«Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, ովքեր Տիգրանաշենի մերձակայքով անցել են, իսկ դա, ընդգծում եմ, դեպի Իրան հիմնական ռազմավարական մայրուղին է՝ քաջ գիտակցում են, թե ինչ տեղի կունենա մեր պետության հետ, եթե այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանը ունենա ինքնիշխանություն, և տարածքային ամբողջականությունն այդպես խարխլվի։ Դա մեր պետության կոմունիկացիոն համակարգը ընդհանրապես կաթվածահար կանի»,- «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:- Մի արձանագրելի փաստ կա. ինչքան էլ խոսում են Արծվաշենի կարևորության մասին, նաև արձանագրենք՝ հողի վրա, որ մեր այսպես կոչված անկլավներն իրենց տարածքային առումով մեկուկես անգամ գերակայում են Արծվաշենի տարածքը։
Ու կրկին ընդգծում եմ, ինչքան էլ նաև խուսանավում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթից, անկլավների հանձնումը՝ որպես Ադրբեջանի տարածք և ճանաչումը դրա տարածքային ամբողջականության մաս, լրջագույն հետևանքներ է ունենալու: Այդ թվում՝ արդեն իսկ առկա են լրջագույն օրակարգային խնդիրներ, որովհետև մենք ունենք բազմիցս բարձրացված հարցեր, իրավահեն հարցադրումներ, որոնք չունեն պատասխաններ։ Չի կարելի թշնամու հետ գնալ բանակցային գործընթացի՝ «հետո կտեսնենք» կամ «դեռևս պատկերացում չունենք» սկզբունքներով։ Ինչի մասին նաև զանգվածային լրատվության միջոցների հարգարժան ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցադրումներ տալու այս սահմանազատման հանձնաժողովի ղեկավարին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, երբ կանոնակարգի վավերացման գործընթացն էր տեղի ունենում Ազգային ժողովում, և նա բոլոր ուղղակի հարցերին ըստ էության ասաց, որ չկան կոնկրետ քարտեզագրումներ՝ կան պատկերացումներ, որոնք փոխհամաձայնեցված չեն, չկան փոխպայմանավորվածություններ գործընթացի սկզբունքների վերաբերյալ»:
Գոհար Մելոյանն ընդգծեց. «Այսպիսի հարցադրումները պետք է կանխավ ունենան պատասխաններ, պետք է այս հարցերը լուծվեն, համաձայնեցվեն՝ նոր կնքվեն փաստաթղթերը, միջազգային պայմանագրերը, այլ ոչ թե հակառակ տրամաբանության գնա՝ կնքենք, ստանձնենք պարտավորվածությունը, հետո էլ տեսնենք՝ ինչպես կլինի: Այն էլ այնպիսի իրականությունում, երբ ուժն է ծնում իրավունք, իսկ մենք բարվոք դիրքերում չենք»:
Կարդացեք նաև
Հաղորդումն ամբողջությամբ՝ 22.00-ին
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
















































