Ադրբեջանի գլխավոր դատախազը Բաքվում պահվող հայ պատանդների համար դատարանից պահանջեց 16 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: «Հրապարակն» այս թեմայով զրուցել է Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ, փաստաբան Խաչատուր Մխիթարյանի հետ:
– Ադրբեջանի դատախազության կողմից արդյոք սպասելի՞ էին նման պատիժների առաջարկները:
– Այո, սպասելի էին, քանի որ, ինչպես հստակ արձանագրված է Եվրոպական խորհրդարանի 2025թ. մարտի 13-ի բանաձեւում, տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ցուցադրական դատավարություններ էին (sham trials), որոնք չեն համապատասխանում արդար դատաքննության որեւէ միջազգային չափանիշի։ Բանաձեւը նշում է, որ Ադրբեջանի իրականացրած դատավարությունները քաղաքականացված են, չեն ապահովում պաշտպանական իրավունքներ եւ առնչվում են մի երկրի, որը փորձում է քրեական հետապնդումն օգտագործել որպես ճնշման եւ վրեժխնդրության միջոց։ Այս պայմաններում ակնհայտ էր, որ դատավճիռները լինելու էին խիստ եւ նախապես կանխորոշված։
– Եթե դատավճիռներ արձակվեն, դա վերջնակա՞ն կլինի, թե՞ կան միջազգային իրավական հարթակներ կամ կազմակերպություններ, որոնց միջոցով հնարավոր է ազդել Ադրբեջանի վրա:
Կարդացեք նաև
– Ադրբեջանի վրա ազդելու համար գոյություն ունեն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական գործիքներ։ Իրավական հարթությունում Հայաստանը, անհատական դիմողները եւ հասարակական կազմակերպությունները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի մի շարք իրավապաշտպան մեխանիզմներ, ինչպես նաեւ՝ Միջազգային դատարան։ Բացի այդ, Միջազգային քրեական դատարանը կարող է հարուցել վարույթներ՝ ծանր միջազգային հանցագործությունների հիմքով։ Սակայն այս բոլոր մեխանիզմներն ունեն մեկ հիմնարար սահմանափակում․ չունենալով պարտադրողական ուժ՝ նրանք կարող են միայն փաստագրել, դատապարտել եւ ձեւավորել քաղաքական ու բարոյական ճնշում, բայց չեն կարող անմիջականորեն պարտադրել Ադրբեջանին՝ կատարել իր միջազգային պարտավորությունները։
Իրականությունն էլ հենց սա է ցույց տալիս․ Ադրբեջանի կողմից արդեն իսկ առկա ԱՄԴ (ICJ) որոշումների հետեւողական անտեսումն ապացուցում է, որ նույնիսկ իրավականորեն պարտադիր միջազգային վճիռները մնում են գործնականում ազդեցություն չունեցող, երբ բացակայում են դրանք կիրառելու քաղաքական կամքն ու դրսից եկող ուժեղ մեխանիզմը։ Ադրբեջանն իր այս վարքագիծն արդարացնում է հղումով սեփական ազգային օրենսդրությանը, պետական ինքնիշխանությանը եւ «ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքին՝ միաժամանակ զավեշտականորեն պնդելով, թե գործում է միջազգային պարտավորությունների շրջանակում, այն դեպքում, երբ հենց այդ պարտավորություններն է համակարգված կերպով խախտում։ Այս պայմաններում ակնհայտ է, որ միայն իրավական միջոցներով Ադրբեջանին ստիպել փոխել իր վարքագիծը՝ պարզապես անհնար է։ Հետեւաբար, հարցի լուծումը պետք է տեղափոխել քաղաքական հարթություն։
– Որո՞նք են այն երկրները, որոնք կարող են ազդել Ադրբեջանի վրա:
– Միջազգային քաղաքական դերակատարները, հատկապես՝ ԱՄՆ-ն, ունեն իրական ազդեցության լծակներ՝ տնտեսական, դիվանագիտական եւ անվտանգային գործիքների տեսքով։ ԱՄՆ կառավարությունը, ինչպես ցույց է տվել անցյալում, անհրաժեշտության դեպքում կարող է զգալի ճնշում գործադրել մարդու իրավունքները խախտող կամ փակ կառավարման համակարգ ունեցող պետությունների վրա, ստիպելով նրանց՝ ազատել քաղաքական կալանավորներին։ Սակայն նման քայլերն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ առկա է քաղաքական կամք, որը ձեւավորվում է այն ժամանակ, երբ տվյալ հարցը համընկնում է ԱՄՆ-ի ռազմավարական շահերի հետ եւ գերակայում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, էներգետիկ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ Իրանի ուղղությամբ վարվող քաղաքականությանը։
Վառ օրինակ է 2018 թվականին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնի դեպքը։ Երբ Անկարան նրան մեղադրեց «ահաբեկչության» եւ «լրտեսության» մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կիրառեց շատ կոշտ տնտեսական պատժամիջոցներ, որոնք լուրջ վնաս հասցրին թուրքական տնտեսությանը եւ ստեղծեցին զգալի ճնշում իշխանությունների վրա։ Արդյունքում Թուրքիան ընդամենը մի քանի ամսում փոխեց իր դիրքորոշումը եւ ազատ արձակեց Բրանսոնին։ Այս նախադեպը հստակ ցույց է տալիս, որ մարդու իրավունքներն արհամարհող եւ բիրտ ուժի վրա հիմնված իշխանական համակարգ ունեցող պետությունները, ինչպես Ադրբեջանը, հաճախ արագ զիջում են, երբ բախվում են իրենցից առավել հզոր ուժի արտաքին քաղաքական եւ տնտեսական ճնշմանը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































