Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ցուցադրաբար ձերբակալեցին: Այդ օրը քաղաքապետարանի մոտ` իրենց քաղաքապետին պաշտպանելու եկած մարդկանց նկատմամբ էլ են վարույթներ հարուցել: Զրուցել ենք Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:
«Քրեական վարույթ նախաձեռնվեց, որ իրականացվել է զանգվածային անկարգություն, արդարադատությանը միջամտություն` խոչընդոտել են քննչական գործողությունների կատարմանը: Այդ վարույթի մեջ կա ոստիկանի ցուցմունք, որն ասում է՝ ես այս մարդուն տեսա, ինքն ագրեսիվ էր, ոստիկանին հրում էր, գնացի` բերման ենթարկեցի, ձերբակալեցի: Այդ ոստիկանը ստորագրում է, ցուցմունք է տալիս, մենք վերցնում ենք լրատվամիջոցների տեսագրությունը` այդ մարդը բոլորովին այլ տեղ է կանգնած, մոտենում է ոստիկաններին՝ առանց որեւէ բան անելու, ոստիկաններն իներցիայով վերցնում են, դնում մեքենան, բայց տանողները ոչ թե ցուցմունք տվող ոստիկաններն են, այլ Երեւանից բերված կարմիր բերետավորները: Բայց Գյումրու ոստիկանը ցուցմունք տալով, ասում է՝ ես տեսա նրան ամբոխի մեջ, ագրեսիվ էր, բերման ենթարկեցի»,- ասաց փաստաբանը:
Այսինքն, տեսագրությամբ ֆիքսվում է, որ գյումրեցի ոստիկանն ակնհայտ սուտ է խոսում: Հայրապետյանը շեշտում է, որ տեղացի ոստիկանների կողմից ձերբակալված գյումրեցի գրեթե չկա: «Անձանց մեծ մասը բաժին է տարվել հատուկ նշանակության՝ կարմիր բերետավորների կողմից: Տեղական ոստիկաններին երեւի ասել են` արի ցուցմունք տուր, որ տպավորություն ստեղծվի, որ դու կարող էիր անձին ճանաչել: Եվ երկրորդ. մարդկանց տարել լցրել են կաբինետները, եւ որ ոստիկանի կաբինետում այդ մարդը նստած է եղել, այդ ոստիկանն էլ ձերբակալման արձանագրություն է գրել եւ ցուցմունք է տվել: Դա օրենքի խախտում է՝ ՀՀ քրեական դատավարության 109 հոդվածն ասում է․ ձերբակալում իրականացրած անձը կազմում է ձերբակալման արձանագրությունը, այսինքն՝ ձերբակալման արձանագրությունը պետք է կազմի այն անձը, որը ձերբակալել է, այս դեպքում՝ կարմիր բերետավորները: Այնինչ իրենք բերման են ենթարկել, իսկ արդեն մեկ այլ ոստիկան կազմել է արձանագրությունն ու ցուցմունք տվել»:
Տնային կալանք ու կալանք ստացած անձանց թիվը 45-ն է՝ ասում է փաստաբանը եւ շեշտում՝ այդքան ազատությունից զրկված մարդիկ կան: «Շատ մարդիկ այդտեղ պարզապես ներկա են գտնվել, մարդիկ կան, որ հետաքրքրությունից դրդված՝ եկել են տեսնելու, թե ինչ է կատարվում: Ի վերջո, տեսնում են, որ քաղաքապետարանի մոտ ինչ-որ աժիոտաժ կա, ի դեպ, աժիոտաժն էլ ապահովել է ոստիկանների այդքան մեծաքանակ լինելը: Ով եկել, դիմացները կանգնել է կամ ով փորձել է խնդրել, որ ընկերոջը բերման չենթարկեն, իներցիայի ուժով բոլորին տարել են եւ սկսել են ցուցմունքներ նկարել:
Կարդացեք նաև
Ես կարծում եմ, որ չէր կարելի ամեն երեխայի բերման ենթարկել, նույնիսկ ծերունու՝ 70-ն անց, բերման են ենթարկել»,- ասում է փաստաբանը:
Անգամ դեպք է եղել, որ Սայաթ-Նովայի փողոցում ոստիկանները կանգնեցրել են, այնինչ այդ փողոցը քաղաքապետարանից բավականին հեռու է, ասել են՝ ոնց որ թե դու ցույցի ես գնում, ու տարել են կալանքի:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































