ղուկասյանի և՛ բանտախցի պայմանները, և՛ առողջական վիճակը, և՛ առողջական վիճակի պատշաճ հետևելու հետ կապված խոչընդոտները, որոնք ստեղծում են։
Հետևաբար և ասել, որ այս քրեական վարույթը սովորական քրեական վարույթ է՝ իրավական տիրույթում, իմ կարծիքով առնվազն կասկածելի է։
Տա Աստված, այս երկրորդ սցենարի առաջարկը չլինի, չնայած այդքան հույսեր չունեմ», -ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































