Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՔՊ-ն 2026 թվականի համապետական ընտրություններում 250 հազարից ավելի ձայն հավաքի, անձամբ ես կզարմանամ»

Նոյեմբեր 24,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, Վաղարշապատում անցկացված ընտրություններում ՔՊ-ն առաջին տեղը զբաղեցրեց, այս արդյունքներն ի՞նչ ցույց տվեցին՝ սա իրական պատկեր է, թե՞ այլ գործոնով է պայմանավորված։

-Ես նայում եմ ձայների քանակին. 2023 թվականին ՔՊ-ն Երեւանում հավաքեց մոտ 80 հազար ձայն, Գյումրիում հավաքեց մոտ 17 հազար ձայն եւ հիմա Վաղարշապատ խոշորացված համայնքում՝ մոտ 15 հազար։ Եթե այս պահի դրությամբ գումարենք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին ընտրողների թիվը, կարող ենք մոտավոր ասել, որ իրենք համապետական ընտրություններում 250 հազարից ավելի ձայն չեն ունենա։ Եթե 2026 թվականի համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» 250 հազարից ավելի ձայն հավաքի, անձամբ ես կզարմանամ։ Եթե վերոնշյալ համայնքներում ՔՊ-ի ստացած ձայներին գումարենք մյուս համայնքները, 250-300 հազար ձայնը մաքսիմումն է, որը կարող է հավաքել իշխող ուժը։

Վաղարշապատում ստացած 15 հազար ձայնը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 20-22 տոկոսը։ Դա ավելի է, քան հարցումներն են ցույց տալիս, հարցումներն ասում են, որ ՔՊ-ին սատարողների թիվը 20 տոկոսից պակաս է։ Իմ կարծիքով՝ մի մտահոգիչ երեւույթ կա՝ եթե ընտրատեղամասներն առանձին-առանձին նայենք, կտեսնենք, որ գյուղերում կան ընտրատեղամասեր, որտեղ ընտրողների 70-80 տոկոսը քվեարկել են  «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Առնվազն մի 5-6 ընտրատեղամասեր կան, որտեղ անհավանական բարձր տոկոս հավաքեց ՔՊ-ն։ Ընդ որում, այդ գյուղերում անհավանական բարձր մասնակցություն է եղել։

– Ինչո՞վ եք դա բացատրում։

– Իմ կարծիքով՝ Դանիել Իոաննիսյանը պետք է բացատրի այդ երեւույթը։ Երբ ՀՀԿ-ի ժամանակահատվածում այդպիսի բաներ էին տեղի ունենում, դիտորդ կազմակերպություններն արձագանքում էին եւ մատնացույց անում այն ընտրատեղամասերը, որտեղ ընտրությունները գրանցել են միջինից տարբերվող արդյունք։ Եթե Վաղարշապատում ՔՊ-ի ստացած ընդհանուր ձայները կազմել են մոտ 48 տոկոս, համաձայնեք, որ հարց է առաջանում այն ընտրատեղամասերի վերաբերյալ, որտեղ երկու անգամ ավելի է ՔՊ-ի քվեների թիվը։ Ինչպե՞ս ստացվեց, որ տվյալ գյուղում այսքան շատ մարդիկ՝ գրեթե բոլորը ձայն տվեցին մեկ կուսակցության։ Դա այն պայմաններում, երբ ընտրություններին մասնակցած թեկնածուների տեսակետից բավականին բազմազան ընտրություններ էին։ Ես համաձայն եմ Էդմոն Մարուքյանի կարծիքի հետ, որ սա նման էր Հանրապետական կուսակցության կազմակերպած ընտրություններին։ Բոլորին արդեն հայտնի ու ծանոթ մեթոդներն են կիրառվում, երբ ընտրատեղամասը փակելուց առաջ մեկ էլ հոպ, լույսերն անջատվում են։ Ես չեմ նայել դիտորդների գնահատականները, չեմ կարող ասել՝ ուշադիր են եղել նման բաների նկատմամբ, թե՞ ոչ։

-Ընդդիմադիրների կողմից ներկայացվում են տարբեր տեսակետներ ու փաստեր այն մասին, որ իշխանությունները ճնշման գործիքներով փորձում են լռեցնել իրենց։ Մենք տեսնում ենք տարբեր քրեական գործեր, ինչպես նաեւ քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք, քաղաքացիական ակտիվիստներ։ Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Հայաստանում վերջին ժամանակահատվածում չափազանց շատ են քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալություններն ու կալանավորումները։ Այդ երեւույթի պատճառը իշխող ուժի ոչ ազնիվ քաղաքականությունն է։ Մենք 2018 թվականից միշտ ասել ենք, որ Հայաստանում անհրաժշետ է լյուստրացիա։ Կոռուպցիոն ռեժիմից ազատվելուց հետո որոշակի մարդիկ պետք է 10 տարով զրկվեին ընտրություններում մասնակցելուց եւ պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից։ Մենք տեսանք, որ լյուստրացիա չեղավ, եւ հիմա նախորդ  իշխանությունների հետ կապ ունեցող մարդկանց ենթարկում են քրեական հետապնդումների եւ այնպես են ներկայացնում, որ ընդվզելու ու հակադրվելու համար պատժի են ենթարկվում։ Այսինքն՝ պետության ու հանրության նկատմամբ ի սկզբանե շատ անազնիվ է եղել իշխող ուժի քաղաքականությունը։

-Բայց մի կողմ թողնենք նախկինների գործոնը, չեք տեսնո՞ւմ, որ այս իշխանությունների օրոք քրեական գործեր են հարուցվում նաեւ մարդկանց նկատմամբ, ովքեր կապ չունեն նախկին իշխանությունների հետ եւ համարձակվել են իրենց անհամաձայնությունը հայտնել անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Մասնավորապես, «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ սրբազանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը կալանքի տակ են, բայց նրանք չեն կապվում նախկինների հետ։ Եվ շատ այլ անձինք, ովքեր սատարել են Բագրատ սրբազանին կամ փողոց են դուրս եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու իշխող ուժի քաղաքականությանը, կամ  կալանավորվել են, կամ նրանց նկատմամբ այլ խափանման միջոցներ են կիրառվել։ Սա ի՞նչ է, իշխանության նպատակը ո՞րն է։

-Այո, մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր գործունեություն են իրականացնում, այսօր Հայաստանում հետապնդվում են։ Դուք հիմա խոսում եք մի մարդու հետ, ում նկատմամբ «Սարի թաղի» գործով քրեական հետապնդումը մինչեւ այսօր շարունակվում է։ Հիմա բողոքս նաեւ Եվրոպական դատարանում է՝ որպես քաղբանտարկյալ։ Եվ պատգամավորներից որեւէ մեկը խորհրդարանում գլխավոր դատախազ ընտրելիս դատախազին հարց չտվեց՝ այս գործն ինչո՞ւ չեք կարճում։ Եվ հիմա ստացվում է, որ գործի ընթացքն այնպիսին է, որ վճիռը կարդալու են հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին, այսինքն՝ գալիք ընտրություններին ընդառաջ։ Դա էլ պատահական չէ, իշխանությունները որոշել են այդպես կաշկանդել ինձ։ Այսինքն՝ դուք ճիշտ եք նկատում, այդ ճնշումները վերաբերում են ոչ միայն նախկիններին, այլ բոլորին, ովքեր հմաձայն չեն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի քաղաքականության հետ։ Այս ամենի վերջնական նպատակը հայ ժողովրդին վերջնական ծնկի բերելն է, որ հայ ժողովուրդը ծնկի իջած՝ բոլորը միասին արտասանեն, որ «Ղարաբաղը դա Ադրբեջան է»։ Եվ բոլորը միասին հռչակեն, որ «ցեղասպանություն չի եղել», շնորհակալ ենք Օսմանյան կայսրությանը՝ հայերին տեղահանելու ու ոչնչացնելու համար։ Նպատակը դա է, որ հայ ժողովրդին ծնկի բերեն, եւ ամեն օր քայլ առ քայլ մոտեցնում են այդ վիճակին։ Ով դրան դեմ է, ով համաձայն չէ, նախկին լինի, թե ներկա, ենթարկվում է հետապնդումների։ Ով դրան համաձայն է, ստանում է բարձր պաշտոններ եւ տարբեր բարիքներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930