«ԿԳՄՍ նախարարության կողմից նոր նախաձեռնություն է իրականացվել, օրենսդրական փոփոխություն, որով հնարավորություն է ընձեռվում ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչեւ 2003թ. շրջանավարտներին ներառվել ուսումնառության պրոցեսներում եւ ստանալ պետական նմուշի ավարտական փաստաթուղթ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
Նրա խոսքով, փոփոխությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարի արդեն հաստատված գործող կարգում. «Կարգը վերականգնման մասին է: Այս կարգում բացառություն է սահմանվել ոչ պետական չհավատարմագրված ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: Նրանք կարող են վերականգնել իրենց ուսանողական իրավունքները, ուսումնառել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերում եւ ստանալ ավարտական փաստաթուղթ: Նախկին իրավակարգավորումներով չհավատարմագրված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին արգելվում էր վերականգնումը, ինչպես նաեւ ուսումնառության հետագա շարունակության համար խոչընդոտ էր հանդիսանում նրանց ոչ պետական նմուշի ավարտական փաստաթուղթը»:
Թե ինչու է 2003 թվականն ընտրվել, այս մասին էլ Լուսինե Գրիգորյանը նշեց. «1999թ ուժի մեջ է մտել Կրթության մասին օրենքը, որում հստակ սահմանվել են կարգավորումներ, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է անցնեն պետական հավատարմագրում, իրավունք ունենան շնորհել այդ պայմանով պետական նմուշի փաստաթուղթ, եւ նույն օրենքում սահմանվել է իրավադրույթ, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը համարվում է միայն հավատարմագրում ունեցող բուհերի պետական նմուշի ավարտական փաստաթուղթը:
Մինչեւ 1999թ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հետխորհրդային երկիր, չուներ Կրթության մասին օրենք, եւ բոլոր կարգավորումներն ավանդաբար գալիս էին խորհրդային տարիներից: 1999 թվականից սկսած՝ մեր երկիրն ունեցավ կրթության իրավահարաբերությունները կարգավորող օրենք, եւ այդ օրենքի համաձայն՝ այսուհետեւ գործում էին ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններ, այլ ընդհանրապես կրթական ծառայություններ մատուցող բոլոր հաստատությունները: 1999-ին օրենքի ընդունումից հետո հավատարմագրման գործընթացները դարձան պարտադիր…»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































