Փաստերի ստուգման հարթակ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։
Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ արդյոք իրականությանը համապատասխանում է ՀԾԿՀ նախագահի հայտարարությունը, թե «սպառողների հաշվիչների ցուցմունքները» անհետացել են։ Այդ նպատակով FIP.am-ի լրագրողը դիմել է ՀԷՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները։
Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը և ՀԷՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։
Կարդացեք նաև
Փաստացի, բաժանորդը իր տվյալներին հասանելիություն կարողացել է ունենալ և դրանք ամենևին էլ չեն չքացել, ինչպես հարցազրույցում պնդել էր պաշտոնյան։ Սպառողը դիմելու դեպքում կարող է ստանալ իրեն վերաբերող ու հետաքրքրող ինֆորմացիան։
«Կասկադ Էներգո» ընկերության (ՀԷՑ-ին հաշվիչներ սպասարկող ընկերություն է-խմբ․) նախկին տնօրեն Ռոբերտ Կադարյանը, FIP.am-ի խնդրանքով մեկնաբանելով Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությունը «սպառողների հաշվիչների ցուցմունքները» անհետանալու մասին, ասում է՝ ջնջված կամ անհետացած ինֆորմացիան, որի մասին խոսում է Մեսրոպ Մեսրոպյանը, ամբողջովին վերականգնվել է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում հիշողության սերվերի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա հունվարի 2-ին։
ՀԷՑ-ի սերվերները սպասարկելիս կուտակված հսկայական ինֆորմացիան երբեմն տեղափոխում են նոր հիշողության սարքերի վրա: «Հերթական տեղափոխության ժամանակ ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպությունն էլ ծրագրի թարմացում է արել, ինչի արդյունքում համակարգը խափանվել է: Շատ արագ պարզել են խնդիրը, իսկ կորած ամբողջ պետքական ինֆորմացիան՝ վերականգնել: Արդեն հունվարի 5-ին խնդիրը լուծված է եղել, ինֆորմացիան՝ վերականգնված»,- ասում է Կադարյանը։
Չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել հաշվիչների հիշողության սարքերում պահպանվող գրաֆիկները, որոնք, սակայն, բաժանորդի համար, ըստ մասնագետի, 1-3 ամիս անց սովորաբար օգտակար չեն լինում։ Այդ գրաֆիկները, որոնք ցույց են տալիս հոսանքի ծախսը մանրամասնությամբ, սպառողին անհրաժեշտ են լինում 1-3 ամսվա ընթացքում, որպեսզի նա կարողանա բողոքարկել դրանք: Ավելի վաղեմություն ունեցող տվյալի կարիք չեն ունենում։ Հետևաբար, վերականգնվել են 2024 թվականի հոկտեմբերից հետո ընկած ժամանակահատվածի գրաֆիկները։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանում է ուսումնասիրել 2024 թվականի նոյեմբերի էլեկտրաէներգիայի ծախսը նույն տարվա դեկտեմբերի համեմատ, ապա ըստ Կադարյանի, այդ տվյալները կան, և նա կարող է դրանց ծանոթանալ, անհրաժեշտության դեպքում՝ բողոքարկել դրանք։
Ի դեպ, նկատենք, որ ՀԷՑ-ում այս դիպվածի առնչությամբ ներքին ծառայողական քննություն է իրականացվել:
Այսպիսով, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային հեռուստաընկերության եթերում սխալ և ոչ լիարժեք տեղեկություն է տրամադրել՝ չներկայացնելով ամբողջական իրավիճակը, ինչն էլ հանրության շրջանում հուզումների ու բացասական տրամադրությունների պատճառ է հանդիսացել։
Հասմիկ Համբարձումյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































