Օրերս Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ դա իրականություն կդառնա ընտրություններից հետո։ Կարծես թե տարածքների հնարավոր «փոխանակման» մասին հնարավորությունը ևս թողնված է ընտրություններից հետո։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Փաշինյանն աշխարհաքաղաքական գործարք է առաջարկում Թուրքիային և Ադրբեջանին։ «Նա փորձում է հիմնավորել, թե ինչու է այդ երկրներին անհրաժեշտ, որ ինքը շարունակի ղեկավարել երկիրը։ Սահմանադրական փոփոխություններ, անկլավների հարցեր, այսպես կոչված՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկնեցին Ադրբեջան և եկան։ Նա ցույց է տալիս, որ, անկախ հասարակության բացասական տրամադրվածությունից, պատրաստ է այս քայլերին էլ գնալ։ Չզարմանաք, որ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչներին ևս հրավիրեն Հայաստան, կամ ինքը նրանց հետ հանդիպի։ Նա ունի խնդիր՝ ստանալ այդ փաստաթուղթը՝ ստորագրված «Խաղաղության պայմանագիրը», և փորձել կապիտալիզացնել այդ փաստաթուղթը մինչև ընտրությունները։ Սա է Նիկոլ Փաշինյանի մեսիջների հիմնական նպատակը։ Մյուս կողմից՝ եթե սա դիտարկենք ներհայաստանյան զարգացումների համատեքստում, բոլոր կողմերը, որոնք ներգրավված են լինելու առաջիկա ընտրություններում, սկսած նրանցից, ովքեր մասնակցելու են ընտրություններին ու իրական պայքար են տանելու, և վերջացրած նրանցով, ովքեր խանգարելու են իրական ընդդիմությանը՝ հայտարարելով, թե ընտրությունների գնալ պետք չէ, ամեն ինչ որոշված է և այլն, պետք է շատ տրամաբանական հարց տան իրենց՝ այն Հայաստանում, որն այս ուղերձների համատեքստում Նիկոլ Փաշինյանն ուրվագծում է, իրենք տեղ ունե՞ն, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։
Մյուս կողմից՝ փորձագիտական հանրույթը հաճախ կարծիք է հայտնում, որ երբեմն շտապողականություն է նկատվում Ալիևի քայլերում։ Նա էլ ունի՞ մտավախություններ, որ հնարավոր է՝ Փաշինյանը չվերընտրվի 2026 թվականին։ «Երկար ժամանակ պետականորեն խնդիր ունեինք, ադրբեջանցիներին մեծապես ներկայացնում էինք որպես «ոչխարներ», և պետական քարոզչությունն էլ էր դա անում, բայց իրենք այնքան խելք ունեին, որ պատերազմական գործողությունների մենեջմենթը, կառավարումը հանձնեին Թուրքիային, իրենք ունեին այնքան խելք, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին գնային որոշակի աշխարհաքաղաքական գործարքի։ Ադրբեջանում ամենևին էլ «ոչխարներ» չեն նստած։ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները, կարծում եմ, իրենց ևս մտածելու տեղիք է տվել։ Այս իշխանությունը, եթե չունենար Սերժ Սարգսյանի կողմից ժառանգություն թողած ընտրական օրենսգիրքը, չէր կարող վերարտադրվել։ Ադրբեջանում այս ամենը հասկանում են և փորձում են, եթե չասենք մինչև ընտրությունները կամ տարեվերջ ստանալ Տիգրանաշենը, ադրբեջանցիների տեղափոխումն ապահովել Հայաստան, ապա գոնե պարտավորեցնող որոշակի փաստաթղթեր ստանալ Հայաստանից, որ մեր երկրի նոր իշխանությունները խնդիրներ ունենան այդ պարտավորությունները չեղարկելու հետ կապված։ Կարծես սրանով է պայմանավորված Թուրքիայի և առաջին հերթին Ադրբեջանի շտապողականությունը», – եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































