ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները առաջընթաց են գրանցել խաղաղության ծրագրի շուրջ և այժմ քննարկում են լրամշակման առաջարկները։ Այս մասին հայտնում է TASS-ը:
«Կարծում եմ՝ առաջընթաց ենք գրանցել։ Աշխատում ենք մեզ ներկայացված որոշ առաջարկների վրա», – լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքը հեռարձակվել է CNN-ով։
«Աշխատել ենք որոշ փոփոխությունների ու ճշգրտումների ուղղությամբ՝ հույս ունենալով առաջ շարժվել տարաձայնությունների նվազեցման հարցում և հասնել լուծման, որը բավարարում է և՛ Ուկրաինային, և՛, բնականաբար, Միացյալ Նահանգներին», – հավելել է Ռուբիոն։
«Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կեսգիշերն անց ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում, մասնավորապես նշել է.
Կարդացեք նաև
«Ժնևում գտնվող ուկրաինական պատվիրակությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ինչպես ամերիկյան կողմի, այնպես էլ եվրոպացի մեր գործընկերների հետ։ Պատվիրակությունը քիչ առաջ զեկուցել է իրենց քննարկումների արդյունքների մասին, և դրանք բովանդակալից էին։ Շատ բան է փոխվում. մենք շատ մանրակրկտորեն աշխատում ենք քայլերի վրա, որոնք անհրաժեշտ են պատերազմը դադարեցնելու համար։
Այսօր Շվեյցարիայում բանակցությունները կշարունակվեն. թիմերը գործնականում կաշխատեն մինչև գիշեր, ու մենք նրանցից լրացուցիչ զեկույցներ կստանանք։ Կարևոր է, որ կա երկխոսություն ԱՄՆ ներկայացուցիչների հետ և կան ազդանշաններ, որ նախագահ Թրամփի թիմը լսում է մեզ։
Եվ կարևոր է ապահովել, որ պատերազմի դադարեցմանն ուղղված քայլերն արդյունավետ լինեն ու իրագործելի:
Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, և մենք երբեք խոչընդոտ չենք լինի խաղաղության համար։ Դիվանագիտությունը վերականգնվել է, և դա լավ է։ Շատ լավ է։ Ակնկալում ենք, որ արդյունքը ճիշտ քայլերը կլինեն։
Առաջին առաջնահերթությունը հուսալի խաղաղությունն է, երաշխավորված անվտանգությունը, հարգանքը մեր ժողովրդի հանդեպ, բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել ռուսական ագրեսիայից Ուկրաինան պաշտպանելու համար։
Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի շահերը։ Եվ մեր դիրքորոշման՝ մեր պետական, ազգային, ուկրաինական դիրքորոշման ուժը կայանում է նրանում, որ դա մեր ընդհանուր դիրքորոշումն է»։
Ինչպես են Ռուսաստանը, ԵՄ-ն արձագանքել ԱՄՆ նախաձեռնությանը
ԵՄ առաջնորդները՝ մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը շտապել են զանգահարել Վոլոդիմիր Զելենսկիին՝ կրկին շեշտելու, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը պետք է շփման գիծը լինի։ Ավելին՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հաստատումը և կոնսենսուս։
Եվրոպական հանձնաժողովը կշարունակի Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները բռնագրավելու փորձերը՝ անկախ ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների իրականացումից, հայտարարել է խոսնակ Պաուլա Պինյոն։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն ունի իր «երկկետանոց ծրագիրը». թուլացնել Ռուսաստանը և աջակցել Ուկրաինային։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է ԱՄՆ խաղաղության նախաձեռնությունները «աշխարհի առաջնորդների» հետ քննարկել Յոհաննեսբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նշել է, որ ԱՄՆ նախաձեռնությունն ինքը չի համարում Ուկրաինայի վերաբերյալ «ծրագիր»։
Հունգարիան ԵՄ առաջնորդներին կոչ է արել չխոչընդոտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր ծրագրի իրականացմանը, քանի որ այն «հիմնված է իրականության վրա և խաղաղության հասնելու հնարավորություններ է ընձեռում»։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հույս է հայտնել, որ ամերիկյան ծրագիրը խաղաղության կհանգեցնի, և որ ԵՄ երկրները ստիպված չեն լինի ևս 135 միլիարդ եվրո ուղարկել Ուկրաինա՝ ռազմական գործողությունները շարունակելու:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կրեմլը մտադիր չէ Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ վարել «մեգաֆոնային ռեժիմով», քանի որ հետաքրքրված է դրանց հաջողությամբ։
ԱՄՆ-ի կողմից առաջարկվող կարգավորման ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ ԱՄՆ-ից
ԱՄՆ վարչակազմում կարծում են, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ նոր ծրագիրը արտացոլում է իրական վիճակը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ի վերջո, կկարողանա հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման։
Վաշինգտոնում նշում են, որ խաղաղության նախագծի իրականացումից խուսափելու Կիևի փորձերը կարող են հանգեցնել զենքի մատակարարումների չեղարկմանը և հետախուզական տվյալների փոխանակման դադարեցմանը։
«Ուկրաինան կարող է ռազմական ապստամբության ենթարկվել»
Բազմաթիվ քաղաքական գործիչներ և փորձագետներ, բնականաբար, նույնպես ակտիվորեն քննարկում են խաղաղության ԱՄՆ-ի նախագիծը:
«Այլ Ուկրաինա» շարժման ղեկավար, Ուկրաինայում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկն, օրինակ այն կարծիքին է, որ «Կիևի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կատարել ԱՄՆ-ի ծրագրի պահանջները»։
Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի փորձագետ Ստեֆան Մեյստերի կարծիքով էլ՝ Ուկրաինան կարող է նույնիսկ ռազմական ապստամբության ենթարկվել, եթե Կիևը համաձայնի խաղաղության առաջարկված ծրագրին։
«Այդ ծրագիրն ընդունելը քաղաքական մահ կլինի Զելենսկու համար, իսկ բանակը կարող է ապստամբել», – նշել է փարձագետը:
ՆԱՏՕ-ի նախկին խորհրդական և Շվեյցարիայի գլխավոր շտաբի թոշակի անցած գնդապետ Ժակ Բոյի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրավունք ունի իր սեփական պայմանները սահմանել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը մարտի դաշտում առավելություն ունեն։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրով, որը հրապարակվել է մի քանի լրատվամիջոցներում, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով:
Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են ուժով չփոխել սահմանները։
Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն:
Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա:
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:

















































