Բժիշկ-ախտաբան, բուժհաստատությունների կառավարման մագիստրոս Ռոբերտ Պապյանը կատարված ուսումնասիրությամբ եզրահանգել է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության որակը չի համապատասխանում հանրային առողջապահության չափանիշներին։ Այս մասին նա նշել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 106-ամյակին նախաձեռնված գիտաժողովում։
«Ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, վերահսկողությունը թույլ է կամ ընդհանրապես բացակայում է, նաեւ՝ բուժաշխատողների վերապատրաստումների պակասը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը»,-նշել է նա «Քրեակատարողական հաստատություններում առողջապահական ծառայությունների կառավարման համակարգի ուսումնասիրություն ու արդյունավետության գնահատում» զեկույցում։
Բժիշկ Պապյանի գնահատմամբ, մասնավորապես համապարփակ բարեփոխումների անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ պետք է կարեւորել համագործակցությունն ու կայուն զարգացումը։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության եւ սպասարկման բարելավման Ռազմավարության մեջ, ըստ փորձագետի, առաջնահերթ պետք է բարձրացնել բանտային բուժծառայության որակը՝ մշակելով միասնական ստանդարտներ, ապահովելով անկախ գնահատում, ինչպես նաեւ աշխատակիցները պարբերաբար պետք է վերապատրաստվեն։ Մասնավորապես, պետք է կազմակերպել պարտադիր եւ շարունակական ուսուցում՝ ազատությունից զրկված անձանց բուժման առանձնահատկությունների, հոգեկան առողջության գնահատման ու բժշկական էթիկայի մասին։
Կարդացեք նաև
Ոլորտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջնահերթ պիտի բարելավել տվյալների կառավարման համակարգը։ «Պետք է իրականացնել ազատությունից զրկված անձանց առողջական տվյալների կանոնավոր արձանագրում, վիճակագրական հավաքագրում, նրանց առողջական փաստաթղթերի եւ ծառայությունների թվայնացում»,-նշեց փորձագետը։ Կենտրոնացված թվային հարթակում՝ միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կապահովի անազատության մեջ գտնվող անձանց բժշկական տվյալների ամբողջական, անվտանգ եւ շարունակական կառավարումը։ Սա էլ իր հերթին հնարավորություն կտա ապահովելու բուժումների շարունակականությունը, վիճակագրական վերլուծությունն ու վերահսկողությունը։
Ըստ այդմ էլ, պետք է բանտային բուժծառայությունը ինտեգրել հանրային համակարգի հետ՝ համագործակցելով առողջապահական կենտրոնների հետ, ապահովել բուժօգնության շարունակականությունը ազատ արձակվածների համար, մասնավորապես՝ ապահովել ազատությունից զրկված անձանց ազատությունից զրկված լինելու ընթացքում հավաքագրված բժշկական օգնության եւ սպասարկման մասին տվյալների հոսքը՝ բանտային թվային հարթակից դեպի ազատության մեջ գտնվող անձանց առողջապահական տվյալների շտեմարան կամ ընդհանրապես շահագործել միեւնույն հարթակը անկախ անհատի իրավական կարգավիճակից»,-նշեց Ռոբերտ Պապյանը։ Պակաս կարեւոր չէ բժշկական անձնակազմի համար ստեղծել հարմարավետ աշխատանքային պայմաններ, կիրառել խրախուսանքներ, ինչու չէ՝ նաեւ բանտերում աշխատող բուժաշխատողներին տրամադրել հոգեբանական աջակցություն։ Բանտերում մատուցվող բուժծառայության որակը եւ թափանցիկությունը բարելավելու համար կարեւոր է հասարակության ներգրավվածությունը, որին նպաստում է նման փակ հաստատություններում առողջապահական ծառայությունների մասին լուսաբանելը՝ մեդիա-արշավներով, վերահսկողության ու մշտադիտարկման հնարավորություն ապահովելով քաղաքացիական ՀԿ-ներին։ Արշավները պիտի ուղղված լինեն կալանավորված անձանց, ՔԿՀ աշխատակիցների եւ հանրության շրջանում առողջության իրավունքի, բուժումից հրաժարվելու հետեւանքների եւ պետության պարտավորությունների կարեւորմանը։
Ուսումնասիրությունները պարզել են, որ համակարգում իրավական հստակեցումների խնդիր կա՝ անհրաժեշտ է սահմանել կառույցների իրավասությունները։ Ռոբերտ Պապյանը, մասնավորապես, այստեղ՝ առաջարկում է իրավական բազայում վերանայել եւ համահունչ դարձնել գործող նորմատիվ ակտերը միջազգային չափանիշներին ու ՄԻԵԴ նախադեպային իրավունքի պահանջներին։ Միաժամանակ այսօր անհրաժեշտ է միջգերատեսչական բազմաշահառու խորհրդի ստեղծել, հիմնել համակարգային բարեփոխումների խորհուրդ՝ պետական մարմինների, ՔԿՀ ղեկավարության, բժշկական համայնքի, ՄԻՊ գրասենյակի եւ ՔՀԿ -ների մասնակցությամբ՝ շարունակական բարելավումներ ապահովելու համար։
Ի դեպ, այս առաջարկությունները ներկայացվելու են առողջապահության նախարարությանը՝ քննարկելու համար։
Գլխավոր լուսանկարում Ռոբերտ Պապյանն է․ լուսանկարը քրեակատարողական ծառայության կայքից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ





















































