Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք Տիգրանաշենը և մյուս գյուղերը, որոնք անկլավ են անվանվում, դառնալու են նոր միջանցքներ՝ տարբեր այլընտրանքային անվանումներով». «Առերեսում»

Նոյեմբեր 23,2025 22:00

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նոյեմբերի 7-ին հայտարարել է, թե «ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում»: «Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի [Տիգրանաշեն] (այսպես կոչված Քյարքի) գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է, որը պետք է լուծվի սահմանազատման ընթացքում», -ասել է նա։ Հայտարարությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում մեր հյուրերին նախ հիշեցրինք՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե հայկական կողմը «խիստ կասկածում է», թե Բաքուն ՀՀ տարածքում անկլավների գոյության իրավական հիմքեր ունի։ Այդ պնդումը Փաշինյանն արել է նաև 2021 թթ. դեկտեմբերի 24-ին իր մեկ այլ ասուլիսի ընթացքում՝ դարձյալ կրկնելով, որ հայկական կողմին ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավապայմանագրային հիմքեր հայտնի չեն։ «Մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել»։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը հիշեցմանը մասնավորապես այսպես արձագանքեց. «Գործադիր իշխանության նույն ղեկավարը, որը երբեմն հայտարարություն էր տարածում, թե անընդունելի է և անիրավահեն է այս գործընթացը ու ադրբեջանական պահանջը, այսօր հակառակ դիրքորոշում է արտահայտում»: Ըստ սահմանադրագետի՝ «Այսպիսի բնույթի ունեցող հարցերը բավականին խնդրահարույց են իրավունքի տեսանկյունից»:

Այս առնչությամբ հիշատակեց Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ որի՝ Տիգրանաշենն Արարատի մարզի բնակավայր է. «Տիգրանաշենը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս։ Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն»: Գոհար Մելոյանն ընդգծեց՝ «Տիգրանաշենը կարող է հանձնվել բացառապես հանրաքվեի արդյունքում՝ առանց այլախոհության և այլ մեկնաբանության իշխանությունների կողմից»:

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը «Լուրերի» հետ հարցազրույցում չնայած նշում էր, որ Ադրբեջանը սեղանին չի դրել անկլավների իրավական հիմքերը, այնուամենայնիվ, հայտարարում էր, թե «անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է» այն պատճառով, որ ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ է մտնում նաև Արծվաշենը. «Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով այս պնդման հիմնավորվածությանն՝ ասաց. «Եկեք Արծվաշենի մասով մի շատ պարզ և տրամաբանական հարց տանք, որի պատասխանը Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն տալիս։ Արծվաշենի հետ հաղորդակցությունը և կապը ինչպե՞ս է ապահովվելու, եթե կա Արծվաշեն, կա Հայաստանի Հանրապետության տարածք և արանքում՝ Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Այսինքն՝ կա՞ մշակած որևէ մեխանիզմ, երբ որ իրենք ասում են՝ վերադարձնելու են Արծվաշենը։ Վերադարձրեցիք, ադրբեջանական տարածքների թիկունքում կա Հայաստանի Հանրապետության իքս տարածք. ներս ու դուրսը ինչպե՞ս ենք անելու, ինչպե՞ս է դա ապահովվելու, դրա մեխանիզմը ինչպե՞ս է։ Այսինքն՝ էդ ամպագոռգոռ, պոպուլիստական, շատ ականջահաճո արտահայտություններ անելը Արծվաշենի մասով թողնենք մի կողմ, վերադառնանք գետնի վրա։ Ինչպե՞ս եք դա իրականացնելու, ինչպե՞ս եք այդ կապը ստեղծելու, ինչպե՞ս է բնակեցվելու Արծվաշենը»:

Դիտարկմանը, թե արծվաշենցիները պնդում են, թե պատրաստ են վերադառնալ՝ փորձագետն այսպես արձագանքեց. «Ինչպե՞ս: Այսինքն՝ դուք պետք է Ադրբեջանի Հանրապետության սահման հատեք երկու անգամ, մի անգամ՝ այստեղից անցնելու համար, մի անգամ էլ դեպի Արծվաշեն հասնելու համար, և լինելու եք մեկուսացման մեջ՝ չորս կողմից։ Ո՞վ է այդ մարդկանց անվտանգությունն այդտեղ ապահովելու, ինչպե՞ս է դա տեղի ունենալու»:

Դեռեւս անպատասխան հարցադրումների շարքը շարունակելով՝ Գոհար Մելոյանն ասաց. «Ինչպե՞ս եք ապահովելու Տիգրանաշենի կապը Ադրբեջանի հետ, որովհետև Տիգրանաշենը գտնվում է մեր ռազմավարական նշանակության մայրուղու շրջակայքում, իսկ Ադրբեջանն ուղղակի մուտք ու ելք, բնականաբար, դեպի Տիգրանաշեն չունի։ Արդյոք Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով տալու են հերթական «անխոչընդոտ ճանապարհը»։ Արդյոք Տիգրանաշենը և մյուս գյուղերը, որոնք անկլավ են անվանվում, դառնալու են նոր միջանցքներ՝ տարբեր այլընտրանքային անվանումներով: Օրինակ՝ հիմա վերացական ունենք TRIPP-ը՝ «Զանգեզուրյան միջանցքի» այլընտրանքային անվանմամբ։ Լավ, «Զանգեզուրի միջանցք» չի, Թրամփի ուղին է։ Արդյոք հիմա մյուս անկլավային ճանապարհները չեն ունենալու նույնական խնդիր, որովհետև անգամ TRIPP-ի պարագայում մենք մի շարք հարցերի տրցակ ունենք՝ իրավական հարցերի տրցակ, որոնց այս իշխանությունը չի պատասխանել։ Օրինակ՝ ո՞ր պետության իրավապահ մարմիններն են հսկողություն իրականացնելու, ո՞ր հատվածներում են անցակետեր սահմանելու, ո՞ր պետության իրավազորության ներքո են գտնվելու հանցանքները, որոնք հնարավոր է՝ կատարվեն, ո՞ր պետությունն է վերահսկելու տարանցիկ գոտին, մաքսային վերահսկողություն իրականացնելու, սահմանային վերահսկողություն իրականացնելու, որովհետև՝ ի տարբերություն սահմանային իրավիճակի, անկլավն արդեն լիովին ներպետական, տվյալ պետության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ է խնդիր առաջացնում»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չկա օրենք ոչ երկրային, ոչ երկնային իշխանության ղեկավարինն արգելող երբեմն մի բան հայտարարել, իսկ հիմա նույն հարցի վերաբերյալ մեկ այլ բան:

    Մինչդեռ, երբ մասնագետ սահմանադրագետը (անկեղծ հարգանքներով հանդերձ եմ ասում) ասում է ‘Այսպիսի բնույթի ունեցող հարցերը բավականին խնդրահարույց են իրավունքի տեսանկյունից’, հարց է առաջանում նախ հենց իրեն. ա) կինը կամ հղի է լինում, կամ ոչ, նույն կերպ հարցերը կամ խնդրահարույց են, կամ ոչ: Բավական, կիսով չափ, կամ քարորդ մասով չեն լինում; բ) ի՞նչ ասել է (տրամաբանական առումով) հարցերը խնդրահարույց են իրավունքի տեսանկյունից:

    Քպականները շահում են նրանով, որ ունեն մի հատիկ նիկոլ, ով հակիրճ, կարճ նախադասություններով ասում է էն ինչ մտքով անցնում է: Մնացած խմբակը կրկօրինակում է: Չնայած ասածը դավադրություն է հայ ժողովրդի դեմ, բայց քանի որ ասվում է դիպուկ բառեով, հստակ է շարադրված, գործում է մագնիսի պես: Ըստ էության պահում է մարդկանց հիպնոզի տակ` կոբրայի պես:

    Իսկ ի՞նչպիսին է ընդդիմության խոսույթը` բառերով ծանրաբեռնված, մշուշոտ ձևակերպումներով, ‘համ համարձակ, համ էլ քնքուշ’ երանգներով, զգուշավոր նախատինքներ: Ընդամենը:

    Դիպուկ խոսքի, հակիրճ և կուռ տրամաբանություն արծիվներ ու առյուծներ, ո՞ւրեք դուք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930