Aravot.am-ը զրուցում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ
–Տիկին Ասատրյան, օրերս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ղազարոս Սարյան. կյանքը և գործը» թեմայով գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկարամյա ռեկտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ղազարոս Մարտիրոսի Սարյանի (1920-1998) ստեղծագործական գործունության ուսումնասիրության հարցերին:
Ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց կոնֆերանսի կազմակերպման գաղափարը:
– Հինգ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին լրացավ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Դեռևս 2020 թվականի տարեսկզբին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը նախաձեռնեց հոկտեմբեր ամսին կազմակերպել հոբելյանական գիտական կոնֆերանս՝ նվիրված Ղազարոս Սարյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրության հարցերին: Եվ մեկնարկեցին նախապատրաստական աշխատանքները: Սակայն 44-օրյա պատերազմը «սրբագրեց» մեր նպատակներն ու անելիքները՝ հոկտեմբերին նախատեսված մեր բոլոր հոբելյանական միջոցառումները չեղարկվեցին կամ հետաձգվեցին: Բնականաբար՝ այդ ողբերգական օրերին հոբելյանական միջոցառում կազմակերպելու ոչ տրամադրություն կար և ոչ էլ իմաստ: Չէ՞ որ «երբ որոտում են թնդանոթները՝ մուսաները լռում են»:
Կարդացեք նաև
Եվ ահավասիկ հինգ տարի անց որոշեցինք իրականացնել մեր մտահղացումը:
– Իսկ ո՞րն է «Ղազարոս Սարյան. կյանքը և գործը» գիտական կոնֆերանսի նպատակը:
– Նախ ասեմ, որ «Ղազարոս Սարյան. կյանքը և գործը» գիտական կոնֆերանսը կազմակերպեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների միության և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ:
Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ նման գիտական կոնֆերանս կազմակերպվեց առաջին անգամ: Այն բացառիկ էր նաև նրանով, որ կոնֆերանսի աշխատանքներին զեկուցումներով հանդես եկան վաստակաշատ գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները:
Գիտական կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել Ղազարոս Սարյանի բազմակողմանի՝ ստեղծագործական, կազմակերպական, մանկավարժական, երաժշտական-հասարակական բեղմնավոր գործունեությունը և բնորոշել նրա տեղն ու դեր հայ երաժշտական արվեստի ու երաժշտական բարձրագույն կրթության ասպարեզում:
Առավոտյան նիստը սկսվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայիս շենքի պատմությունից» բանախոսությամբ, որտեղ ներկայացվեցին շատ կարևոր դրվագներ Սարյան-ռեկտորի գործունեությունից:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը «Ժանրից դուրս․ Ղազարոս Սարյանի «Պասակալյան» և պոլիֆոնիկ մտածողության նոր ուղիներ» թեմայով զեկուցման մեջ քննության առավ կոմպոզիտորի ինքնատիպ ստեղծագործություններից մեկը, որը նվիրված է վաղամեռիկ դստեր՝ Լուսիկի հիշատակին։ Բանախոսի դիտարկմամբ՝ Ղազարոս Սարյանն այս ժանրն ու ձևը վերաիմաստավորել է՝ դասական ավանդույթները հարստացնելով 20-րդ դարի նորագույն երաժշտական տարրերով ու իր սեփական գաղափարներով։ Բանախոսը ներկայացրեց «Պասակալյայի» ստեղծման հանգամանքները, բացահայտեց երաժշտական ոճի առանձնահատկությունները՝ ինտոնացիան, շարադրանքը, ժանրային մոտեցումները, ինքնատիպ ֆակտուրան և շերտային պոլիֆոնիան, որոնք ընդգծում են Սարյանի նորարարական ընկալումը 20-րդ դարի երաժշտության համատեքստում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանի «Արաքսի Սարյան» զեկուցումը նվիրված էր հայ անվանի երաժշտագետ և մանկավարժ, Ղազարոս Սարյանի գաղափարակից և տիկին, Արաքսի Սարյանին, ով առանձնահատուկ դեր է ունեցել Ղազարոս Սարյանի ստեղծագործական կյանքում:
Հայտնի է, որ Ղազարոս Սարյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, և նրա ստեղծագործական դասարանն են ավարտել հետագայում հայ կոմպոզիտորական արվեստում նշանակալի հետք թողած կոմպոզիտորներ: Նրանց թվում է նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որ տարիներ անց դարձավ Կոնսերվատորիայի ռեկտոր: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը «Ղազարոս Սարյանը` Տիգրան Մանսուրյանի սիրելի ուսուցիչը» զեկուցման մեջ բացահայտեց վաստակաշատ Ուսուցչի և խոստումնալից սանի մարդկային ու ստեղծագործական առնչությունները:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Միխայիլ Կոկժաևը ներկայացրեց «Հնչյունագեղանկարչությունը Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյում» զեկուցումը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանի «Ղազարոս Սարյանը նամակներում» զեկուցումը նվիրված էր Ղազարոս Սարյանի հրատարակված նամակներին՝ գրված հիմնականում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին՝ ռազմաճակատից, ինչպես նաև ավելի ուշ շրջանում՝ հասցեագրված հարազատներին, գործընկերներին և տարբեր երկրներում ապրող նշանավոր արվեստագետներին: Դրանց քանակը մեծ չէ. սեղմ շարադրանքով և բովանդակային լայն ընդգրկումով այս նամակներում անկաշկանդ դրսևորվել ու բացահայտվել են Սարյանի ապրած կյանքը, ապագայի իղձերը, ցանկություններն ու երազանքները: Ինչպես նկատեց բանախոսը. «այստեղ կան խոստովանություններ, որոնք օգնում են ավելի ճշգրիտ արժևորել նրա կատարած գործի կշիռն ու չափը: Նամականիում բազմակողմանի դրսևորվում է ներհուն, բարեհոգի, հասարակական խնդիրներով ապրող մտավորականը, որը շարունակ մտածում է օգտակար լինել մարդկանց»:
Առավոտյան նիստը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանի «Ղազարոս Սարյանի նամակագրությունից հայտնի դարձած նրա կենսագրության և ստեղծագործության անհայտ էջեր» բանախոսությամբ, որտեղ 1939-1950 թվականներին Սարյանի կողմից հարազատներին հասցեագրված նամակների հիման վրա ներկայացվեց ապագա կոմպոզիտորի անցած կյանքի դժվարին, դրամատիկական, բայց և հերոսական ճանապարհը՝ նրա, որպես անհատի կայացման ուղին՝ ուսումնառությունը Մոսկվայի երաժշտական ուսումնարանում, ծառայությունը բանակում, մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին և Մոսկվայի կոնսերվատորիայի փայլուն ավարտը: Բանախոսը նկատեց, որ «նամակներից կարելի է ծանոթանալ Ղազարոս Սարյանի կյանքի անհայտ փաստերի, հետաքրքիր դրվագների, նախասիրությունների հետ»:
Երեկոյան նիստում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը հանգամանորեն ներկայացրեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնական ֆոնդի կազմում պահպանվող «Ղազարոս Սարյան» հավաքածուն, նշելով, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի առաջին ղեկավարը եղել է հենց ականավոր նկարչի որդին՝ Ղազարոս Սարյանը: Մ. Սարյանի տուն-թանգարանի ֆոնդային-գնահատող հանձնաժողովի որոշմամբ հիմնական ֆոնդի կազմում ստեղծված «Ղազարոս Սարյան» հավաքածուն ընդգրկում է ոչ միայն կոմպոզիտորի ձեռագիր և տպագիր նոտաները, այլև նրա կյանքն ու գործը լուսաբանող տարբեր լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, ինչպես նաև նրա շքանշաններն ու մեդալները: «Ղազարոս Սարյան» հավաքածուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման հիմնական կենտրոնն է:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչության գլխավոր խմբագիր, «Երաժշտական Հայաստան» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ Գոհար Շագոյանը հանդես եկավ «Սարյանական առնչություններ» զեկուցումով:
Ղազարոս Սարյանի ստեղծագործության կարևոր ուղղություններից է կինոերաժշտությունը: Կոմպոզիտորը երաժշտություն է գրել «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած 8 ֆիլմի համար, այդ թվում՝ «Հովազաձորի գերիները», «Առաջին սիրո երգը» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան), «01-99», «Նրա երազանքը», «Մարտիրոս Սարյան» և այլն՝ հիմնականում համագործակցելով հայ կինոռեժիսորներ Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի հետ: «Ղազարոս Սարյանի կինոերաժշտությունը» զեկուցման մեջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Օլյա Նուրիջանյանը բացահայտեց, որ Ղազարոս Սարյանի շնորհիվ երաժշտությունը ֆիլմում դառնում է հերոսի բնութագիրը, բացահայտում նրա հոգեբանական ենթաշերտը. պատկերային ու հնչյունային շարքերը ստեղծում են հարմոնիկ կոնտրապունկտ: Բանախոսը հետևեց կոմպոզիտորի կինոերաժշտությանը՝ կինոյում 1954 թվականի դեբյուտից մինչև Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստագրական ֆիլմ-էսսեն: Օլյա Նուրիջանյանն ընդգծեց, որ «Ղազարոս Սարյանի երաժշտությամբ ֆիլմերը Հայրենիքի զմայլանք են, գովք, սեր, փառաբանում Երևանին, հիացում է Արարատյան դաշտի խաղողով ու հայոց գինով, ցնծություն՝ համարձակ, երազող, ազնիվ երիտասարդներով»։
«Երաժշտության ազդեցությունը ֆիլմի կառուցվածքի վրա (Ղազարոս Սարյանի ստեղծագործությունների օրինակով)» զեկուցման մեջ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու խոսեց ռեժիսոր Յուրի Երզնկյանի «Հովազաձորի գերիները» կինոնկարի (1956), ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանի «01-99» կինոկատակերգության (1959) և ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» կինոնկարի (1965) վրա Ղ.Սարյանի կինոերաժշտության ազդեցության մասին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Սահակյանը «Ղազարոս Սարյանի «Անդանտե և Պրեստոն» իբրև կոմպոզիտորի երաժշտական ուղու հանրագումար» բանախոսության մեջ քննության առավ Ղազարոս Սարյանի վերջին ստեղծագործության կառուցվածքային առանձնահատկությունները, ներկայացրեց թեմատիկ-ինտոնացիոն ուղիղ և միջնորդավորված աղերսները հեղինակի նախորդ շրջանների երկերից, ձևակառուցողական տրամաբանության, կոմպոզիտորի ձեռագրի բնորոշ երևույթները, որոնք նկատելի են դեռևս վաղ շրջանի գործերից սկսած, որոնք կոնցենտրացված, ամբողջացված են այս երկրում:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանը «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյի օրինակով բացահայտեց սարյանական մեղեդիների ինտոնացիոն ակունքները:
Հայտնի է՝ կոմպոզիտորն ապրում է, քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը: Իսկ այդ հարցում կարևոր դեր ունի կատարողը: Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները իրենց հաստատուն տեղն ունեն հայ կատարողների նվագացանկերում: Հետևաբար՝ զեկուցումներից մեկն էլ նվիրված էր այս հարցի լուսաբանմանը:
Կոնֆերանսը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանի «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերն ու նշանակությունը Ղազարոս Սարյանի ստեղծագործության մեկնաբանման և հանրահռչակման գործում» բանախոսությամբ, որի ավարտին հնչեց Սարյանի «Սիմֆոնիկ պատկերների» ֆինալը:
– Ինչպե՞ս կգնահատեք գիտական կոնֆերանսի արդյունքները:
– «Ղազարոս Սարյան. կյանքը և գործը» թեմայով գիտական կոնֆերանսի արդյունքները դարձան կարևոր քայլ հայ երաժշտագիտության զարգացման գործում:
Առաջիկայում զեկուցումները հոդվածների տեսքով կտպագրվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» գիտական պարբերականում:
Շատ եմ ցավում, որ ժամանակի սղության պատճառով ես ինքս չկարողացա հանդես գալ գիտական զեկուցումով:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ





















































