Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տարվա պեղումների արդյունքում, բացի միջնադարյան դամբարանից, բացվեցին նաև ժայռափոր այլ կառույցներ՝ մատուռ, ճգնավորի խուց, տնտեսական նշանակության կառույց և այլն

Նոյեմբեր 24,2025 18:17

Վերջերս ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» (ՊԺԳԿ) ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, հնագետ Մհեր Խեչոյանի ղեկավարությամբ, պեղումներ էր իրականացնում ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում՝ Քասախ գետի կիրճում։

2024 թ․ գետի ձախ ափում բացվել էր միջնադարյան ժայռափոր դամբարան։ Նույն տարվա փետրվարին տարածքում սկսվել էին հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։

Հնագիտական աշխատանքներում համատեղությամբ գործում էր նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) խումբը՝ միջնադարի մասնագետ, պ.գ.թ. Դիաննա Միրիջանյանի գլխավորությամբ։

Այդ աշխատանքներում մասնակցություն են ունեցել ճարտարապետ Նանար Քալանթարյանը, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Այդ տարվա պեղումների արդյունքում, բացի միջնադարյան դամբարանից, բացվեցին նաև ժայռափոր այլ կառույցներ՝ մատուռ, ճգնավորի խուց, տնտեսական նշանակության կառույց և այլն։ Գտնվեցին նաև տարածքի մասին տեղեկություն տվող հնագիտական նյութեր՝ խեցեղեն, ճրագներ, կանթեղներ, գավաթ, մետաղյա և ապակյա առարկաներ, մետաղադրամներ, խաչքարի բեկոր և այլն։ Գտածոները վկայում են՝ հնավայրը գոյություն ունի վաղ միջնադարից։

Տարածքում պեղումները շարունակվեցին նաև 2025 թ․ աշնանը՝ նոյեմբերին։ Քասախի կիրճի այս հատվածը, որն ընկած է միջնադարյան երկու կարևոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի և Սաղմոսավանքի միջև, հարուստ է ժայռափոր հոգևոր կառույցներով։ Այս հատվածում են գտնվում Սուրբ Աստվածածին՝ տեղացիների ասելով Կարմիր վանքի ժայռափոր համալիրը, Գրիգոր Լուսավորչի անապատը, նորահայտ ժայռափոր համալիրը և մի քանի քարայրներ, որոնք նույնպես ժամանակին ծառայել են մարդուն։

Պեղումների վերջին օրը միացա հնագետների թիմին և եղա Քասախի կիրճում։ Վերջին պեղումների ընթացքում բացվել է համալիրի տնտեսական նշանակության քարայր-կացարաններից մեկը, որի վերնամասում ժամանակին ժայռի մեջ ենթադրաբար գործել է հնձանային տեղամաս։

Ներկայացնելով հնավայրը՝ Մ. Խեչոյանն ասաց․ «Մենք հիմա գտնվում ենք Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի վարչական տարածքում՝ Քասախի կիրճի Սերկևիլի ձորի հատվածում։ Այս հատված իջնող ճանապարհն սկսվում է Սերկևիլ կոչվող բնակատեղիում գտնվող ավերակ ամրոցի և եկեղեցու մոտից։ Հնավայրը բացվել է Օհանավան գյուղի բնակիչներից մեկի հողամասում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ։ Քանի որ ծանր տեխնիկայի միջոցով են կատարվել այդ աշխատանքները, որոշակի վնասվել են հնավայրի վերին հատվածները։ Բարեբախտաբար պահպանվել են սրբավայրի եզակի կառույցները՝ ժայռափոր դամբարան, որին կից գտնվում է խորան-աղոթատեղին՝ Սուրբ սեղանով։ Իսկ դեպի հյուսիս-արևելք գտնվում է ճգնավորի խուցը»։

Նշված հատվածում, ըստ հնագետների, վաղ միջնադարյան կառույցներ են։ Ճգնարանից դեպի հյուսիս-արևելք սրբավայրի տնտեսական կառույցներն են եղել, որոնցից հատվածներ նույնպես բացվել են 2024 թ․ կատարած պեղումների արդյունքում։

Ճգնավորի խցի տանիքից ձախ ընկած ժայռափոր հարթակի վրա բացվել է հնձանի հատված։ Իսկ վերջերս տնտեսական նշանակությամբ կառույցի տանիքի հատվածում բացվել են փոքր մակերեսով այլ մանրամասներ՝ հնարավոր է՝ ձեթ կամ գինի ստանալու, կամ կավ հունցելու նպատակով։ Այդ հատվածում ժայռի մեջ փորված են երկու ոչ խոր, շրջանաձև փոսորակներ՝ 70 սմ տրամագծով։ Աջակողմյան փոսորակին կից է 27 սմ տրամագծով, համեմատաբար ավելի խոր փոսորակ, որի եզրի հյուսիսային մի հատված որոշակի վնասված էր։ Այս տարվա պեղումների ընթացքում նույն կենտրոնի վերականգնող Արաքսյա Ալոյանը ամրակայել է փոսորակի վնասված հատվածը։ Բացված հատվածը դեռ ուսումնասիրվում է, հնագետը ենթադրում է՝ փոքր տրամագծով փոսորակում կտավատի կամ խաղողի հումքը ճզմվել է, և մզվածքը լցվել է կից փոսի մեջ։ Փոսորակների հարևանությամբ՝ արևելյան կողմում, կա ևս մեկ փոսորակ, որը կապ ունի հնձանի կիրառության հետ։

Մ. Խեչոյանը տեղեկացրեց նաև․ «Համալիրը ձգվում է դեպի հյուսիս-արևելք, և տարածքում հետազոտություն կատարելիս հայտնաբերել ենք միջնադարյան ճանապարհը, այլ քարայրներ, որոնք լցված են հողով, և եղել են հնավայրի շարունակությունը՝ ձգվելով մինչև Կարմիր վանք – Սուրբ Աստվածածին ժայռափոր սրբատեղի»։ Նա հավելեց նաև՝ կիրճի երկու կողմում կան քարայրային համալիրներ, որոնցում ժամանակին մարդիկ ապրել են, որոշները դարձրել են սրբավայր։ Ամբողջ լանդշաֆտը հարուստ է եկեղեցիներով՝ կանգուն ու կիսավեր։

Հարցին՝ նորահայտ դամբարանը ումն է պատկանել, Մ. Խեչոյանն ասաց․ «Երկու հանգուցյալները եղել են տղամարդիկ․ մարդաբան Հասմիկ Սիմոնյանի ներկայությամբ են իրականացվել պեղումները։ Քանի որ դամբարանը գտնվում է սրբավայրի տարածքում, ուրեմն հանգուցյալները եղել են հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ»։

Դամբարանն ամբողջական փորված է ժայռի մեջ։ Մուտքը հյուսիսային կողմից է, ունի մոտ 2 մ բարձրություն, 1 մ լայնություն։ Վերին հատվածում՝ բարավորից վեր, աղեղնաձև է, իսկ դրանից վեր՝ օդանցքը։ Հանգուցյալների դարձյալ ժայռի մեջ փորված սարկոֆագներն աջ կողմում են։ Մուտքը կամարակապ է․ ձախ կողմում գեղեցիկ խաչաքանդակ կա։ Դամբարանի ձախ կողմում կից է ոչ մեծ չափերով, որոշ քանդակներով Սուրբ խորանը՝ բեմասեղանով, բեմառեջքով։ Սուրբ խորանից ձախ գտնվում է ճգնավորի խուցը։ Այս կառույցն էլ որոշակի վնասվել է տարածքի տիրոջ կողմից հողային աշխատանքներ կատարելիս, սակայն խուցը պահպանվել է։ Բարավորի տակ հնագետները գերան են տեղադրել՝ փլուզումը կանխելու նպատակով։ Մուտքի վերին հատվածի ձախ կողմում խաչաքանդակներով քարեր են։ Տնտեսական կառույցը, որի տանիքին հիշատակված հնձանային մասն է, ժայռափոր, ոչ մեծ չափերով սենյակ է, անցած և այս տարվա պեղումների արդյունքում մեծ մասը արդեն բացվել է։ Այստեղ գտնվել է օջախ-վառարան՝ լավ պահպանված օդամուղով։

Ավարտելով այս տարվա աշխատանքները՝ հնագետները կշարունակեն պեղումներն արդեն հետագայում՝ հավատով, որ նոր բացահայտումներ նույնպես կունենան։

Օրվա վերջում Մհերի հետ այցելեցինք նաև Կարմիր վանքի ժայռափոր համալիր, որը գտնվում է Քասախ գետի ձախափնյա ուղղաձիգ ժայռափոր քարայրներում։ Ըստ 12-րդ դարում այստեղ գրված ձեռագիր հիշատակարանի՝ այն անվանվում է այսպես․ «Յանապատ քարանձավի, որ է մերձ ի վանս Սաղմոսի»։ Նույն հիշատակարանը տեղեկացնում է՝ վանական համալիրը, որտեղ հնարավոր է նաև իջևանատուն է եղել, 12-րդ դարի վերջում հիմնադրել և նրա առաջին առաջնորդն է եղել Հովհաննես Մունջը։ Նա նախապես գործել է Սաղմոսավանքում և եղել է նրա նշանավոր գործիչներից։

Համալիրի քարանձավներից մեկի մեջ կա մի նեղ ու երկար անցք՝ խողովակ, որը տանում է դեպի երկրորդ հարկ։ Աջակողմյան քարանձավներից մեկում կար մի փոսորակ, որը հավանաբար հնձանի համար է։ Ժայռափոր եկեղեցու նեղ մուտքի հյուսիսային պատին Մհերն արձանագրեց, որ խաչեր են քանդակված։

Զոհրաբ Ըռքոյան, ՀԱԻ աշխատակից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930