Ինչո՞ւ է Հայ առաքելական սուրբ եկեղեցին այդքան կարեւոր։ Ինչո՞ւ այն յուրահատուկ դեր ունի հայկական հասարակությունում։ Ինչպե՞ս է այդ յուրահատկությունն արտացոլված Հայաստանի Սահմանադրության մեջ։
Այս հարցերին փորձել է պատասխանել նախկին ԽՍՀՄ երկրներում կրոնի եւ իրավունքի մասնագետ, ռուս եւ ուկրաինական ուղղափառության մասնագետ, բրիտանացի Դոկտոր Փիթեր Ֆլյուն, որը «Սպիտակ թուղթ»՝ տեղեկատվական գրքույկ է հրատարակել Հայաստանյայց եկեղեցու դերի, դրա դեմ բռնաճնշման, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված հարձակումների, հոգեւորականների եւ Սամվել Կարապետյանի կալանավորման առթիվ։
Ֆլյուն Կարապետյանի փաստաբաններից է։
Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական բեւեռի հովանու ներքո անցկացված, «Քրիստոնեության դեմ հալածանքները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ Դոկտոր Ֆլյուն չի խոսել միայն քաղաքական ընթացիկ զարգացումներից։ Իր ելույթում Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը նա մեկնաբանել է նաեւ աստվածաբանական տեսանկյունից։
Կարդացեք նաև
«Կարիք կա ընդգծել Եկեղեցու առաքելական էությունը, որն ուղիղ է եւ ինքնագլուխ։ Սա շատ կարեւոր է։ Ես նկատի ունեմ, որ Եկեղեցին անկախ է, չի օգտվում որեւէ միջնորդական իշխանությունից, լինի դա Հռոմում կամ Կոնստանդնուպոլսում։ Հենց սա է վարչապետի հարձակումները չափազանց շոկային դարձնում։ Կաթողիկոսին հեռացնել փորձելը ինչ-որ ընկերության հոգաբարձուների խորհրդի զավթում չէ։ Այն միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։ Բացի դա, կան աստվածաբանական հսկայական հետեւանքներ»,– ասել է Ֆլյուն։
Նա շարունակել է՝ մեջբերելով Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասը, որում նշվում է․
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»։
Ֆլյուն, ինչպես նշել է նաեւ համաշխարհային քրիստոնեական մի կազմակերպություն, ասաց, որ իշխանություն-եկեղեցի առկա ճգնաժամը սկիզբ է առել մայիսի 27-ին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ելույթ ունեցավ՝ խոսելով Ղարաբաղի հարցի՝ Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության, եկեղեցիների, քրիստոնեական կոթողների, գերեզմանների ոչնչացման մասին։
«Ընդամենն օրեր անց Նիկոլ Փաշինյանը սկսեց իր ֆեյսբուքյան հարթակի արտառոց հարձակումները։ Նա հրապարակեց մի շարք ուղերձներ՝ գործածելով լկտի եւ անպատշաճ բառապաշար։ Այստեղ դրանք չեմ կրկնի», – ասել է նա։
Բանախոսը հիշեցրել է վարչապետ Փաշինյանի՝ նոր կաթողիկոս ընտրելու նպատակով համակարգող խորհուրդ ձեւավորելու ծրագրերի մասին։
«Միայն երեւակայել կարելի է, թե ինչ կպատահեր, եթե կաթողիկե երկրի ղեկավարն, օրինակ՝ Իտալիայի վարչապետ Ջեորջիա Մելոնին, Ֆեյսբուքի միջոցով հարձակվեր Լեւոն Պապի վրա եւ հայտարարեր նրան գահընկեց անելու նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին»։
Եկեղեցու դեմ հարձակումների շրջանակում, ասել է Ֆլյուն, կալանավորվել են ոչ միայն արքեպիսկոպոսներ, այլեւ հավատացյալներ, որոնց թվում է Սամվել Կարապետյանը։
«Նա Եկեղեցու կարեւորագույն բարերարներից է եւ Հայաստան էր ժամանել՝ հոր մահվան քառասունքի արարողություններին մասնակցելու համար։ Եկեղեցու տարածքից դուրս գալուն զուգահեռ նրան է մոտենում մի լրագրող, որը կարծիք է խնդրում Կաթողիկոսի եւ Եկեղեցու դեմ հարձակումների մասին։
Նա պատասխանում է․ «Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։
Մեկ օր անց նա բանտում էր։ Նրան մեղադրանք է առաջադրված Հայաստանի քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով», – մանրամասնել է Ֆլյուն։
Հոդվածը պատիժ է սահմանում իշխանության զավթման հրապարակային կոչի համար։
Ֆլյուն Կարապետյանի կալանավորումը տեղադրել է ավելի լայն պատկերի վրա՝ ասելով, որ Հայաստանում ընթանում են քաղաքական հետապնդումներ։
«Առավել մտահոգիչ է կալանք խափանման միջոցի կիրառումը որպես ինքնին պատժի միջոց: Այս առթիվ մտահոգություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարությունը եւ իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսին Human Rights Watch-ն է», – նշել է նա։
Փաստելով, որ հարձակումը Եկեղեցու դեմ շարունակվում է, նա, ի թիվս այլ փաստերի, մեջբերել է Հայաստանյայց եկեղեցու հոգեւոր նորոգման մասին Փաշինյանի հայտարարությունները։
«Սա Փաշինյանի մեկնաբանելու կամ միջամտելու հարցը չէ», – ասել է նա, անդրադարձել Եկեղեցու երկփեղկման վտանգին՝ հաշվի առնելով, որ վարչապետ Փաշինյանն աջակցում է կարգալույծ հոգեւորականների։
Եզրափակելով՝ Ուկրաինայում եւ Ռուսաստանում ուղղափառության մասնագետը համեմատական անցկացրեց այդ երկրներում 1920-ականների ընթացած «նորոգման»՝ обновленчество-ի, հետ։ Ֆլյույի խոսքով՝ այդ շարժման նպատակը Եկեղեցու ազատականացումը, աշխարհիկացումը եւ, վերջնարդյունքում, բարոյալքումն էր։
Ֆլյուն կոչ արեց ազատ արձակել կալանավորված հոգեւորականներին եւ Սամվել Կարապետյանին, ինչպես նաեւ վերջ դնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարձակումներին։
Փիթեր Ֆլյույի ամբողջական խոսքը՝ 11:30-ից։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































