ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դիտորդական խումբը խորագույն մտահոգությամբ արձանագրում է վերջին շրջանում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ազատազրկված անձանց մահվան դեպքերը։ Յուրաքանչյուր նման դեպք խիստ զգայուն է ոչ միայն մարդկային և բարոյական տեսանկյունից, այլև պետական հաստատությունների նկատմամբ հանրային վստահության, քրեակատարողական համակարգի արդյունավետության և օրինականության ապահովման տեսանկյունից։
Դիտորդական խումբը շեշտում է, որ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը, Եվրոպական Մարդու Իրավունքների Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները, ինչպես նաև «Քրեակատարողական օրենսգիրքը» պարտադրում են պետությանը ապահովել ազատազրկված անձանց կյանքի, առողջության, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը։ Այս իրավական պարտավորությունները ուժի մեջ են անկախ անձի կարգավիճակից, մեղադրանքից կամ դատավճռից։
Դիտորդական խումբը կարևոր է համարում հետևյալ քայլերի իրականացումը.
1. Անկախ, անաչառ ու ողջամիտ ժամկետում քննություն
Մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պետք է իրականացվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի պահանջներին համապատասխան։
Կարդացեք նաև
2. Թափանցիկ տեղեկատվության ապահովում
Հասարակությանը և մահացած անձանց ընտանիքներին պետք է տրամադրվի պաշտոնական, հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
3. Քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի վերանայում
Պետք է ապահովվի բուժծառայությունների որակի վերահսկողություն՝ համահունչ ՄԱԿ-ի «Նելսոն Մանդելայի կանոններին»։
4. Պատասխանատվության միջոցների կիրառման գնահատում
Հարկ է դիտարկել կարգապահական կամ այլ իրավական պատասխանատվության միջոցներ՝ այն դեպքերում, երբ արձանագրվում են ծառայողական պարտականությունների խախտումներ կամ անփութություն։
Հասարակական դիտորդական խումբը, իր մանդատից բխող հասարակական վերահսկողության շրջանակում, վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակել մոնիթորինգը քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրել օբյեկտիվ տվյալներ և համագործակցել համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով քննության գործընթացի թափանցիկ, իրավաչափ և արդյունավետ իրականացմանը։
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ


















































