Գյումրու՝ «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության տնային կալանքի ենթարկված ֆերմեր Տիգրան Ավագյանի մանդատը վերցրած Արտյոմ Արտուշի Մկրտչյանը ևս վայր է դրել այն։
Նա ուրբաթ օրը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել․ համայնքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի արձանագրությունն ուղարկվել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
Հանձնաժողովը վաղը նիստ կգումարի ու մանդատը կփոխանցի «Կոմունիստական կուսակցության» ցուցակի հաջորդ համարին՝ Սիրանուշ Մելիքյանին։
Այս մասին մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ մանդատը վերցրած Արտուշ Մկրտչյանը, ըստ ՏԻՄ օրենքի 18 հոդվածի, իրավունք չունի և՛ պաշտոնավարել համայնքապետարանում, և՛ լինել ավագանու անդամ, հետևաբար և նա որոշել է հրաժարվել մանդատից։
Նույնը խնդիրը կա նաև Սիրանուշ Մելիքյանի դեպքում․ Գյումրու համայնքապետարանից ճշտեցինք, որ նա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գործավարն է։ Նա ևս պիտի ընտրություն կատարի մանդատի ու աշխատանքի միջև։
Եվ մինչ մոտ երկու ամիս է՝ բանտարկված կոմունիստները հրաժարվում են մանդատներից․ մեկը վայր է դնում, մյուսը վերցնում է․ կոմունիստներից արդեն 4 հոգի մանդատից հրաժարվել են, Գյումրու ավագանին նիստեր դեռ չի գումարում։ Առաջիկայում պիտի արտահերթ նիստ գումարվեր, սակայն օրը դեռ հայտնի չէ։
Նախորդ ավագանու նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով․ 14 մանդատ ունեցող ՔՊ-ականները չէին եկել նիստին, իսկ 19 մանդատ ունեցող ընդդիմադիրները վերադասավորումների մեջ են․ մեկ ձայն պակասում էր, որ քվորում ապահովվեր ու նիստը կայանար։
Եթե երեք ամսվա ընթացքում նիստեր չկայանան, ավագանին օրենքի ուժով կլուծարվի,այս դեպքում Գյումրիում ընդդիմադիրները կկորցնեն իշխանությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































