Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանկերի մի մասը խափանված էին, հին էին, նախորդ պատերազմից էին մնացել»․ Ի՞նչ է պատմում «Լելե Թեփե»-ի գործով վկան

Նոյեմբեր 21,2025 22:30

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր տեղի ունեցավ «Լելե Թեփե»-ի գործով հերթական դատական նիստը։

Դատարանն անցել է վկաների հարցաքննության փուլին, այսօրվա նիստում հարցաքննվեց 2020 թվականի պատերազմի մասնակից զինծառայողներից մեկը։ Վկա Հակոբյանը պատմեց, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերվանից մինչեւ հոկտեմբերի 7-ը, երբ նախատեսված էր հակահարձակման գործողություն իրականացնել։ Նա նշեց, որ իրենց գործողությունները ղեկավարում էր տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը, որն այս գործով մեղադրյալներից է։ Վկան ասաց, որ այս գործով մյուս մեղադրյալների՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի՝ «Ցոր»-ի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանի եւ զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանի հետ առնչություն չի ունեցել։

Նշենք, որ այս գործով դատախազի ներկայացրած փորձագիտական եզրակացության համաձայն՝ «8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի շարասյունն անգամ չի հասել գրոհի անցման գծին։ Հանդիպելով հակառակորդի խմբավորմանը՝ բրիգադը մտել է մարտի մեջ եւ ոչնչացրել այն։ Ու չնայած հաջողություն ունենալուն, փաստացի դադարեցրել է հետագա գործողությունները»։

Վկան ասաց, որ գործողությանը մասնակցելու համար նախատեսված տանկերի մի մասն անսարք էին, պատմեց, որ լցակայան են հասել 20 տանկ, բայց լցակայանից դուրս են եկել 9 տանկերով։

Գառնիկ Մնացականյանի պաշտպանը հարցրեց՝ ո՞րն էր պատճառը, որ 9 տանկ դուրս եկավ լցակայանից։ «Գիտեմ, որ խափանված տանկեր են եղել։ Տանկերը հին էին, նախորդ պատերազմից էին մնացել»,- պատասխանեց վկան։

Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հարցրեց՝ անորակ վառելիքի մասին լսե՞լ էին։ Ի պատասխան վկան ասաց, որ պատերազմից ամիսներ առաջ զորավարժություն էր եղել, բոլորը տանկերը մասնակցել էին։ «Եղե՞լ է դեպք, որ ինչ-որ պատճառով ճանապարհին ձեզ խանգարեին, որ դուք դանդաղ գնայիք, հրամանատարների կողմից արհեստական խոչընդոտ ստեղծե՞լ են, որպեսզի ձեր երթը խանգարեին։ Կամ հրաման եղե՞լ է, որ սահմանված արագությունից դանդաղ գնաք, որ ուշ հասնեք տեղ»,- հարցրեց պաշտպանը։ Վկան ասաց, որ որեւէ նման հրամանի մասին ինքը տեղյակ չէ, հակառակը, տանկերն արագ էին շարժվում, կարծես միմյանց հետ մրցում էին։

«Լսե՞լ եք, որ ինչ-որ տանկի անձնակազմ կամ ինչ-որ մեկը դիտավորյալ գործողություն է կատարել, որպեսզի տանկը խափանվի։ Կամ պարոն Մնացականյանի եւ մյուսների կողմից հրաման եղե՞լ է, որ մի 3-4 տանկ հետ գնան։ Սուբյեկտիվ պատճառ եղե՞լ է, որ տանկերը չգան հասնեն տեղ»,- հարցրեց պաշտպանը։

Վկան պատասխանեց, որ Գառնիկ Մնացականյանից ընդհանրապես նման բան չի տեսել։ «Պարոն Օհանյանի հետ ի սկզբանե չենք առնչվել, մեր հրամանատարությունը պարոն Մնացականյանն է ստանձնել, իսկ պարոն Մնացականյանից ընդհանրապես տենց բան չենք տեսել։ Պարոն Մնացականյանը միշտ մեր կողքին է եղել, վախկոտություն չի դրսեւորել երբեք, պատերազմի ժամանակ վստահություն եմ ունեցել նրա նկատմամբ՝ որպես հրամանատար»,- ասաց նա։

Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը շարունակեց հարցադրումը․ «Զգացե՞լ եք, որ 20 տանկից 9 տանկի տեղ հասնելու, այսինքն՝ 11 տանկի տեղ չհասնելու մեջ որոշակի մեղք ունի Մնացականյանը։ Նա որոշակի գործողություն արե՞ց կամ որոշակի անգործություն ցուցաբերե՞ց, որ տեղ չհասնեն տանկերը»։ Վկան պատասխանեց, որ նման դեպքի մասին չի իմացել։

«Եթե անդրադառնանք կոնկրետ գնդի հրամանատարի գործողություններին՝ կապված մարտը ղեկավարելու հետ, որեւէ դժգոհություն լսե՞լ եք, որ, օրինակ, լավ չի ղեկավարում, կապի դուրս չի գալիս կամ թողեց փախավ»,- հարցրեց փաստաբանը։ Վկան պատասխանեց, որ նման տեղեկատվություն իրեն հասանելի չի եղել։

Արթուր Օհանյանը հորդորեց վկային ուղղել հարցեր, որոնց նա իրավասու է պատասխանել։ «Պարոն Հակոբյանը նշանառու օպերատոր է ի պաշտոնե, բայց թե դատախազի կողմից, թե մեր կողմից տրված հարցերից միայն մեկ հարց է եղել, որը վերաբերել է իր ծառայողական պարտականություններին, եւ այդ մարդը հստակ պատասխանել է։ Հարց է հնչել՝ եթե ճանապարհին հակառակորդ հանդիպեր, ի՞նչ պետք է անեիք, այդ մարդը հստակ ասաց իր պարտականությունները, թե ինչ պետք է աներ։ Իմ հորդորն այն է, որ իր ծառայողական պարտականություններին վերաբերող հարցեր տանք»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին, կհարցաքննվեն մյուս վկաները։

Նշենք, որ ըստ քրեական վարույթի՝  «8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի՝ Ցոր-ի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, Արթուր Օհանյանը ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն՝ հարձակման անցնել Հորադիզի արեւմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ եւ վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների եւ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները»։ Արթուր Օհանյանի հետ միասին այս գործով մեղադրյալ են նաեւ զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանը եւ տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը։ Արթուր Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը՝ ռազմական դրության ժամանակ), Գեղամ Աբրահամյանի եւ Գեղամ Մնացականյանի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):

«Լելե Թեփե»-ի գործով պաշտպանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում եւ տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որեւէ առնչություն չունի, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որեւէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսեւորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով նաեւ «Լելե Թեփե»-ի ձախողված օպերացիայի մասին, պատասխանատվությունը բարդել էր զինվորականների, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի որդու վրա։ Սեյրան Օհանյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր․ «Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, «Լելե Թեփե»-ի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930