Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվ բանակցություններ են ընթանում հաջորդ տարի ժամանակակից նշանավոր գրող Գուրգեն Խանջյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու ուղղությամբ»

Նոյեմբեր 24,2025 12:48

Aravot.am-ի հարցազրույցը Առաջին գրական գործակալության գրական գործակալ Էլինա Հարությունյանի հետ

Էլինա Հարությունյան

-Վերջին տարիներին նկատելի է հայ գրականության նկատմամբ աճող միջազգային հետաքրքրությունը։ Ի՞նչն է, Ձեր դիտարկմամբ, այս հաջողության հիմնական պատճառը։

-Վերջին տարիներին հայ գրականությունը զգալիորեն ավելի տեսանելի է դարձել միջազգային հարթակներում, և թարգմանվող հեղինակների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է։ Դրա հիմնական նախադրյալը որակյալ ժամանակակից գրողների առկայությունն է, որոնց հետ էլ աշխատում է մեր Առաջին գրական գործակալությունը։ Բայց միայն տաղանդը բավարար չէ միջազգային շուկայում ներկայանալի լինելու համար, այլ վերջինս նաև հետևողական ու պրոֆեսիոնալ ներկայացում է պահանջում։ Որպես գրական գործակալություն՝ մենք հետևողական աշխատանք ենք կատարում արտասահմանյան հրատարակիչների հետ ուղիղ կապեր ստեղծելու և մեր գրողներին այնպիսի տեսանկյունից ներկայացնելու առումով, որ հրատարակիչը շահագրգռված լինի հայ գրականությունը թարգմանել և հասանելի դարձնել օտարերկրյա ընթերցողի համար։

Վստահաբար, մեր գրականությունը ոչնչով չի զիջում մեզ հայտնի համաշխարհային գրականությանը, ինչի ապացույցն է տարեցտարի աճող թարգմանությունների թիվը, և այս փուլում ավելի շատ ներկայացվածության խնդիրն է, որ փորձում ենք հնարավորինս լուծել։

Կարևոր է նաև ընդգծել պետության կողմից աջակցության դերը այս գործում, քանի որ ԿԳՄՍ նախարարության սահմանած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը օտարերկրյա հրատարակիչներին տալիս է մասնակի ֆինանսական աջակցություն, ինչը հավելյալ խթան է վերջիններիս շահագրգռելու համար։ Նման ծրագրերը համաշխարհային մշակութային դիվանագիտության սովորական գործիքներ են, և մեր պետությունը ևս այդ մեխանիզմը արդյունավետորեն կիրառում է իր գրականության տարածման համար։

-Ինչ նոր շուկաներ է հայ գրականությունը մուտք գործել։

-Մեզ համար ուրախալի է, որ վերջին տարիների ընթացքում հայ գրականությունը նոր շուկաներ է հասել և այժմ նաև եվրոպական լեզուներով է թարգմանվում՝ հիմնականում ֆրանսերեն, հունարեն, գերմաներեն, պորտուգալերեն, սերբերեն և այլն։ Իրանից, Հնդկաստանից ու արաբական շուկաներից էլ բավական հետաքրքրություն կա։ Բայց, իհարկե, հընթացս անընդհատ նոր երկրների հետ ենք բանակցում, և առաջիկայում արդյունքը կերևա։ Ի դեպ, այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում հաջորդ տարի ժամանակակից նշանավոր գրող Գուրգեն Խանջյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու ուղղությամբ։

-Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ եք առանձնացնում այս տարվա համար։

-Նախ և առաջ՝ մի շարք գրքեր առաջին անգամ են թարգմանվել նոր լեզուներով, ինչը հաջողություն է նոր շուկաներում հայ գրականությունը ներկայացնելու առումով։ Բացի դա՝ այս տարի մի քանի հայ հեղինակներ հրավիրվել են շնորհանդեսների և միջազգային գրական փառատոների, որոնք կազմակերպվել են օտարերկրյա հրատարակիչների նախաձեռնությամբ։ Օրինակ՝ Հովիկ Աֆյանը իր «Կարմիր» վեպի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսի համար հրավիրվել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի ամենամյա փառատոնին։ Անուշ Սարգսյանը «Անոն» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսի համար հրավիրվել էր Լայպցիգի գրքի միջազգային փառատոն։

Բացի դա՝ Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի միջազգային փառատոնում, որը ամենամեծն է, ներկայացվել են Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան գրքի գերմաներեն թարգմանված առաջին օրինակները, ինչը մեծ հաջողություն էր՝ հաշվի առնելով, որ սա գրքի առաջին թարգմանությունն էր։

Նշանավոր իրադարձություններից էր նաև Առաջին գրական գործակալության հեղինակ Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան–Թուրքիա» գրքի թուրքերեն թարգմանությունն ու Ստամբուլում հեղինակի մասնակցությամբ անցկացված շնորհանդեսը։

— Ինչպե՞ս եք տեսնում հայ գրականության միջազգային ապագան։

-Վստահորեն կարող եմ ասել, որ լավագույնը դեռ առջևում է։ Այսօր արդեն կարողացել ենք հասնել հայ հեղինակների հանդեպ նշանակալից հետաքրքրության, և մեր խնդիրն է՝ այս հետաքրքրությունն ամրապնդելով հասնել համաշխարհային ճանաչման։ Հայ գրականության յուրաքանչյուր նոր թարգմանություն ոչ միայն գրողի հաջողությունն է, այլ նաև Հայաստանի հնարավորությունը՝ էլ ավելի ճանաչելի դառնալու միջազգային մշակութային քարտեզում։ Գրականությունը հաճախ դառնում է երկրների հետ առաջին ծանոթությունը, և այդ ազդեցությունը շատ կարևոր է։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930