ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում պարբերաբար կրկնում է, թե Հայաստանի վերահսկողության տակ 110 քկմ «ադրբեջանական տարածքներ» կան:
Լրագրողներն այսօր հարց ուղղեցին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ի՞նչ «ադրբեջանական» տարածքների մասին է խոսում Ալեն Սիմոնյանը։ «Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովին։ Խոսել մի բանի մասին, որտեղ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը պետք է աշխատի․․․ Կարծում եմ՝ եթե ԱԺ նախագահը թվեր է հրապարակել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր»,- ասաց Պապիկյանը։
Հարցին՝ համաձա՞յն է Փաշինյանի այն հայտարարության հետ, թե «մարտունակ բանակ հասկացությունը պետք է փոխել պաշտպանունակ բանակի», նախարարը պատասխանեց․ «Մարտունակությունն ու պաշտպանունակությունը եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է»։
Հարցին, որ ինքնիշխանությունից խոսող ՔՊ-ի իշխանության տարիներին ՀՀ տարածքի մի մասը Ադրբեջանի կողմից բռնազավթված է, ՔՊ-ի իշխանության օրոք հնարավորություն տեսնո՞ւմ են, որ ՀՀ ինքնիշխան տարածքները կվերականգնվեն, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Իհարկե, տեսնում եմ»։ Հարցին, թե ի՞նչ ճանապարհով, նա պատասխանեց․ «Սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»։
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը չպատասխանեց հարցին, թե վստա՞հ է, որ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանական զորքերը դուրս են գալու ՀՀ տարածքից։
Մանրամասները՝ տեսանյութում
Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որն այսօր դրական եզրակացություն ստացավ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հարցին՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա նախընտրական քայլ չէ, բայց փաստացի 2026 թվականի ընտրություններից առաջ է իշխանությունը պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու նախագծով հանդես գալիս, արդյոք սա տեղավորվո՞ւմ է նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ, Պապիկյանը պատասխանեց․ «Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել։ Այն, ինչ հիմա մենք արել ենք, այսինքն՝ օրենքը հունվարի մեկից ուժի մեջ մտցնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար, եւ դրա մասին խոսակցությունները կայի արդեն նոյեմբերից, դա հունվարի մեկից հետո բանակ գնացողների համար կլիներ անարդար։ Երբ կար հնարավորությունը, հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար, լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի մեկից»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































