ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպում եմ ունեցել Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:
Քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտում նորարարական գործընկերության հուշագրից բխող նոր հնարավորություններին և այդ համատեքստում մեր առաջիկա անելիքներին։
Կարևորել ենք նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը՝ որպես պետության և մասնավոր հատվածի միջև բաց, արդյունավետ և շարունակական երկխոսություն ապահովելու հարթակ։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ձեռք ենք բերել պայմանավորվածություններ՝ համատեղ աշխատանքը շարունակելու և համակարգված մոտեցումներ մշակելու ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։
Բիզնես նախաճաշը կազմակերպվել էր «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, ՆԱԿ-ի և տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները։


















































