Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 29. «Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները պահում ենք բարձր նշաձողի վրա»

Նոյեմբեր 22,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Տարիներ շարունակ փորձ արվեց հանրությանը համոզել, թե ռուսական կողմի հետ հարաբերությունները կայուն են, վերահսկելի եւ նախկինից էլ ամուր։ Փորձեցին ներկայացնել, որ ամեն ինչ ընթացքի մեջ է եւ Հայաստանը վստահորեն քայլում է «բալանսավորված դիվանագիտության» ճանապարհով։ Բայց իրականությունն այնպիսին է, որ հայ–ռուսական հարաբերությունները վերջին տարիներին հասան պատմականորեն ամենացածր, ամենաողբերգական եւ ամենաանորոշ վիճակին։

Այս սուտը հիմնված է ոչ թե սխալ տեղեկատվության, այլ լիարժեք քաղաքական իմիտացիայի վրա։ Քաղաքականությունն ամբողջությամբ դարձավ PR, իսկ ռազմավարական հարաբերությունները՝ մեկի մյուսին մեղադրելու հրապարակային խաղ։

Դեռ 1 տարին չէր բոլորել Փաշինյանի կառավարության, երբ ՌԴ նախագահը ժամանեց Հայաստան, բայց Նիկոլ Փաշինյանն անգամ չգնաց օդանավակայան դիմավորելու նրան։

Այդ քայլը ոչ թե անուշադրություն էր, այլ հստակ քաղաքական մեսիջ, որը Մոսկվայում ընդունեցին շատ ավելի խիստ, քան Երեւանը փորձում էր ներկայացնել։ Դիվանագիտության մեջ նման ժեստերը չեն իրականացվում «պատահական». դա բացարձակ սառեցման, հիասթափության եւ վստահության փլուզման խորհրդանիշ էր։

Եվ երբ պետության ղեկավարն անգամ չի ներկայանում իր ռազմավարական դաշնակցին դիմավորելու, այլ հետո փորձում է ասել, թե «հարաբերությունները նորմալ են», սա արդեն բացահայտ ինֆորմացիոն մանիպուլյացիա է։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին մշտական հայտարարությունները։

Երկիրը՝ դե ֆակտո, ամիսներ շարունակ հայտարարում էր, որ ՀԱՊԿ-ը չի գործում, չի աջակցում, անօգուտ է։ Բազմիցս հայտարարեց, որ «կվերանայի անդամակցությունը», «կկասեցնի մասնակցությունը», «կլքի կառույցը»։

Բայց իրականում ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, ոչ մի իրավական քայլ չձեռնարկվեց։ Բոլորը դարձան օդում կախված հայտարարություններ՝ ուղղված ներսի եւ դրսի լսարաններին։ Եթե որոշել էինք դուրս գալ՝ պետք է իրավական քայլ արվեր։ Եթե ոչ՝ պետք է դադարի անընդհատ աղմկահարույց հայտարարությունների հոսքը։ Բացի դրանից, Յուրի Խաչատուրովը, որը հանդիսանում էր այդ ժամանակ ՀԱՊԿ-ի քարտուղար, բացահայտ ու անհարգալից վերաբերմունքի արժանացավ ՀՀ-ում, որի արդյունքում եւս մեկ անգամ փորձ արվեց արժեզրկել ՀԱՊԿ-ը։

Արդյունքում Հայաստանը դարձավ երկիր, որը միաժամանակ հարձակվում է կառույցի վրա, բայց շարունակում է մնալ դրա պաշտոնական անդամ։ Սա դիվանագիտության մեջ ամենավատ սցենարն է։

Մշտական մեղադրանքներ, որ Ռուսաստանը չօգնեց պատերազմում։ Հանրային խոսքում տարիներ շարունակ կրկնվում էր նույն մեղադրանքը. «Ռուսաստանը չօգնեց»։ Դա դարձավ իշխանության գլխավոր արդարացումը՝ արտաքին քաղաքական բոլոր ձախողումների համար։ Բայց դաշնակցին հրապարակային մեղադրելով՝ հարաբերությունները չեն ամրապնդվում։ Դրանք միայն խզվում են։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Մոսկվայում հասկացան, որ Երեւանը ոչ թե փորձում է լուծել կոնկրետ խնդիրներ բանակցությունների միջոցով, այլ՝ օգտագործում է ռուսական թեման ներքին PR-ի համար։

Եվ սա կրկին բացահայտեց այն ամենը, ինչն իրականում ավերեց հայ–ռուսական հարաբերությունները։  «Բարձր նշաձողը» իրականում վերածվեց անջրպետի։

Արդյունքում Հայաստանը հայտնվեց մի վիճակում, որտեղ վստահությունը նվազագույն մակարդակի վրա է, համագործակցության բոլոր ձեւաչափերը՝ ճգնաժամի մեջ, ռազմավարական կապերը՝ անորոշության մեջ, ցանկացած բանակցություն՝ լարված եւ անվստահելի։

Եվ սա փորձում էին ներկայացնել որպես «բարձր մակարդակի հարաբերություններ»։ Իրականում այդ հարաբերությունները ոչ թե բարձր էին, այլ՝ փլուզված։ Ոչ թե կայուն էին, այլ՝ անկանխատեսելի։ Ոչ թե ամրապնդված էին, այլ՝ պառակտված։

Սուտն այն էր, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները «շատ լավ են», «կայուն են», «բարձր նշաձողի վրա են»։

Բայց իրականությունն այն է, որ վերջին տարիներին այդ հարաբերությունների ամբողջ սխեման փլուզվեց պարզապես սխալ քաղաքականության, սխալ հռետորաբանության եւ ներքին PR-ին ծառայեցված արտաքին քաղաքականության պատճառով։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930