ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախագծի համաձայն՝ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն անցնելու են 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի մեկի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ»,- ասաց Պապիկյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցրեց 2022-2025 թվականներին պայմանագրային զինծառայության համակարգում որքա՞ն մարդ է լուծել պայմանագիրը կամ չի երկարաձգել։ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքա՞ն է կազմում համալրման աստիճանը։
Կարդացեք նաև
Նախարարը նախկինում տեղեկացրել էր, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության է անցել մոտ 4200 անձ։ «Եթե այս թիվը հրապարակում եք, լավ կլիներ մնացած թվերը եւս հրապարակեիք, որպեսզի հասարակությունը կարողանար ընդհանուր համատեքստում գնահատել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նաեւ ասաց, որ հնարավորության սահմաններում թող նախարարը նաեւ ներկայացնի, թե մեկ զորակոչի ընթացքում միջինացված ինչքան մարդ է զորակոչվում զինված ուժեր, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել՝ ներկայացված թվերը դրական, թե բացասական սալդո են ենթադրում։ «Ժամկետի կրճատումն ընկալվել է որպես դրական քայլ, հանրությանը հաճելի նախաձեռնություն է եղել, բայց երբ մարդն սկսում է նայել սառը ուղղությամբ, արդեն սկսում է դիտարկել, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության միջավայրի ինչ ազդեցություն է ունենալու»,- նշեց Աբրահամյանը։
Սուրեն Պապիկյանն ասաց․ «Մենք հնարավորություն ենք ունենալու եւս երեք զորակոչ, այսինքն՝ ամառային զորակոչը եւ հաջորդ ամառային զորակոչը «Պաշտպան հայրենյացի» համար որպես հավելյալ ավելացման հնարավորություն դիտարկել։ Այսինքն՝ մենք նաեւ մոտավոր հաշվարկ ունենք, թե ինչ համալրում կունենանք այն ժամանակ, երբ հունվարի մեկին զորակոչվողները կզորացրվեն։ Նաեւ սա հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք, որ հնարավորությունները, մարդկային ռեսուրսի ավելացումն էապես ավելին է լինելու, քան 4229-ը։ Ինչ վերաբերում է զորակոչի թվերին եւ զինված ուժերի թվաքանակին, սրանք գաղտնի են։ Ինչ վերաբերում է նրան, թե պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում, բացի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով քանի հոգի կա՞, ես կարող եմ 2025 թվականի մասին խոսել։ 2025 թվականի թվաքանակը 1000-ից ավելի է, այսինքն՝ գնացողների եւ եկողների դրական բալանսը մոտավորապես 1300 է։ Սա նույնպես գործոն է, որը ցույց է տալիս,որ մեր բարեփոխումների արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Պապիկյանը հավելեց․ «Այն, որ բանակը կրճատվում է, դա իրականության հետ կապ չունի։ Խրոխտ ասում եք՝ բանակը կրճատում են, դա այդպես չէ, թվեր կան»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային

















































