Լրահոս
Օրվա լրահոսը

«Հ/կ-ական ֆեմինիզմի» պարադոքսները

Նոյեմբեր 25,2025 10:00

Իրական ֆեմինիզմը՝ որպես գաղափարախոսություն եւ պայքար՝ տղամարդկանց եւ կանանց համարժեք իրավունքների համար, ես համարում եմ ողջունելի երեւույթ եւ քաղաքացիական հասարակության կարեւոր դրսեւորում: Կարող եք այդ առումով ինձ ֆեմինիստ անվանել: Բայց, բացի իրական ֆեմինիզմից, կա ծայրահեղ «ձախական», անիմաստ մի ագրեսիա, երբ, օրինակ, կնոջը տրանսպորտում տեղ զիջելը համարվում է վիրավորանք՝ «տղամարդուն չէի՞ր զիջի՝ ուրեմն մեզ տղամարդկանց հավասար չես համարում»:

Կա նաեւ «հ/կ-ական ֆեմինիզմ», երբ կազմակերպություններն արեւմտյան դրամաշնորհներ են ստանում, օրինակ, «գենդերային ապատեղեկատվություն» արձանագրելու համար: Ըստ այդմ, կին նախարարներին եւ կին պատգամավորներին չի կարելի քննադատել: Չնայած պարզ է, որ նրանց քննադատում են իրենց քաղաքական կամ պետական գործունեության, ոչ թե կին լինելու համար:

Բայց երբ «Սրբազան շարժման» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը 5 ամիս մնում է կալանքի տակ ու դրան ավելացվում է եւս 3 ամիս՝ «ահաբեկչության» շինծու մեղադրանքով, ընդ որում՝ տեսակցությունների արգելքով (բացառությամբ քրոջ եւ մոր), դրա մասին կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները ծպտուն անգամ չեն հանում: Ինչո՞ւ: Որովհետեւ Լիդյային պաշտպանելու համար դրամաշնորհ չեն տալիս:

Իսկ ինչո՞ւ չեն տալիս: Որովհետեւ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է: Եվ նրանք, ովքեր համարձակվում են ընդդիմախոսել այդ «բաստիոնի» ճարտարապետի դեմ, Ռուսաստանի գործակալներ են ու Պուտինի լրտեսներ: Կնոջ փաստացի խոշտանգումը, վերեւից հրահանգված «պատժիչ գործողությունները» կալանքի տեսքով՝ այդ «բարձր քաղաքականության» ֆոնին, իհարկե, բացարձակապես անկարեւոր են:

Բայց ես մտածում եմ՝ արդյո՞ք մարդկանց եւ հատկապես՝ կանանց իրավունքները չի՞ կարելի պաշտպանել առանց դրամաշնորհների, որոնք ակնհայտորեն տրվում են ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով: Հնարավոր չէ՞ պաշտպանել կանանց պարզ, մարդկային համերաշխությունից, կարեկցանքից ելնելով: Իհարկե, եթե կանանց որեւէ կազմակերպություն հանդես գա համապատասխան հայտարարությամբ, դժվար թե Փաշինյանը փոխի իր հրահանգը եւ հրաժարվի քաղաքական վրեժխնդրությունից: Բայց համերաշխության նման քայլը կնշանակեր, որ մենք ունենք քաղաքացիական հասարակություն: Ոչ թե պարզապես հ/կ-ներ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930