Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական բեւեռի հովանու ներքո անցկացված «Քրիստոնեության դեմ հալածանքները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է իրավապաշտպան եւ կրոնական ազատության հարցերով ամերիկացի փաստաբան Լոուրեն Հոմերը, որը ներկայացնում է «Իրավունք եւ ազատություն» հասարակական կազմակերպությունը։
Նա մեջբերել է ոչ միայն ՀՀ Սահմանադրության հայտնի 17-րդ եւ 18-րդ հոդվածները, որոնք երաշխավորում են Հայաստանում կրոնական ազատությունը եւ ճանաչում Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը որպես ազգային եկեղեցի, այլեւ ՀՀ օրենքը խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին։
Հոմերը սկսեց՝ շեշտելով Օրենքի նախաբանը, ըստ որի՝ Գերագույն խորհուրդը 1991-ին Օրենքն ընդունել է՝ «ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար»։
Օրենքի վեցերորդ հոդվածը նշում է․
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին (կրճատ` Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում եւ գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն»։
Հոմերը ուշադրություն է հրավիրել նաեւ Օրենքի 17-րդ հոդվածի «բ» կետի վրա։ Այդտեղ ասվում է․
«Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`
բ) չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն».
Նշելով, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես քաղաքացիներ են եւ ունեն քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ կարծիք արտահայտելու իրավունք, Հոմերը հղում կատարեց Օրենքի 18-րդ հոդվածին։
«Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար»։
Բանախոսն անդրադարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին 2007-ին ընդունված ՀՀ օրենքին, ասաց՝ Օրենքը նույնպես ճանաչում է Եկեղեցու ինքնավարությունն ու պետությունից անջատ լինելը։
Հոմերը դժվարանում է ըմբռնել՝ ինչպե՞ս կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել 9 մլն հայերի հոգեւոր առաջնորդ Նորին Սրբություն Գարեգին Բ-ի հրաժարականը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Եկեղեցու խնդիրները, կաթողիկոսի ընտրությունը, նրան պատասխանատվության ենթարկելը լուծվում է Եկեղեցու ինքնավարության շրջանակում՝ Գերագույն հոգեւոր խորհրդի միջոցով։
«Այդ ամենն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու կառուցակարգերի ներքո։ Դա կառավարական գործառույթ չէ։ Վստահաբար, վարչապետը որեւէ դեր չունի այս ամենում։ Նա իրավունք չունի կաթողիկոսի ընտրության կոմիտե ձեւավորել», – նշել է Հոմերը, եզրափակել՝ «ես կարծում եմ, որ վարչապետի հարձակումները սխալ են»։
Հոմերի խոսքն ամբողջությամբ՝ 22:00-ից։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































