Լրահոս
Օրվա լրահոսը

Հետանկախական եւ հետհեղափոխական հայերեն քաղաքական խոսույթների վերլուծություն. մաս Բ

Նոյեմբեր 22,2025 13:00

Առաջին մասը՝ այստեղ:

Գալով Արցախի թեմային՝ հարկ է նկատել, որ պատմականորեն հայկական տարածքն ունի մի քանի անվանում՝ Արցախ, Լեռնային Ղարաբաղ եւ Ղարաբաղ։ 90-ականներին հայերեն քաղաքական պաշտոնական խոսքում «Արցախը», «Լեռնային Ղարաբաղը» եւ «Ղարաբաղը» կիրառվել են փոխառփոխ։

Տեր-Պետրոսյանի նախագահության ամբողջ ժամանակաշրջանի հրապարակումներում կարելի է հանդիպել թե՛ Արցախ անվանմանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Ղարաբաղը, ընդ որում՝ «հանրապետություն» բառի հետ մեկտեղ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Փաշինյանի խոսույթից աստիճանաբար սկսեց անհետանալ «Արցախ» եւ «հանրապետություն» եզրույթները։ Փաշինյանը գերադասում էր կիրառել միայն միջազգային հանրության կողմից կիրառվող «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Հատկանշական է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ձեռքբերված համաձայնություններից հետո Փաշինյանը գերազանցապես կիրառում է Ադրբեջանի կողմից պնդվող «Ղարաբաղ» անվանումը։

Սա տեսանելի է թե՛ Փաշինյանի հրապարակային խոսքում, թե՛ սոցիալական ցանցերի գրառումներում։ Նկատելի է նաեւ, որ «Արցախ» բուն հայկական անվանումից հրաժարվելը վերաբերելի է միայն Փաշինյանին եւ հայաստանյան ընդհանուր քաղաքական խոսույթում իրենց տեղն ունեն թե՛ «Արցախը», թե՛ «Ղարաբաղը»։

Ղարաբաղյան հակամարտությունից բխող եզրութաբանությունը քաղաքական խոսույթում

Որպես Արցախյան շարժման արդյունքում ստեղծված պետություն՝ Հայաստանի քաղաքական խոսույթում մեծ տարածում են ունեցել Արցախի հարցի եւ ղարաբաղյան հակամարտության հետ կապված եզրույթներ։ Կան եզրույթներ, որոնք կիրառել են Տեր-Պետրոսյանից մինչեւ Փաշինյան։ Կան նաեւ հատուկ եզրույթներ։

Այդ եզրույթներից են՝ «կարգավիճակը» եւ «ինքնորոշման իրավունքը»։ «Կարգավիճակը»՝ լատիներեն՝ status-ը, վերաբերում էր միջազգային իրավունքի սահմաններում Արցախի որոշվելիք իրավական վիճակին։ Կարգավիճակի որոշման հարցում Արցախի ժողովուրդն ուներ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունք։ Նկատենք, որ 2022 թվականին, երբ Հայաստանը հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետապնդումից, քաղաքական պաշտոնական խոսույթում «ինքնորոշման իրավունքին» փոխարինելու եկավ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովում» բառակապակցությունը։

«Փոխզիջումը» եւ «ստատուս քվոն» նույնպես լայն տարածում ունեին հայերենում։ Նախ, փոխզիջումը հակամարտության կարգավորման տարբերակ էր, եւ բնական է, որ այդ եզրույթը պետք է կիրառվեր հայերեն քաղաքական խոսույթում։  «Ստատուս քվոն», թեեւ հայերեն չէ, լատիներեն է, կիրառվել է գետնի վրա գոյություն ունեցող առկախված փաստացի վիճակը բնորոշելու համար։

Հակամարտության համատեքստում կիրառվել են նաեւ «բանակցություններ», «խաղաղություն» եւ «պատերազմ» եզրույթները։ Վերը նշվածները լրացուցիչ մեկնաբանման կարիք չունեն, քանզի այս եզրույթների կիրառման պատճառներն ակներեւ են։

«Կարգավորում» եւ «գործընթաց» եզրույթները նույնպես կիրառվել են, հաճախ միասին։ Կար հակամարտություն, որը պետք է կարգավորվեր։ Կարգավորման համար գոյություն ուներ կարգավորման գործընթաց։

Հակամարտության համատեքստում նկատեցինք նաեւ մեկ բառաստեղծություն. այն է՝ «եռանախագահությունը»։ Հակամարտության կարգավորման համար միջնորդությամբ զբաղվում էր ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահներից կազմված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Համանախագահներին հայերենում, բացի պաշտոնական «համանախագահներ», «համանախագահություն» կոչելուց, հաճախ կոչում էին «եռանախագահներ», «եռանախագահություն»:

Չհաջողվեց հստակորեն գտնել անձնավորությանը, որն առաջինն է կիրառել  «եռանախագահությունը», սակայն բառին կարելի է հանդիպել 1997 թվականին ՀՀ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հնչեցրած հարցի ժամանակ։

Ուշագրավ է, որ միջնորդական այս ձեւաչափի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն անվանումները համապատասխանել են «համա» նախածանցին եւ ոչ «եռա» նախածանցին։

«Արկածախնդրություն»

Նախագահ Տեր-Պետրոսյանը արցախյան հարցի մասին բարձրաձայնելիս բազմիցս կիրառել է նաեւ «արկածախնդրություն» բառը։ Իր քաղաքական խոսքն ուսումնասիրելիս նկատում ենք, սակայն, որ «արկածախնդրությունը» նա կիրառել է ոչ միայն արցախյան խնդրի, այլեւ ներքաղաքական, ներհայաստանյան համատեքստերում։

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», 1997թ. – «Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն»։

ՀՀ նախագահի մամուլի ասուլիս, 1997թ. – «Այո՛, ես համոզված էի, որ ընդդիմությունը, գալով իշխանության գլուխ, պիտի սկսեր դիմել արկածախնդրությունների»։

ՀՀՇ 9-րդ համագումար, 1996թ. «Պատահական չէ, որ անգամ սեպտեմբերյան արկածախնդրությունից հետո ԱԺՄ-ն չի դադարեցրել բռնության բացահայտ կոչերն ու քողարկված սպառնալիքները»։

Ուղերձ՝ նախագահական ընտրության առթիվ, 1996թ. «Որոշ ծայրահեղական ուժերի արկածախնդրության պատճառով ստվեր գցվեց ընտրությունների վրա»։

«Արկածախնդրություն» եզրույթը տեղ էր գտել նաեւ 1996-ին նախագահի պաշտոնը վերստին ստանձնող Տեր-Պետրոսյանի երդման տեքստում, որտեղ նա երդվում է հեռու մնալ արկածախնդրությունից։

Ուշագրավ է, որ «արկածախնդրությունը» Տեր-Պետրոսյանը կիրառել է նախագահի պաշտոնը լքելուց հետո նույնպես։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությանն անդրադարձներից մեկում Առաջին նախագահն ասել է. «Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով»։

Նույն բառի՝ «արկածախնդրության», հաճախակի կիրառումը շեշտում է Տեր-Պետրոսյանի զգուշականության մասին։ Քաղաքական խոսքի սպառողը՝ քաղաքացին, պետք է հավուր պատշաճի ուշադրություն դարձնի կրկնվող բառերին, քանի որ դրանք ավելին են, քան լոկ լեզվի մասնիկ։

Հեղափոխություն, իշխանափոխություն, իշխանազավթում

Դառնալով 2018 թվականին՝ հետաքրքիր են գարնանային իրադարձությունների բնութագրման մի շարք տարբերակները։ 2018 թվականի գարնանը, ժողովրդական ճնշման ներքո, Սարգսյանը հրաժարական ներկայացրեց եւ իշխանության գլուխ եկավ Փաշինյանը։

Այդ իրադարձությունը վարչապետ Փաշինյանի, իշխող ուժի եւ նրա համակիրների կողմից անվանվում է «հեղափոխություն»։ Ավելի ծավալուն տարբերակ եւս կիրառվում է. դա է՝ «Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»։ Այսինքն՝ ապահովվում է էմոցիոնալ առումով դրական բառերի կիրառություն, ինչն էլ նաեւ շեշտում է, որ Սարգսյանի փոխարինումը Փաշինյանի հետ ժողովրդական, խաղաղ, բայցեւ բուռն գործողությունների արդյունք էր։ Այդուհանդերձ, զուտ «հեղափոխություն» տարբերակը կիրառվում է չեզոք առումով եւս։

Ընդդիմադիր, քննադատ կամ չեզոք քաղաքական գործիչները եւ փորձագետները նախընտրում են «իշխանափոխություն» եզրույթը, որն արձանագրում է չոր փաստը, որ կատարվել է իշխանության փոփոխություն, այսինքն՝ վարչապետ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ խորհրդարանն ընտրեց Փաշինյանին։

Ավելի քիչ տարածված տարբերակ է «իշխանազավթում» եզրույթը, որն առավելապես կիրառում են Երրորդ նախագահի համակիրները։ Խորհրդարանական ելույթներում այդ եզրույթը բնորոշ է հատկապես «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

2018-ի փողոցային իրադարձությունների ժամանակ քաղաքական խոսույթում տեղ գտան «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացինե՛ր» դիմելաձեւն, ինչպես նաեւ «դուխո՛վ» վանկարկումը, որը, հարկ է նկատել, հայերեն չէ։

Վերջին առնվազն երեք տարիներին հայերեն քաղաքական խոսույթում լայն տարածում են գտել «ինքնիշխանություն» եւ «դիվերսիֆիկացիա» եզրույթները։ Երկու բառերը որոշակի փոխկապակցվածություն ունեն, քանի որ երկուսն էլ կիրառվում են Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազման ենթատեքստի ներքո։ Այս ենթատեքստում նկատելի է նաեւ «գուբերնիա», այսինքն՝ հայերեն ծայրագավառ բառի օտարալեզու տարբերակը, որը տարածվում է՝ նկարագրելու համար Ռուսաստանից կախվածության ընկալումը։

«Ավելի… քան երբեւէ»

2025-ի ամառ-աշնանը վարչապետ Փաշինյանը սկսեց հաճախակի օգտագործել «ավելի…քան երբեւէ» կառուցվածքը։ Փաստը, որ այդ կառուցվածքի գործածումը կրկնվող է, պահանջում է մեր ուշադրությունը։ Փաշինյանն «ավելի… քան երբեւէ» կառուցվածքը գործածել է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձում, Կառավարություն-Ազգային ժողով սեպտեմբերյան հարցուպատասխաններից մեկի ընթացքում, ինչպես նաեւ սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։

Նա փոխառփոխ կիրառում է «ավելի անկախ, քան երբեւէ», ավելի «ինքնիշխան», «պետություն», «բարեկեցիկ», «հեռանկարային», «ժողովրդավարական» եզրույթները։

Օրինակ՝ ԵԽԽՎ-ում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբեւէ, ավելի պետություն է, քան երբեւէ, ինքնիշխան է, քան երբեւէ, ավելի ժողովրդավար է, քան երբեւէ»։

Գործածվող հռետորական հնարքը՝ զուգահեռականությունը, Փաշինյանի ասելիքը, թե Հայաստանն «ավելի… քան երբեւէ», ավելի է շեշտված  դարձնում։ Այստեղ իմաստը դառնում է երկրորդական, քանի որ ունկնդրի մտքի վրա ազդեցություն է թողնում իմաստի արտահայտման միջոցը։

Ամփոփում

Հետանկախական Հայաստանի եւ հետհեղափոխական Հայաստանի քաղաքական խոսույթներն ավելի շատ տարբերություններ ունեն, քան նմանություններ։ Նախ, 90-ականներին պահպանվում էր որոշակի ֆորմալություն, ինչը քաղաքական մշակույթի նախադրյալների մասին էր խոսում։ Թվում է, 30 տարի անց քաղաքական մշակույթը պետք է կայուն հիմքեր ունենար։

Դա ակնհայտորեն այդպես չէ։ Չկա մեկ պատճառ։ Քաղաքական խոսույթի որակական անկումը կարելի է պայմանավորել թե՛ Լեզվի մասին օրենքի անտեսմամբ, թե՛ համացանցի առաջացրած արտոնություններով, թե՛ քաղաքական գործիչների անզուսպ խոսելաձեւով։

Հետաքրքիր է նաեւ, որ ի տարբերություն անկախական շարժման, 2018-ի շարժման մեջ մտավորականությունը չի ունեցել առաջնային դեր։ Այսօր էլ, եթե համեմատենք 90-ականների հետ, մտավորականությունը երկրորդ պլանում է։

Կարծում ենք, որ հայերեն քաղաքական խոսույթի որակական վերելքի համար առաջին հերթին անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, սակայն դա քննարկման այլ թեմա է։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930