«Հիքմեթ Հաջիևը մեզ հավաստիացրեց, որ ընթանում են ակտիվ բանակցություններ»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ նշում եք, որ գերիների հարցը ձեր խմբի համար մեծագույն առաջնահերթություններից է, քննարկում եք, փորձում աշխատել այդ ուղղությամբ և հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինչ-որ փուլում քաղհասարակության ներկայացուցիչների՝ Բաքվում հանդիպումների ընթացքում գերիների ազատ արձակման հարցը կդառնա օրակարգային, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) տնօրեն Նաիրա Սուլթանյանը:
Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջանի այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Այսօր՝ Երևանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար Հայաստանից Բաքու մեկնած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչ քննարկումներ են ունեցել Բաքվում, ինչպես են ընթանում այս ձևաչափով հանդիպումները։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն ի պատասխան մեր հարցի՝ վստահեցրեց․ «Պնդումը, թե գերիների հարցը օրակարգում չէ, կոպտագույն սխալ է։ Այդ հարցը օրակարգում է և′ պաշտոնական բանակցությունների, և′ խոսակցությունների բոլոր մակարդակներով»։
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը՝ շատ քաղաքական ուժերի համար հասկանալի չէ, թե իրենք Բաքվում ինչով են զբաղվում, մանավանդ, որ բավականին մեծ գումար է հատկացվում՝ 17 միլիոն դրամ իրենց՝ Բաքու այցը կազմակերպելու համար և հարցին՝ Բաքու այցելությունից առաջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կազմակերպվե՞լ են, Արեգ Քոչինյանը պատասխանեց․ «Մեր վերլուծական կենտրոնը կազմակերպել է կոնսուլտացիաներ քաղհասարակության, փորձագիտական համայնքի, քաղաքական ուժերի հետ։ Հրավերներն ուղարկել ենք․ ովքեր համաձայնել ու ներկա են գտնվել՝ այդ քննարկումներին մասնակցել են»։
Նաիրա Սուլթանյանը պարզաբանեց՝ երբ թվարկում ենք հասարակություններին հուզող հարցերը, նշում ենք վերադարձի խնդիրը, դատական հայցերի հետքաշման խնդիր, մշակութային ժառանգության խնդիր, բայց քանի որ անսպառ հնարավորություններ չունենք, երկու կողմն էլ որոշում է առաջնահերթությունները․ «Մեր խումբը գերիների վերադարձի հարցն ընտրել է՝ որպես մեծագույն առաջնահերթություն։ Դրա վրա դեռ փորձում ենք աշխատել, հետո՝ կտեսնենք»։
Նա ցավով նշեց, որ շատերը շտապել էին իրենց սոցիալական մեդիաներում հաստատել, որ գերիների հարցը իրենք չեն բարձրացրել․ «Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առաջ ենք բարձրացրել։ Ոչ մի սահմանափակում ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որ մենք այս հարցը չբարձրացնենք։ Արդբեջանական կողմի հետ ուղիղ այս հարցով խոսելը մեզ համար նոր վիճակ էր՝ հատկապես պարոն Հաջիևի առաջ նստած։ Մենք փորձեցինք մեր խոսքը դիվանագիտորեն ձևակերպել և հիմնավորել նրբանկատորեն, որ արդյունքում կողմերի միջև վստահության ու փոխադարձ ընկալման զգացողություն առաջանա, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ ու կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլն մասին, բայց այստեղ ՀՀ իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ վստահեցրեց, որ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Մենք մեր խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունենք, մենք մեր չափը շատ լավ պատկերացնում ենք, այդուհանդերձ, բոլորս համաձայն ենք, որ այս փոքրիկ այցի, հանդիպման, դեմ առ դեմ զրույցների արդյունքում ավելի ենք նպաստում դրական լուծումներին, քան հակառակը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































